«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴՊՐՈՑԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԽԻՍՏ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է». ՀՈԳԵԲԱՆ ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴՊՐՈՑԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԽԻՍՏ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է». ՀՈԳԵԲԱՆ ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1354

«Հոգեբանական աջակցման կենտրոնի» ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը խոսոում է համացանցային «իրականության» վտանգների, դպրոցականի՝ դպրոցի հանդեպ հակակրանքի դրդապատճառների և շատ այլ կարևոր հարցերի մասին:

– Հասարակության մեջ դեռ կա՞ այն կարծրատիպը, երբ հոգեբանին դիմելն «ամոթ» է:

– Ներկայիս ժամանակաշրջանում հոգեբանին դիմելու խնդիրն աստիճանաբար հաղթահարվել է: Մեծաթիվ մարդկանց համար ընդունելի և հասկանալի է, որ հոգեբանի կարող է դիմել ցանկացած մարդ՝ ցանկացած խնդրի դեպքում, երբ կան դժվարություններ, որոնք մարդն առանց հոգեբանի միջամտության հաղթահարել չի կարող: Ասինքն՝ արդեն իսկ հատուկ վերաբերմունք է ձևավորվել հոգեբանի նկատմամբ, և նախկին վախը, կարծրատիպը կարծես կոտրվել է: Իհարկե, դեռ կան մարդիկ, որոնց մոտ դեռ պահպանվել են մտավախություններ, մտածողության սխալ, կարծրատիպային ձևեր, որ հոգեբանին դիմելու դեպքում իրեն շրջապատում սխալ կհասկանան, չեն ընկալի։

– Որոնք են այն հաճախ հանդիպող գանգատները, որոնցով դիմում են Ձեզ։

– Խնդիրները, որով դիմում են, բազմազան են, սակայն, եթե փորձեմ առանձնացնել ըստ դասակարգման չափանիշի, դրանք են՝ ընտանեկան և զույգային կոնֆլիկտները, նևրոզները և տագնապային խանգարումները:

– Համացանցն ու համակարգչային խաղերը երեխաների կյանքում կարծես թե եկել են փոխարինելու մանկության խաղերին ու բակերում միասին խաղալուն: Ինչպիսի՞ վտանգների դա կարող է հանգեցնել: Ինչպիսի՞ հասարակություն է մեծանում:

– Փորձը ցույց է տալիս, որ հասարակության տարբեր ժամանակաշրջաններում միշտ մեծերը բողոքել և մտահոգվել են, որ մեր երեխաները և երիտասարդները շատ են փոխվել, դարձել են ավելի վատը։ Հիմա էլ նույն բանն են ասում, և լսում ենք նույն մտահոգությունները: Սակայն ես իմ դիտարկումներն անում եմ մասնագիտական մոտեցումներով և կարող եմ ասել, որ մեր նոր սերունդը շատ ավելի մտածող է, ճկուն, ինքնավերլուծող, արագ կողմնորոշվող, ընդունում են և գիտակցում են իրենց անհատականությունը, պահանջները, և ամենակարևորը՝ գիտեն ինչպես հասնել իրենց նպատակներին:

– Շատ հաճախ երեխաները կամակորություն են անում և չեն ցանկանում դպրոց գնալ։ Ի՞նչ անել, որպեսզի երեխան սիրով հաճախի դպրոց:

– Դպրոցը երեխայի սոցիալիզացիայի կարևորագույն ինստիտուտներից մեկն է, իսկ սոցիալիզացիան արդեն իսկ այն է, երբ մարդն իր բնական, սպոնտան պահանջները ենթարկում է որոշակի վերահսկողության: Դպրոց հատկապես այն երեխաներն են դժվար հաճախում, ովքեր և՛ ակադեմիական, և՛ միջանձնային պահանջներին դժվար են հարմարվում: Դպրոցում է, որ երեխան առաջին անգամ տանից դուրս հանդիպում է օրենքների, նորմերի, ինչ-որ բան պարտադիր կերպով սովորելուն:
Բացի այդ, երեխան առաջին անգամ գնահատվում է՝ գնահատական է ստանում, և կախված այն հանգամանքից, թե ինչպես է ուսուցիչը գնահատականը հասցնում այդ երեխային, դա կարող է մեծապես ազդել նաև ինքնագնահատման վրա: Երեխայի համար դպրոցը նաև ինքնաճանաչման դաշտ է, երեխաները շփվում են հասակակիցների հետ, ստանում են համապատասխան վերաբերմունք, շատերը հայտնվում են ճնշվողի, երկրորդականի դերում: Սա է պատճառը, որ դպրոցը շատ երեխաների համար դառնում է դժվարություն, քանի որ երեխան զրկվում է իր ազատությունից, ժամանակը տնօրինելու հնարավորությունից:

– Ինչպիսի՞ն պետք է լինեն դպրոցական ծրագրերը:

– Ժամանակակից դպրոցական ծրագրերը պետք է ապահովեն և՛ հոգեբանական, և՛ ուսուցման նկատմամբ հետաքրքրությունների խթանման նյութական հագեցված միջավայր, այսինքն՝ երեխան պետք է ունենա ինքնադրսևորման բոլոր հնարավորությունները: Ժամանակակից դպրոցի թերություններից մեկը ծրագրային խիստ ծանրաբեռնվածությունն է, այսինքն՝ հաշվի առնված չէ, որ երեխան ուսուցումից դուրս ունի խաղալու, զբոսնելու, ժամանակը տնօրինելու պահանջներ:

– Ինչո՞ւ է երեխան ստում: Եվ ո՞րն է ստի և հորինվածի սահմանը:

– Երեխաների սուտը կարող է ունենալ տարբեր դրդապատճառներ: Երեխան կարող է ստել, երբ ունի մտավախություն, որ իրեն կպատժեն, կարգելեն, ճիշտ չեն հասկանա, իր նպատակին չի կարող հասնել: Սուտը, որպես կանոն, ունի ինքնապաշտպանական բնույթ: Երեխան կարող է հորինել պատմություններ, որտեղ ինքը հաղթող է, ամենակարող է: Սա ուղղված է նրան, որ արժանանա ուշադրության, կամ այդկերպ իրական կյանքի անհաջողություններին լուծում տա՝ բավարարելով կարևորության զգացումը:
Հորինվածքը, ի տարբերություն ստի, բացի ինքնապաշտպանությունից, կարող է ունենալ ստեղծագործական բնույթ: Երեխան կարող է հորինել ոտանավորներ, պատմություններ, հեքիաթներ, որն արտահայտում է կյանքի մասին իր մոտեցումները, դատողություններն ու վերաբերմունքը:

– Հոգեբանները հոգեբանի կարիք ունենո՞ւմ են:

– Ինչպես և բոլոր մարդիկ, այնպես էլ հոգեբանները, հոգեբանի կարիք միշտ ունենում են: Եվ այն հոգեբանները, ովքեր չեն աշխատում հոգեբանների հետ, մասնագիտական սխալ ճանապարհով են գնում, ունենում են հուզական այրում:

 

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ավագյանի

3-րդ կուրս

 

Կիսվել