«ԳԻՆԻ Է, ԹԱՆ ՉԷ, ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆ ՉԷ»

«ԳԻՆԻ Է, ԹԱՆ ՉԷ, ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆ ՉԷ»

2951

Գինին համարվում է աշխարհի ամենահայտնի խմիչքներից մեկը։ Մարդիկ գինեգործությամբ դեռևս վաղ ժամանակներից են զբաղվում։ Հին ժամանակներում գինին սկզբում տանտերն էր ըմպում, որպեսզի հյուրերը համոզվեն, որ խմիչքը թունավոր չէ։ Եվ այստեղից էլ առաջացել է «Խմել առողջության համար» արտահայտությունը։ Գինիները լինում են կարմիր, վարդագույն, սպիտակ։ Դրանք բաժանվում են նաև կիսաքաղցր, կիսաչոր և չոր տեսակների։ Նման բաժանումը պայմանավորված է շաքարայնության տոկոսով։

Կիսաքաղցր, կիսաչոր գինիները համարվում են դեսերտային, դրանք մատուցվում են քաղցրեղենի, մրգերի քաղցր-թթու սոուսներով մսային թեթև ճաշատեսակների հետ։ Մսային ուտելիքների հետ ընդունված է կարմիր անապակ գինի մատուցել, ձկան և թռչնամսի հետ` սպիտակ անապակ գինի։ Վարդագույն գինին սառն են մատուցում, այն համարվում է ամառային, «ծովափնյա» թեթև խմիչք։

Վաղեմի ժամանակներից ընդունված է համարել, որ Հայկական լեռնաշխարհը գինեգործության հայրենիքն է. աշխարհում առաջին գինին պատրաստվել է Հայաստանում ավելի քան 4000 տարի առաջ։ Գինեգործության  պատմությունը Հայաստանում նույնքան հին է, որքան խաղողագործությունը։  Գինեգործության հիմնական շրջաններն են Արարատի, Վայոց ձորի, Արմավիրի, Սյունիքի և Արագածոտնի մարզերը։ Այսօր Հայաստանում 17.3 հազար հա  խաղողի այգիներ կան, աճեցվում են  մոտ 400 տեղական սորտեր, որոնցից 30 սպիտակ և 25 կարմիր սորտեր են: Հայաստանը ակտիվորեն որոնում և հաջողությամբ գտնում է ազգային սորտեր, դրանցից առավել հայտնի են Արենին  կամ Ոսկեհատը:

Այսօր, համաձայն հայ գինեգործների Միության տվյալների, Հայաստանում ավելի քան 55 գինեգործ ընկերություն արտադրում է 100 տեսակից ավել գինիներ: Նշանավոր են Ավշարի, Աշտարակի, Արենու  գինու գործարանները։

Ամեն տարի` հոկտեմբերի առաջին շաբաթ օրն Արենի գյուղում նշվում է գինու ամենամյա փառատոնը:

Արենի գյուղի համայնքապետ Հուսիկ Սահակյանը նշում է․ «Յուրաքանչյուր միջացառում ունի իր նպատակը։ Մեր նպատակը մեկն էր՝ կարողանանք մեր գինին, մեր արտադրանքը, գյուղացու բերքն ու բարիքը ցուցադրել բոլորի առջև։ Արդյունքները բավականին գոհացուցիչ են, որովհետև գինու փառատոնից հետո Արենի տեսակի խաղողից ստացված գինին շատ մեծ պահանջարկ ունեցավ ամբողջ աշխարհում։ 2009 թվականը  սկիզբն էր գինու փառատոնի։ Բնականաբար մարդիկ թերահավատորեն էին մոտենում փառատոնի կազմակերպման գաղափարին։ Ես ինքս եմ ներդրում ունեցել միջոցառման կազմակերպմանը, և  բոլորս համատեղ ուժերով դրեցինք փառատոնի սկիզբը»:

Փառատոնի շրջանականերում կայացող իրադարձություններին մասնակցում են ինչպես բազմաթիվ հյուրեր և զբոսաշրջիկներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միջոցառման հյուրեր են լինում միջազգային գինեգետները և ճանաչված մի շարք ռուսաստանյան սննդային բլոգերներ:

Պրն․ Սահակյանը հավելեց նաև. «Մթերման հետ խնդիրներ չեն առաջացել։ Միայն գնի հետ կապված խնդիրներ կային։ Արենի տեսակի խաղողը անցած տարի մթերել են 300 դրամով, բայց այս տարի 265 դրամով։ Գյուղացիների կողմից բնականաբար բացասական արձագանք ստացանք։ Բողոքը իսկապես տեղին էր, քանի որ անցած տարվա համեմատ վառելիքը, պարարտանյութը, բուժանյութերը նույնպես թանկացել են, բայց Արենի տեսակի խաղողը անհասկանալի պատճառներով էժանացել է»։

Բացի գինու գործարաններից, հայերը Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում պատրաստում են տնական գինի։ Ելփին գյուղի բնակիչ Գևորգը ասում է, որ ավելի ձեռնտու է տան պայմաններում գինի պատրաստել և վաճառել։ Իր խոսքով` դա ավելի թանկ է, քան խաղողը գինու գործարան հանձնելը. «Սպիտակ գինու համար սպիտակ խաղող է պետք, իսկ կարմիր գինու համար` սև։ Հարկավոր է խաղողը լցնել մի ահռելի մեծ տարայի մեջ,  ճզմել խաղողն այնքան, մինչև ամբողջ հյութը միջից դուրս գա։ Հյութը լցնել տակառների մեջ, 3-4 օրը մեկ քամել նստվածքից, մինչև այն դադարի «եփվել»:  Արդեն զտված գինին պետք է լցնել շշերի մեջ և տաք ու չոր տեղում պահել։ Ահա և գինին պատրաստ է»:

 

Մերի Միքայելյան

2-րդ կուրս

Կիսվել