«ԵՍ ԴԵՌ ՇԱՏ ԳՐԵԼԻՔՆԵՐ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՄ»

«ԵՍ ԴԵՌ ՇԱՏ ԳՐԵԼԻՔՆԵՐ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՄ»

1452

Երբ հարցրի Սուսինայի մտերիմ ընկերուհիներից մեկին՝ Գայանեին, թե որոնք են նրա անձը բնութագրող երեք առավել խոսուն բառերը՝ դժվարացավ առանձնացնել վերջինիս բոլոր կողմերը բացահայտող բառերից հենց երեքը, բայց այնուամենիվ ասաց` անմիջական, հոգատար, անկեղծ, այնուհետև հավելեց` կրեատիվ, համարձակ, քաջալերող։

-Դեղին աուրա ունի, իր տեսակն է: Մեջի դրականը կզգաս հաստատ, եթե մի քանի րոպե շփվես հետը։ Հենց լսարան է մտնում ` իր էներգիան աշխուժացնում ու կյանք է տալիս մարդուն:

19 ամյա Սուսինա Խաչատրյանը (սիրում է, երբ իրեն նման կերպ են դիմում) ծնունդով Աբովյանից է, արմատներով՝ Կիրովաբադից և Անիից։  Ասում է` չափից դուրս բարձր ու «ականջ ծակող» ծիծաղ ունի, կողքիններն ամաչում են իր փոխարեն, բայց միևնույն է կան մարդիկ, ովքեր շատ են սիրում ու ծիծաղում են։

Մանկությունից պատմում է.

-Մինչ ծնվելս բոլորը մտածում էին, որ առաջնեկը տղա է լինելու, իսկ ես բռնեցի ու «կոտրեցի» բոլորի պատկերացումները։ Հիշողություններս բավականին խառն են, բաներ կան` հիշում եմ, պատմում ծնողներիս, ասում են՝ «նման բան չի եղել, մի՛ հորինի», բայց ես հո հիշում եմ, որ եղել են։ Շատ լավ հիշում եմ, որ սկզբում տանել չէի կարողանում մանկապարտեզը։ Բայց հետո ավելի բարձր խմբերում դարձել էի  խմբի դեմքը, հանդեսների ժամանակ ինչքան գլխավոր դեր կար` ինձ էին տալիս, ու հետո բոլորին պարել էի սովորեցնում ու ինձ լավ զգում, որ ինչ որ մի բան ստացվում է երեխաների մոտ։

Դպրոցում մի փոքր այլ էր վիճակը։ Հիշում եմ` կարատեի շարժումն էր էի սովորում, որ ինձ պաշտապնեմ։ Դե դպրոցական առօրյան միշտ չէ, որ հանգիստ էր անցնում։ Ու դասարանիս որոշ տղաներ լավ տուժել են դրանից։ Բայց այդ վիճակը շատ երկար չտևեց։

Դպրոցական տարիներից արդեն սկսել էի գրել, զբաղվել ստեղծագործական գործունեությամբ։ Ասմունքի մրցույթների էի մասնակցում։ Հիշում եմ՝ հեղինակային ստեղծագործությունների մրցույթ էր, գրածս բանաստեղծություներից մեկն էի ներկայացրել։ Առաջին փուլն անցել էի, հետո ջրծաղիկով հիվանդացա ու աշխարհը փրկվեց «չարդարացված» պոետուհուց։ Դա լավ էր, որովհետև հասկացա՝ չափածոն իմը չէ։

Ամենավատն այն է, որ հենց բացում եմ գրածս բանաստեղծությունների դավթարը, ապշում եմ՝ ինչպես կարող էր 13-14 տարեկան երբեք սիրո կողքով չանցած երեխան գրեր կործանված ու անպատասխան սիրո մասին։ Մի խոսքով ինձնից բանաստեղծ չէր դառնա, ձմերուկից էլ՝ մսով ապուր։

Եթե մի բառով նկարագրեմ մանկությունս, ապա այդ բառը կլինի աջափսանդալը՝ «ամեն ինչով» ու բավականին համեղ։

Ապրիլմայիս ամիսներին` Սուսինայի խաղաղ անհնազանդությունն ընդդեմ իշխանությանն ու իր հեղափոխական պայքարը դարձավ «Թավշյա հաղթանակ»։ «ԴԱՐ» Ակումբը հայտարարել էր «Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք» խորագիրը կրող պատանեկանգրական մրցույթ, որին մասնակցող 70 հոգուց մեկը Սուսինան էր։ «Անտարես» հրատարակչության կողմից՝ ստեղծագործությունն արժանացել էր հատուկ մրցանակի։

-Ամբողջ ապրիլ դասադուլերի մեջ էինք։ Ընթացքում միշտ ուզում էի գրել, կապ չունի՝ ինչի մասին, միայն թե գրեմ, հոգուս փոթորիկը հանդարտվի։ Ինչ-որ բան «ստիպեց» սպասել։ Մտածեցի` ժամանակը չի, միգուցե պետք էլ չի գրել։ Դեպքերից երկու-երեք ամիս անց՝ պատահմամբ գտնում եմ, որ մրցույթ կա, թեման էլ՝ «Թավշյա հաղթանակ» խորագրով։ Հենց այդ պահին հասկացա, թե ինչին եմ այդքան սպասել։ Մի ամբողջ օր գրեցի-ջնջեցի, գրեցի-ջնջեցի, հետո ստացվեց մի բան՝ ուղարկեցի։ Մի շաբաթ հետո, երբ իմացա, որ 70 գործերից միայն 22-ն էին անցել ու դրանցից մեկն էլ իմն էր՝ տնով մեկ թռվռում էի։ Վավերագրական ժանրում ստեղծագործությունս արժանացավ հատուկ մրցանակի։ Գիրք էին տպագրել մեր գործերով։

Երբ ինքդ քո աչքին բարձրանում ես, երբ հասկանում ես, որ սիրածդ գործը քեզ պարգևում է աշխարհի ամենահաճելի զգացողությունները, երբ տարիներ առաջ անհնար թվացող երազանքները դառնում են ամենաիրականը` ամեն ինչ արժե։ Բայց դա դեռ միայն սկիզբն է։ Ես դեռ շատ գրելիքներ ու անելիքներ ունեմ, որոնք քայլ առ քայլ իրագործում եմ։

«Կինոաշուն 2016 գրախոսականների մրցույթում» նույնպես արժանացել է «Ինքնատիպ գրախոսականի»։ Պատմում է՝ այդ ժամանակ դեռ քոլեջի ուսանող էր։ Լրագրության բաժնում էր սովորում, բայց ռեժիսուրա առարկա էին դասավանդում իրենց, որն ամենասիրելին էր։ Շատ էին գրում ֆիլմերի վերլուծություններ, բայց լուրջ գրախոսական գրելը բավականին բարդ աշխատանք էր։ Դասախոսն առաջարկեց, որ փորձի ուժերը նաև այդ բնագավառում։

Բոլոր ֆիլմերը հայկական էին՝ նկարված վերջին տարիներին։ Ընտրած ֆիլմի անունը՝ «Կանչ» էր, ցեղասպանության թեման էր շոշափվում։ Գրեց, ուղարկեց, և վերջում ինքնատիպ գրախոսականի համար ստացավ դիպլոմ։

Մասնագիտությամբ լրագրող անհատականությունը, բացի մասնագիտականից` ունի նաև այլ հետաքրքրություններ, դրանցից մեկը՝արձակն է.

– Գրելն անմիջապես կապում են լրագրության հետ։ Բայց իրականում դրանք իրար նման են այնքանով, որքանով տարբեր են։ Լրագրությունը սիրում է, երբ խոսում ես չոր փաստերով։ Ես մինչև հիմա էլ նյութեր գրելուց անմասն չեմ մնում գեղարվեստականությունից։ Երկուսը կապում եմ իրար։ Բայց դա պետք է արդարացված լինի։ Ցանկացած հետաքրքրություն կարող եմ կապել մասնագիտությանս հետ։ Այ այդքան բազմապրոֆիլ մասնագիտություն ունեմ։ Վերջին շրջանում հրաժարվել եմ ականջակալներից ու ամենուր, երբ մենակ եմ, երբ քայլում եմ, երբ աշխատանքի եմ գնում, փորձում եմ լսել հասարակ մարդկային խոսակցություններ, որսալ ամենաթաքնված հայացքները։ Ընդհանրապես, սիրում եմ ուսումնասիրել մարդկանց. ինչպես են քայլում, ինչպես են խոսում, ինչպես են նայում դիմացինին, ինչ են մտածում։ Այդ հետաքրքրություն էլ առաջացել է, երբ ամեն օր մետրոյով էի շրջում քաղաքում։ Սկզբում անտարբեր էի, բայց հետո, երբ սկսեցի ավելի խորանալ մարդկային պարզ շփումների գեղարվեստականությամբ, սկսեցի ուշադիր լինել մանրուքների նկատմամբ։ Բոլոր հետաքրքրություններս կապված են մարդկանց, թուղթուգրիչի, ձայնի ու կադրի հետ։

Ասում են` կյանքիդ կարևոր մարդկանց երաժշտությունը նաև քոնն է դառնում: Սուսինայի կյանքում այդպիսի մարդիկ իր ընկերներն են.

-Նրանք ճակատագրի կողմից արված ամենաթանկ նվերն են ինձ։ Բնականաբար իրենք շատ չեն։ Ու պետք էլ չի, որ ամենահարազատներն այնքան շատ լինեն, որ հաշիվը կորցնես։

Նրանք երաժշտության ժանրերի նման տարբեր են, ու մենք մի հրաշալի սիմֆոնիայի միքս ենք դարձրել մեր ընկերությունը։ «Լսելով մեզ»՝ ոչ ոք անտարբեր չի անցնում մեր ընկերության կողքով, անգամ եթե մեր միքսն իրենց ճաշակով չէ։

Ուսման և աշխատանքի համատեղման մասին Սուսինան պատմում է.

-Արմնուզ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հաջողության բանաձև» հաղորդման լրագրող-հաղորդավարն եմ։  Երկու ամիս է ինչ աշխատում եմ ու հասցրել եմ բավականին փորձ ձեռք բերել։ Նոր ծանոթություններ, ինքնատիպ հարցազրույցներ, ատեղծագործական թիմի հետ աշխատելու մեծ փորձ։ Սա նվազագույնն է, ինչ ինձ տվել է հաղորդումը։ Հիմա՝ սեփական փորձով եմ հասկանում, թե իրականում ինչ պատասխանատու մասնագիտություն եմ ընտրել։ Լրագրության սկզբունքներից գլխավորները, որն ամեն օր աղոթքի նման կրկնում ենք՝ օբյեկտիվությունն ու անկեղծությունն է։ Իրականում հեշտ արտաբերվող այս բառերը շատ դժվար է իրագործել։

Հաջողությունների մասին խոսելիս, ասում է՝ պետք է հիշել նաև այն անհաջողությունների մասին, որոնք պարարտ հող են դարձել կյանքիդ գլխավոր հաջողությունների համար։ Դա կյանքի օրենքն է։ Ես ամեն օր անում եմ սխալներ ու սովորում դրանց վրա։ Հանձնվող ու կոտրվող տեսակ չեմ։ Ինձ միշտ օգնում է սեփական ուժերիս հանդեպ հավատն ու ինքնավստահությունը։

Ռոմանտիկների ու վիրտուալ շփման սիրահարների համար, վերջինս առանձնացնում է լեհ գրող՝ Վիշնևսկու «Միայնությունը ցանցում»  վեպը։

Առանձնակի սեր ունի հայ ժամանակակից գրականության հանդեպ։ Նոր է սկսել ուսումնասիրել ու հասցրել է սիրահարվել մի քանի ժամանակակիցների ձեռագրերի։ Նրանցից մեկն էլ Վանո Սիրադեղյան գրողն է.  

-Միայն այն, որ Հրանտ Մաթևոսյանի ամենասիրելի արձակագիրներից է եղել, դա արդեն մեծ գնահատական է նրա գործերի համար։ Շատերը չեն ընդունում նրան, հասկանալի է՝ իր քաղաքական գործունեության պատճառով։ Վանո Սիրադեղյանի ձեռագրի մեջ ամենաշատն ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա ընտրում բառերը, խաղում դրանց հետ։

 Խորհուրդ է տալիս մարդկանց հեքիաթներ կարդալ։

-Հեքիաթները հեքիաթ են 5 տարեկանում, 8 տարեկանում։ Բայց հետո, ավելի գիտակից տարիքում հասկանում ես գրածի ենթատեքստը, նկատում ես մանրուքներ, որոնք առաջ չես էլ նկատել։ Իսկ իր ամենասիրելի հեքիաթը՝ Աղայանի «Անահիտ»-ն է։

Չունի կյանքի կարգախոս, որովհետև չի սիրում կաղապարված ապրել։

-Ես չեմ բարդացնում կյանքս, ապրում եմ թեթև, ամեն ինչին նայում եմ հումորով։ Հումորն ու ծիծաղը թեթև ու երջանիկ կյանքի գլխավոր հովանավորներն են։ Սիրում եմ իմ կյանքի հովանավորներին։

Վերջաբանի փոխարեն

-Կյանքում գեղագիտական արհավիրքներից խուսափելու համար զբաղվեք այն գործով, որը շատ եք սիրում, շատ ճանապարհորդեք ու կարդացեք, լսեք ճաշակով երաժշտություն, ապրեք յուրաքանչյուր պահն ու սիրեք ինքներդ ձեզ։

 

Մարիամ Մարգարյան

3-րդ կուրս

Կիսվել