«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐԵԼԸ ՆՄԱՆ Է ՆՐԱՆ ՊԱՂՊԱՂԱԿ ՆՎԻՐԵԼՈՒՆ, ՍՆՈՒՑԵԼՈՒՆ, ՈՐՈՎ ՆԱ ՊԵՏՔ...

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐԵԼԸ ՆՄԱՆ Է ՆՐԱՆ ՊԱՂՊԱՂԱԿ ՆՎԻՐԵԼՈՒՆ, ՍՆՈՒՑԵԼՈՒՆ, ՈՐՈՎ ՆԱ ՊԵՏՔ Է ՄԵԾԱՆԱ»

1306

«Յուրաքանչյուրիս ներսում էլ երևի քնած է մի չարաճճի, միամիտ, նեղացկոտ, անմեղ ու մեղավոր երեխա, որ երբեմն-երբեմն ծիկրակում է ու ասում՝ ես կա՜մ, ես կա՜մ»։

Նոր Նորքի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ամերիկահայ գրող, մանկագիր Հելեն-Հեղնար Ավագյանի  «Արևներ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի  շնորհանդեսը․ «Ինձ համար յուրաքանչյուր գրքի ծնունդ բերկրանք է, հրավառություն, բայց այսօր իմ մանկական առաջին գիրքը՝ «Արևները»  հաստատեց, որ սա մեկ ուրիշ տոն է։ Կարծում եմ, որ այս տիրույթում գտա ինձ»։

Միջոցառման բացմանն անհատական ելույթներով հանդես եկան թիվ 134 դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանի աշակերտները՝ ներկայացնելով ժողովածուի տարբեր բանաստեղծություններ։

Այդ օրը տարեցների տոնի առթիվ թիվ 100 մանկապարտեզի սաները շնորհավորեցին ներկաներին։ Մանկապարտեզի մանկավարժի խնդրանքով՝ Հելեն Ավագյանը հայրիկներին նվիրված բանաստեղծություններ է գրել, որոնք էլ հնչեցին մանուկների ներկայացմամբ։

Հայաստանի գրողների միության անդամ, գրականագետ Աբգար Ափինյանն իր ելույթում  անդրադարձ կատարեց տարբեր ժամանակների գրականությանն ու ցավով նշեց, որ այսօր այն կորցրել է իր արժեքը՝տեղ տալով նոր սերնդի ինքնահռչակներին, ովքեր իրենց գրող են անվանում. «Ցավոք, այսօր գրականություն  մուտք գործած ինքնակոչ գրողները պիտակավորում են իրական արժեքները։ Երեխաները պահանջկոտ են և պետք է նոր ստեղծածով հրապուրվեն։ Ես ուրախ եմ, որ ի հակադրություն նրանց՝ իմ գրչակից ընկերներից մեկը՝ Հելենը, ինձ կարողանում է գոհացնել»։

Հայաստանի գրողների միության անդամ, լրագրող Հովհաննես Պապիկյանն էլ, անդրադառնալով դաստիարակության խնդրին, նշեց, որ երեխայի հետ պետք է դեռևս հիմքից աշխատել՝ ծնունդից սկսած․­ «Մենք անճաշակությունները լցնում ենք երեխաների ուղեղ ու նեղանում երիտասարդների տգիտությունից․պետք է նրանց հետ հիմքից աշխատել՝զերծ պահելով անբովանդակ ու ամեն տեսակի ռաբիզություններից»։

Շնորհադեսին ներկա էր նաև մանկագիր Ռոզա Վարդանյանը,ով իր հեղինակած «Վարդուհու զատիկը» գիրքը նվիրեց երեխաներին։

Միջոցառման ավարտին Ֆրանսիայի «Մաշտոցյան տառեր» միության կողմից Հելեն Ավագյանը ստացավ պատվոգիր ՝ «Արևներ» մանկական գրքի լույսընծայման և մանկական գրականության մեջ ներդրած ավանդի համար։

Տիկին Հելենը բնակվում է հայրենիքից հեռու և ասում է, որ ստեղծագործելու երկու ներշնչանքի աղբյուր ունի՝ հայրենիքն ու մանուկները։

Անուշիկ Յոլչինյան

3-րդ կուրս

 

 

Կիսվել