ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՀԱՅ ԲԺԻՇՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԵԼ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՀԱՅ ԲԺԻՇՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԵԼ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

1784

Հաճախ ավելի հեշտ է մի շարք հիվանդություներ կանխարգելել, քան դրանք բուժելը: Պատվաստումը փոքրացնում է հետագայում հիվանդանալու հավանականությունը: Այն երեխայի մոտ անընկալություն է առաջացնում տվյալ հիվանդության նկատմամբ: Խնդրի, վերջինիս կարգավորման հարցի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Անի Մինասյանի հետ:

-Քանի՞ տեսակի պատվաստումներ կան Հայաստանում:

-Հայաստանում կան 12 պատվաստումներ:

-Ե՞րբ և ինչի՞ դեմ է պետք պատվաստել փոքրիկին:

-Փոքրիկներին պատվաստում են ծննդյան հաջորդող 24-48 ժամերի ընթացքում: Պատվաստում են ԲՑԺ և ՎՀԲ, այնուհետև վեց շաբաթականում՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ՕՊՎ: Հաջորդ պատվաստումը կատարվում է հաջորդաբար տասը, երկուսուկես, երեք ամսականներում և այլն:

-Կազմակերպվու՞մ են արդյոք որոշակի միջոցառումներ, որոնք կտեղեկացնեն ծնողներին պատվաստման գործընթացի, վերջինիս իրականացման մասին և կօգնեն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը:

-Հատուկ միջոցառումներ որպես այդպիսիք չկան: Հատուկ բլանկ կա, որում նշվում է յուրաքանչյուր պատվաստման մասին՝ ինչո՞վ է արդյունավետ և ինչու՞ պետք է արվի: Ծնողներին տալիս ենք, որ ծանոթանան, իսկ հարցերի դեպքում պատվաստումից առաջ տեղեկանում են հենց բժշկից:

-Նոր պատվաստանյութերի վերաբերյալ ընկալումն ու անվստահությունն արդյո՞ք արդարացված է:

-Անվստահությունը հիմնականում 13 տարեկանում աղջիկների պատվաստմանն է վերաբերվում: Սակայն այն կատարվում է ըստ ցանկության ու համաձայնության:

-Որոշ ծնողներ իրենց երեխայի առողջական վիճակի վատացման պատճառ են համարում  պատվաստումը: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Առողջական վիճակի վատացում չի լինում, պարզապես պատվաստումից հետո երեխան մոտակա երկու օրը ջերմում է: Բայց դրա մասին նախապես պետք է տեղյակ պահել և բացատրել ծնողներին: Երբ չի ասվում՝ ծնողը մտածում է, որ պատվաստանյութն է հին, կամ փոքրիկի օրգանիզմը չի ընդունել վերջինս:

-Ըստ Ձեզ, որո՞նք են պատվաստումներից հրաժարվելու կամ վերջիններս հետաձգելու պատճառները: Ինչու՞մ է կայանում հիմնական մտավախությունը:

-Կարող են հետաձգել միայն այն դեպքում, երբ երեխան հիվանդ է: Հրաժարվելու դեպքում ծնողը նշում է պատճառը, ստորագրում համաձայն փաստաթուղթ: Սակայն փորձում են բացատրել մանրակրկտորեն, որ պատվաստումից հրաժարվելն հետագա բարդությունների ու վարակի արագ զարգացման պատճառ կարող է հանդիսանալ:

– Առավել  հաճախ բնակչության ո՞ր շերտն է հրաժարվում և ո՞ր հիվանդության դեմ պատվաստումից:

-Հրաժարվում են հիմնականում «Պապիլոմա» կոչվող պատվաստումից: Անգամ բուժաշխատողներն են հրաժարվում իրենց երեխաներին պատվաստելուց: Պատճառն այն է, որ այն նոր պատվաստանյութ է և բնակչության տեղեկացվածության մակարդակը վերջինիս մասին ցածր է: Գրեթե 60 տոկոսը հրաժարվում է:

-Դուք նշեցիք, որ անգամ բուժաշխատողներն են հրաժարվում, իակ ինչու՞ են հայ շատ բժիշկներ հրաժարվում պատվաստել իրենց երեխաներին  հենց պետպատվերի շրջանակներում:

-Քանի որ, նրանց կարծիքով այդ պատվաստանյութերի ազդեցությունը  թույլ է  այլ երկրների արտադրության թանկ միջոցների համեմատ:

-Դուք՝ ինքներդ, լինելով բուժհաստատության աշխատակից և մայր, դիմու՞մ եք պատվաստումների:

-Այո՛, անկասկած, քանի որ գիտեմ հետագա բարդությունների մասին: Սակայն, պետք է խոստովանեմ, որ ինքս էլ  պոլիկլինիկաների պատվաստանյութերի հանդեպ հաճախ մտավախություն եմ ունենում:

-Եվ ինչու՞մ է կայանում Ձեր մտավախությունը:

-Սխալ  ու այլևս ոչ պիտանի պատվաստանյութ ունենալու համար եմ մտահոգվում: Պետք է նշեմ, որ եղել են շատ դեպքեր, երբ պատվաստանյութը հին է եղել: Յուրաքանչյուր պատվաստումից առաջ ինքս ստուգում եմ պահպանման ժամկետը, և նույնն էլ խորհուրդ եմ տալիս բոլորին:

-Կա՞ պարտադիր պատվաստում հասկացությունը, և ինչպե՞ս է կարգավորվում գործընթացը, երբ ծնողը հրաժարվում է պատվաստել փոքրիկին:

-Պարտադիր է մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումը՝ անկախ ծնողի ցանկությունից: Սակայն, եթե ծնողը կտրականապես դեմ է, ապա բուժհաստատությունը տեղեկացնում է, որ այլևս պատասխանատվություն չի կրում հետագա բարդությունների դեպքում: Այնուամենայնիվ, եթե ծնողը տեղեկացված է, գրեթե երբեք չի հրաժարվում:

-Կարո՞ղ եք նշել  հիվանդություններ, որոնք պատվաստումների շնորհիվ Հայաստանում հաղթահարվել են կամ զգալիորեն նվազել:

-Նվազել են ԿԿԽ վիրուս, Հեպատիտ B-ն : Հիմա երեխաների մոտ հիմնականում տարածված են աղիքային վիրուսները: Սակայն պետք է նշեմ, որ այժմ արդեն Հայաստանում արվում է «Ռոտա» վիրուսի դեմ պատվաստումը: Ինչպես նաև, արդեն, ամեն դեկտեմբերի կատարվում է գրիպի հարուցիչի դեմ պատվաստումը:

 

Հարցազրույցը՝  Արաքսյա Սահակյանի

4-րդ կուրս

Կիսվել