ՀԱՅ ԲԻԹԲՈՔՍԵՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ

ՀԱՅ ԲԻԹԲՈՔՍԵՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ

1098

Բիթբոքսը ի հայտ է եկել Ամն-ում ու զարգացում ապրել հենց այնտեղ։ Այժմ այն լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, բայց լավագույնս դրսևորվում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում և այլ երկիներում։

Համարվում է հիփ-հոփ մշակույթի 5-րդ էլեմենտը։ Բիթբոքսի ժամանակ օգտագործվում են մարդու կոկրդը, բերանը, ձայնալարերը, քիթը։ Բիթբոքսն առաջին անգամ ֆիլմում օգտագործվել է 1934 թվականին («Ուրախ տղաներ» ֆիլմում)։

Բեռլինի Աստրա կուլտուր-հաուս մշակութային դահլիճում վերջերս տեղի է ունեցել բիթբոքսի առաջնություն, որտեղ Հայաստանը առաջին անգամ ներկայացրել են Հայկ Սնխչյանը և Սևան Շահնազարյանը։Այդ առիթով մենք հարցազրույց կվարենք Հայկ Սնխչյանի հետ։

-Հայկ, ինչու՞ որոշեցիք զբաղվել Բիթբոքսով:

-Նախ ասեմ, որ ես Եղվարդ քաղաքից եմ, և մենք շատ հաճախ էինք մեր քաղաքում կազմակերպում տարատեսակ համերգներ ու միջոցառումներ, դրանք կլինեին թե՛ բարեգործական, թե՛ ճանաչողական ու թե այլ նպատակներով։ Եվ ահա 2012 թվականն էր, մեր համերգներից մեկի ժամանակ իմ ընկերներից մեկը`Տիգրան Պետրոսյանը, ով տարիքով մեծ է ինձնից, ցույց տվեց բիթբոքսի նախնական 5 էլեմենտները, և ամեն ինչ սկսվեց այդ պահից։ Ես հասկացա, որ դա օգնում է ինձ տարբեր հարցերում և այդպես բիթբոքսը դարձավ կյանքիս անբաժան մասը։

Ի՞նչ եք կարծում բիթբոքսով զբաղվել ցանկացողներին կօգնի՞ երկար ժամանակ պարապելը, թե՞ ինչ-ինչ նրբություններ այնուամենայնիվ կան։

-Մեր գործում կառանձնացնեմ մի քանի կետեր։Առաջինը կնշեմ աշխատասիրությունը. սա երևի թե ամենակարևորն է, երկրորդը ցանկությունն ու սերն է դեպի աշխատանքը`բիթբոքսը։ Պետք է քրտնաջան աշխատել, պարապել, ձգտել դեպի նորանոր հաղթանակներ ու նվաճել բարձունքներ։ Իսկ նրբություններն արդեն կապված են բուն գործի, ոլորտի լրջության ու ֆորմատի հետ։ Բացի նշածս կետերից, պետք է ունենալ նաև ռիթմի զգացողություն, երաժշտության ընկալում, ժանրերի տարբերակում, գնահատում ու առհասարակ չպետք է վախենալ նորը բացահայտելուց ու դրա հետևից գնալուց։ Ինձ, իհարկե այս գործում օգնեց նաև երաժշտական կրթությունս։ Նշեմ, որ ավարտել եմ դաշնամուրի բաժինը, ունեմ լիարժեք երաժշտական կրթություն։

Ասացիք, որ նախապես սովորել եք 5 ամենակարևոր էլեմնտերը, իսկ դուք փորձու՞մ եք բերանային ապարատի նոր էլեմենտներ ստեղծել:

-Մենք`բիթբոքսներս դրանց անվանում ենք special sound-ներ։ Այո, փորձում եմ ազատ ժամանակ աշխատել նաև այդ ուղղությամբ. դրանք մեզ հնարավորություն են տալիս լինել ավելի օրիգինալ, քան մրցակիցը, և, ինչու ոչ, ոմանց հենց special sound-ներն են հայտնի դարձնում։

Իսկ հնարավո՞ր է անընդհատ բիթբոքսով զբաղվելուց ինչ-որ առողջական խնդիրնեն լինեն։

-Պատահում են դեպքեր, բայց եթե ճիշտ աշխատենք, չանենք սխալ շարժումներ, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ, և եթե հետևենք մեր ամենօրյա հիգիենային, ապա չենք կանգնի նման խնդրի առաջ։

Շատ լավ: Կպատմե՞ք` մինչ Բեռլին գնալը ինչ խնդիրների առաջ եք կանգնել։

-Կային շատ խնդիրներ.

1) Պարապել, պարապել ու էլի պարապել, բայց ո՞նց, եթե դու ունես լուրջ առողջական խնդիրներ հենց քո “գործիքի”` բերանի հոդերի հետ կապված, որն ամենակարևորն է բիթբոքսերի համար:

2) Ես գտնվում եմ նախազորակոչային փուլում ու երկրից դուրս գալը դառնում էր գրեթե անհավանական:

3) Ես ունեի խնդիր անձնագրի հետ, որն ուղղակիորեն կապված էր նույն 2-րդ կետի հետ:

4) Կային փաստաթղթային շատ հարցեր։ Շատ հարցեր, որոնց պատասխանները ես չէի ստանում:

5) Կար նաև հոգեբանական խնդիր երկիրս առաջին անգամ ներկայացնելու հետ կապված: Թվում է, թե հեշտ է, բայց ներկայացնել Հայաստանը առաջին անգամ հիփ-հոփի 5-րդ էլեմենտին վերաբերող այս միջազգային միջոցառմանը, սա շատ մեծ պատասխանատվություն էր:

6) Եվ ամենակարևորը` գնալուց առաջ. ես չունեի ֆինանսական հնարավորություն: Եվրոպա, տոմսեր, միջազգային միջոցառում, ապրել, ուտել և գոնե մի քիչ վայելել:

Ու ես լուծում տվեցի բոլոր խնդիրներին ու հերթով ջնջեցի բոլոր կետերը։ Տեղեկացնեմ նաև, որ ինձ հովանավորեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, որտեղ ես սովորում էի, ռեկտոր Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, ինչպես նաև VBet ընկերությունը։ Ինչի համար անչափ շնորհակալ եմ։

Մինչ համալսարանի հովանավորչությունը էլ որտե՞ղ եք դիմումներ ներկայացրել, ինչու՞ չօգնեցին։

-Չեմ ցանկանա անուններ նշել, բայց կասեմ, որ դրանք ճանաչում ունեցող տարբեր կազմակերպություններ ու հիմնադրամներ էին։ Նրանք դիմումներս կամ թողնում էին անպատասխան, կամ նշում էին, որ չունեն բավարար գումար ֆինանսավորման համար։ Բայց ոմանց համար սա այնքան նոր է, որ նրանք նույնիսկ տեղյակ էլ չէին, թե դա ինչ է իրենից ենթադրում կամ ուղղակիորեն չէին հավատում, որ Հայաստանում կա ու ապրում է բիթբոքս կոչված սուբկուլտուրան։

Իսկ առհասարակ ինչ երաժշտություն եք  նախընտրում։

-Տարբեր։Երևի թե կառանձնացնեմ`հիփ-հոփը, Ռեպը, RNB-ն։

Մինչ Բեռլինի ելույթը շատ ու շատ անգամներ եք բեմում եղել, բայց արտերկրի օտար հանդիսատեսի համար ելույթը ինչ դժվարություններ է ենթադրում։

-Իրականում ամեն ինչ շատ հարաբերական էր։ Չեմ կարող փոխանցել այն, ինչ զգացել եմ։ Առաջին դժվարությունն այն էր, որ մենք 4 հայ էինք, և չնայած այն բանին, որ բիթբոքս ընտանիքը գնահատում է յուրաքանչյուր ելույթ, քաջալերում ծափերով ու ձայներով, մեր`չափից քիչ լինելը ցույց տվեց իր բացասական կողմերը, ես անձամբ նկատեցի ու հասկացա, որ հայրենակիցների մեծ թիվը շատ է օգնում բեմում ելույթ ունեցողին ու ազդում միայն դրական առումով։

Այդ մեկ շաբաթվա ընթացքում հետաքրքիր դեպքեր եղե՞լ են, կհիշե՞ք դրանցից մեկը։

-Դեպքեր շատ են եղել, բայց կառանձնացնեմ ամենազվարճալին։ Մեկնումից 1 օր անց սկսեցին ոտքերս ցավել, ինչը ըստ բժիշկների կապված էր լարվածության հետ։ Ես վարժություններ էի անում, որպեսզի ելույթի օրը կաղալով չբարձրանայի բեմ։ Շատ զվարճալի էր և միևնույն ժամանակ չափազանց նյարդայնացնող։

-Ո՞րն է երազանքներին հասնելու ձեր մարտավարությունը։

-Վստահել ինքդ քեզ, ձգտել, պայքարել, աշխատել դրանց հասնելու համար։ Ու ամենակարևորը հավատալ, հավատալ, որ դու կարող ես ու պիտի անես։

 

Հարցազրույցը` Գարեգին Գևորգյանի

3-րդ կուրս

 

Կիսվել