74-ԱՄՅԱ ՀԱՍՄԻԿ ՏԱՏԸ ` ՍԵԼՖԻԻ ՍԻՐԱՀԱՐ. ՍԵԼՖԻՆ ԶԲԱՂՄՈՒՆՔ ԹԵ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

74-ԱՄՅԱ ՀԱՍՄԻԿ ՏԱՏԸ ` ՍԵԼՖԻԻ ՍԻՐԱՀԱՐ. ՍԵԼՖԻՆ ԶԲԱՂՄՈՒՆՔ ԹԵ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

918

Տանը, դրսում, համալսարանում, փողոցում և ամենուր կարելի է հանդիպել ինքնանկար կամ ինչպես հայտնի է սելֆի անող մարդկանց: Իսկ ի՞նչ պատմություն ունի սելֆին: Պարզվում է ինքնանկարը բավականին խոր արմատներ ունի:

1839 թվականին Ամերիկյան լուսանկարչության պիոներ Ռոբերտ Կոռներլիուսը ստեղծեց ինքն իր դագերոտիպը: Իսկ 1900 թվականին Ռուսական արքայադուստր Անաստասիա Ռոմանովան դարձավ առաջին ինքնանկար անող աղջիկը աշխարհում: Սելֆի բառը շրջանառության մեջ դրվեց 2002 թվականին: Մեծ տարածում գտնելով ամբողջ աշխարհում` մուտք գործեց մարդու կենսագործունեության ոլորտները: Հայաստանն ու հայ երիտասարդները նույնպես անմասն չմնացին սելֆի անելուց:

21 -ամյա Սոնա Հակոբյանը նշում է, որ սելֆին դարձել է իր առօրյայի անբաժան մասը: Ազատ ժամանակ միշտ սելֆի է անում: Նրա պնդմամբ սելֆին անհրաժեշտ է իր ինստագրամի էջը թարմացնելու համար:

Երիտասարդներից շատերի համար սելֆին առօրյա զբաղմունք է, զվարճանալու միջոց. «Սելֆին ինձ համար զուտ զբաղմունք է, կախված է տրամադրությունից, հնարավոր է 2-3 անգամ սելֆի անեմ, հնարավոր է ընդհանրապես չանեմ» – ասաց 17-ամյա  Արմինե Ասլանյանը: Սակայն այսօր սելֆի են անում ոչ միայն երիտասարդները, այլև ծերերը. 74-ամյա Հասմիկ տատը նույնպես ունի ինքնանկարներ: Նա նշում է, որ իր թոռնուհիները հաճախ են իր հետ սելֆի անում. «Ինձ հետ սելֆի շատ են անում, ես էլ ուզում եմ ինձ հետ նկարվեն, որ մահանալուց հետո քարիս սիրուն նկար լինի» – կատակում է Հասմիկ տատը:

Ըստ Հոգեբանների` այս երևույթի հաջողությունը և տարածվածությունը այն է, որ մարդիկ նկարվելիս կարողանում են կառավարել իրենց լուսանկարը: Մարդը կարողանում է ընտրել իրեն հարմար դիրքը, որով լուսանկարները գեղեցիկ են ստացվում: Սելֆին թույլ է տալիս մարդկանց նկարվել որքան կցանկանան: Շատ դեպքերում սելֆիամոլությունը հասնում է նարցիսիսզմի՝ սերը սեփական անձի նկատմամբ, իսկ այդպիսի դեպքեր արդեն աշխարհում եղել են: Մասնագետների կարծիքով` օրական 3 լուսանկար անելը, թեկուզ եթե դրանք չեն հայտնվում համացանցում, արդեն իսկ սելֆիամոլության նախանշաններ են:

Հոգեբան Լիլիթ Եղիազարյանը նշում է, որ սելֆի անելու մեջ որևէ վատ բան չկա, սակայն չպիտի սելֆի անելը դառնա մոլուցք. «Ես ոչ մի վատ երևույթ չեմ տեսնում սելֆի անելու մեջ, մարդը կարող է նկարվել և դա նորմալ է, այլ խնդիր է թե ի՞նչ հաճախականությամբ է անձը սելֆի անում, և հատկապես ինչի համար է անում: Օրինակ` մարդիկ կան, ովքեր, արթնանալով քնից, սելֆի են անում անկողնում, հետո նախաճաշելիս, աշխատանքի գնալիս, աշխատավայրում և այդպես շարունակ. սա արդեն հիվանդություն է, քանի որ մարդու համար նպատակ է դառնում սելֆին: Այս եղանակով մարդը փորձում է ցույց տալ, որ իր մոտ ամեն ինչ լավ է, սոցցանցերում տարաբնույթ նկարներ տեղադրելով փորձում է ընդգծել իր առավելությունները»:

 

Մարիամ Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել