AEGEE- Երեւանը կազմակերպել է ավելի քան 60 տեղական երիտասարդական ծրագրեր, որոնցում մասնակցել են 4500 ուսանողներ եւ երիտասարդներ: Որպես երիտասարդական ՀԿ-ն նաև տրամադրում է ուսուցման հնարավորություններ մասնակիցների զարգացման համար, ոչ ֆորմալ կրթության միջոցով, բարելավելով իրենց գիտելիքները, որոնք օգտակար կլինեն իրենց ապագա մասնագիտական կարիերայի համար:
-Արմինե, արդեն երկար ժամանակ լինելով AEGEE Երևանի անդամ, կներկայացնեք ի՞նչ գործունեություն է ծավալում կազմակերպոթյունը և ո՞ր թվկանից է գործում արդեն Հայաստանում։
-AEGEE-ն Երևանում գործում է արդեն 8 տարի, 2010 թվականից ի վեր։ Մենք հանդիսանում ենք հսկայածավալ համաեվրոպական ուսանողական կառույցի՝ Եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական ասոցիացիայի Երևանյան մասնաճյուղը, կամ ինչպես մենք ենք սիրում կոչե`լ անտենա կամ լոկալ։ Գործունեության ուղղությունները բազմավեկտոր են, բայց հիմնական թիրախը հայ երիտասարդներն են, իսկ նպատակը մեր երիտասարդության շրջանում Եվրոպական Միության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումը և կառույցի կողմից առաջարկվող կրթական ծրագրերին հաղորդակից դարձնելը։ Ես ինքս միացել եմ AEGEE-ին որպես կոնֆերանսի մասնակից և մեկ տարվա ընթացքում հասել եմ ծրագրի ղեկավարի, այնուհետև գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Սեփական փորձս ապացուցում է, որ մենք մշտապես բաց ենք նոր ու մոտիվացված երիտասարդների համար։
-Ինչպե՞ս կարող են երիտասարդները միանալ AEGEE Երևանին և ի՞նչ է հարկավոր մասնակից դառնալու համար։
-Մեր ֆեյսբուքյան էջում կարող եք գտնել հայտադիմումների առցանց լրացման ձևը։ Տարեկան մի քանի անգամ մենք անցկացնում են նոր անդամների ընդունման միջոցառումներ, որոնց ընթացքում ծանոթացնում ենք կազմակերպության գործունեությանը, առաջիկա միջոցառումներին և դրանց միանալու միջոցներին։
-Կազմակերպությունն ունի՞ որդեգրած քաղաքականություն, ի՞նչ նպատակներ ու խնդիրներ է հետապնդում։
Կազմակերպության հիմնական նպատակն, ինչպես նշեցի, մեր երիտասարդության շրջանում Եվրոպական Միության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումն և կառույցի կողմից առաջարկվող կրթական ծրագրերին հաղորդակից դարձնելն է։ Ընդհանուր առմամբ մեր գործունեությանն ուղղված է նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, հանդուրժողական սերմանման և այլ համամարդկային արժեքների ամրապնդմանը հայ երիտասարդության շրջանում։
-Իսկ հայ երիտասարդությունը որքանո՞վ է արդարացնում կազմակերպության սպասելիքները։
-Մեր կազմակերպած միջոցառումների արդյունքում հասցրել ենք շփվել ու ծանոթանալ մի շարք պայծառ երիտասարդների հետ, թե՛ մայրաքաղաքում և թե՛ մարզերում, ովքեր իրենց աշխարհայացքով և գիտելիքներով շատ մեծ ներդրում են ունեցել Հայաստանում մեր կազմակերպության հաջող կայացման գործում, դարձել են մեր անդամները և մեր միջոցառումների մշտական մասնակիցները։
-Ի՞նչ նոր ծրագրեր ունի իրագործելու AEGEE Երևանը։
-Ակնկալում ենք 200 մասնակիցներ, եվրոպական մոտ 20 երկրներից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից։ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում նախատեսվում է կրթական տոնավաճառ-ցուցահանդես, որին ներկայացված կլինեն մեր և մի շարք այն տեղական երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաև կրթական ծրագրեր բուհերի կողմից։ Ուսանողների մասնակցությունը խիստ խրախուսելի է։
-Կրթական ի՞նչ ծրագրեր են ներկայացվելու միջոցառման շրջանակներում և կա՞ն արտերկրյա համալսարաններ, որոնց հետ համագործակցելու եք։
-Համալսարանների հետ չենք համագործակցում իսկ կրթական ծրագրեր առաջարկելու նպատակով պարզապես ներկայացված են լինելու Հայաստանի Ամերկյան Համալսարանի և Ֆրանսիական Համալսարանի մի քանի կրթական ծրագրեր հետաքրքրված դիմորդների համար։ Իսկ առցանց հարթակում, մեր Եվրաակումբներ ծրագրի միջոցով ամեն օր տարածում են կրթական տարբեր ծրագրեր, ֆորմալ և ոչ ֆորմալ, հայ երիտասարդների համար։
– Կարծում եմ կազմակերպության կողմից տարված աշխատանքները շատ խրախուսելի են, շնորհակալություն։
-Շատ շնորհակալ եմ Ձեր հետաքրքրության և տրամադրած ժամանակի համար, սիրով կսպասենք Ձեզ։
Հարցազրույցը՝ Մայա Հախվերդյանի
3-րդ կուրս