ՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ

ՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ

2630

Մինչև նոյեմբերի 14-ը Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում կանցկացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագիրը կրող ցուցահանդեսը, որում առաջին անգամ ներկայացվում են նկարչի փարիզյան շրջանի «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից հայտնի «Գազելներ» կտավները։ Ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 19-ին և նվիրված էր Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։

Ըստ Ի. Ս. Շչուկինի հարուստ հավաքածուի և «Ոսկե գեղմ» ամսագրի ցուցահանդեսների՝ Սարյանը ստեղծագործության առաջին շրջանում ծանոթացել է ֆրանսիական նորագույն շրջանի գեղանկարչությանը, ավելի համոզվել իր ստեղծագործական որոնումների մեջ։ Այդ տարիներին, հրաժարվելով ավանդական մտածելակերպից, մեծն վարպետը ստեղծել է արվեստի այնպիսի գլուխգործոցներ, որոնք բնութագրել են իր ինքնատիպությունն ու նորարարական ոճը։ Եվ պատահական չէ , որ ժամանակի առաջադեմ մտավորականությունն այն անվանել է «սարյանական»։

Սարյանը «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» նկարը ստեղծել է 1927 թ.Փարիզում: 1928 թ. «Ժիրար» պատկերասրահում այն ներկայացվել է ցուցադրության՝ Մ.Սարյանի մոտ քառասուն այլ ստեղծագործությունների հետ։ Այդտեղ ցուցադրված աշխատանքները հայրենիք տեղափոխող «Ֆրիժի» նավի վրա հրդեհ է առաջացել, այրվել նկարների մեծ մասը։ Իսկ «Կովկասյան քաղաքի փողոց»-ը կորած էր համարվում։ Ինչպես նշեց Սարյանի թոռնուհի, տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը՝ մինչև 2011 թվականը նկարի մասին որևէ տեղեկություն չունեին։ Եվ հանկարծ նամակ է ստանում Նոր Զելանդիայից , որում նամակի հեղինակը գրել էր, որ նկարը պահվում է իրենց տանը և շատ բարձր գին էր առաջարկում։ Թանգարանը և ՀՀ մշակույթի նախարարությունը չունեին բավականաչափ ֆինանսական միջոցներ նկարը գնելու համար։ Նկարը Լոնդոնի «MacDougall» կենտրոնում հանվեց աճուրդի։ Թանգարանի տնօրենը, իմանալով այդ մասին, մեկնեց Լոնդոն նկարն անձամբ տեսնելու համար։ Փորձեց բարերարներ գտնել, բայց ապարդյուն։

Նկարը 324 հազար ֆունտ ստեռլինգով (361 հազար 697 եվրո) գնեց մի մոսկվաբնակ, ով ևս նկարը աճուրդի հանեց։ Բարեբախտաբար այն գնեց մոսկվաբնակ հայ գործարար, արվեստի հավաքող՝ Արթուր Դանելյանը, ով Ռուզաննա Սարյանի խնդրանքով նկարը տրամադրեց Սարյան տուն-թանգարանին՝ «Սարյանը և Ֆրանսիան» ցուցահանդեսում ներկայացնելու նպատակով:

Գայանե Հարոյան

3-րդ կուրս

Կիսվել