ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍՆԻԿՆԵՐԸ…

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍՆԻԿՆԵՐԸ…

1302

ԵՊՀ  Մշակույթի կենտրոնը  ստեղծվել է  2006 թվականի հունիսի 6-ին` գիտական խորհրդի նախաձեռնությամբ: Կենտրոնի դռները բաց են Պետական համալսարանի այն ուսանողների համար, ովքեր կհաղթահարեն մրցույթ-ստուգատեսը։ Այն ամեն տարի անցկացվում է սեպտեմբեր ամսվա վերջին և հոկտեմբերի սկզբին՝ առաջին կուրսեցիների համար: Ուսանողներին հուզող հարցերին կպատասխանի Երևանի Պետական Համալսարանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Ի՞նչ  սկզբունքով  են  ուսանողները  ներգրավվում  խմբակում:

-Սկզբունքը այսպիսին է. մենք ամեն տարի՝ սեպտեմբեր ամսից, հայտարարություն ենք անում և մեկ ամիս հետո՝ մոտավորապես հոկտեմբերի սկզբին անցկացվում է մրցույթ–ստուգատես: Ուսանողները ներկայացնում են բանաստեղծություն, երգ. իրենց առաջադրվում է երաժշտություն, որի տակ իրենք պետք է պարեն, և էտյուդ: Այս առաջադրանքներից հետո ընտրվում են լավագույն ուսանողները, դառնում են մեր թատրոն-ստուդիայի անդամ: Շատ կարևոր է, որպեսզի ես ընտրեմ մտածող մարդ, ինձ համար դա առաջնային խնդիր է:

Տասնմեկ տարիների ընթացքում ի՞նչ ներկայացումներ եք բեմադրել և ի՞նչ  հաջողություններ  եք ունեցել :

-Մինչև մշակույթի կենտրոնի ստեղծումը  թատրոն-ստուդիան արդեն մեկ տարի է կար: Երկրորդ տարում մենք մասնակցեցինք «Հայ ֆեստ» միջազգային փառատոնին, որին մասնակցում էին 46 երկրներից թատերական պրոֆեսիոնալ խմբեր: Ես արել էի երկու ներկայացում՝. «Հե´յ, ո°վ կա…» և Դեմիրճյանի «Քաջ նազարը»: Հետաքրքիր էր՝ ուսանողական թատրոնը կընդգրկվի՞ պրոֆեսիոնալ թատրոնների համար նախատեսված միջազգային փառատոնի ցանկի մեջ: Արթուր Ղուկասյանը, ով հիմա էլ Հայ Ֆեստի նախագահն է,  ինձ զանգահարեց  և ասաց, որ մենք  անցել ենք: Պիտի նշեմ, քանի որ միջազգային փառատոն էր, մենք որոշեցինք . «Հե´յ, ո°վ կա…» խաղալ անգլերեն լեզվով. դա տեղի է ունեցել Գաբրիել Սուդուկյանի թատրոնի բեմում: Հետո մենք մասնակցել ենք «Արտ Ֆեստ» հանրապետական փառատոնին: Մեր ցուցակը ներկայացնում էր Աղասի Այվազյանի՝ չորս պատմվածքների հիմքի վրա գրված բեմադրությունը: Մենք ստացանք հատուկ մրցանակ` «Ոսկե արձանիկ»: Երբ ներկայացրինք Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», ստացանք  լրագրողների համակրանքը: Անցյալ տարի  արդեն «Արտ Ֆեստը» դարձավ  միջազգային փառատոն,  և «Թատերական նոմինացիա» անվանակարգում ստացանք գլխավոր մրցանակը, որը տրվեց «Ռոմեո Ջուլիետ»-ին:

Գիտեմ, որ Մշակույթի կենտրոնում կազմակերպում  եք  ֆիլմերի ցուցադրումներ. կպատմե՞ք  այդ   մասին:

 –Այո, մեր ծրագրերից մեկն էլ երկու տարի առաջ ստեղծված կինոակումբն է: Համալսարանում, մինչև այդ էլ եղել են ցուցադրումներ. տարբեր ֆակուլտետներ են կազմակերպել, ուսխորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը: Մեզ մոտ գործում է հանդիպումների ակումբը, որը սոցհարցումներ է անցկացնում, թե կազմակերպվող միջոցառումները որքանո՞վ են հետաքրքրում ուսանողությանը, ինչպե՞ս կգնահատեին և էլ ի՞նչ կուզեին տեսնել: Մեր հարցումները ցույց տվեցին, որ, իսկապես, կա մեծ ցանկություն, որ այստեղ լինեն կինոցուցադրություններ: Փորձեցի կապվել մասնագետների հետ, բայց ստացվեց այնպես, որ «Հայֆիլմը» արդեն լուծարվել էր: Մի պահ որոշեցի ինքս գտնել ֆիլմեր, թեկուզ արխիվներից: Ես չէի ուզում վերցնել վարձույթով տրվող ֆիլմերը. դրանք կան, և յուրաքանչյուր մարդ կարող է դիտել։ Էստեղ այլ մոտեցում էր պետք: Հիմնվելով այս ամենի վրա՝ առաջարկ արեցի ազգային կինոկենտրոնին, և իրենք սիրով այն ընդունեցին:

Տարբեր  ժանրի  ֆիլմեր են  Ձեզ մոտ ցուցադրվում, ո՞ր թեմատիկայով ֆիլմերն են հետաքրքրում  երիտասարդներին:

-Միանշանակ պատասխանն էսպիսինն է` լավ գործը հետաքրքիր է բոլորին: Մեր առջև ունենք խնդիր` հայ կինոն երիտասարդությանը ներկայացնելու, հատկապես Պետական համալսարանում, որովհետև երիտասարդների մեծամասնությունը համալսարանում է: Ռեժիսորները մեծ սիրով  իրենց ֆիլմերը ցուցադրում են մեզ մոտ, իսկ վերջում երիտասարդ հանդիսատեսը հնարավորություն ունի ֆիլմի ստեղծագործական խմբի հետ հանդիպելու և հարցեր ուղղելու,  հայտնելու  իր կարծիքը  ֆիլմի մասին:

 

Հարցազրույցը` Անժելիկա Ոսկանյանի

2-րդ կուրս

Կիսվել