«ՀԻՆ» ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2800 ԱՄՅԱ ՔԱՂԱՔԻՆ

«ՀԻՆ» ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2800 ԱՄՅԱ ՔԱՂԱՔԻՆ

1212

«Մենք բոլորս երևանցի ենք, Երևանն ամբողջ հայության կենտրոնն է, կապ չունի դու Երևանից ես, Սևանից, թե ինչպես ես՝ Շամշադինից»,- ոգևորված ասում է Սասուն պապը։

81-ամյա Սասուն պապը քաղաքի ամենահայտնի դեմքերից է։ Նրան կարելի էր նկատել Ազատության հրապարակում կազմակերպվող գրեթե բոլոր ընդդիմադիր հավաքներին և հավաքներին ընդհանրապես: Երևանում չի ծնվել, բայց բավական երկար ժամանակ է ինչ Երևանն իր տուն ու տեղն է՝ նշում է նա։

«Երևանը ծաղկող, շնչող ու ապրող քաղաք է: Կուզեմ, որ Երևանի պատուհաններից երևացող Մասիսը ետ վերադառնա տուն, և այդքան մոտ լինելով, այդքան հեռու չթվա մեզ համար»,- ասում է Սասուն պապը։

2800 ամյա Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է Առաջին Հանրապետությունից ի վեր՝ արդեն հարյուր տարի։

Կոնդը (հայերեն նշանակում է բլուր)՝ հին Երևանի վերջին քիչ թե շատ պահպանված թաղամասն է: Կոնդեցիները ասում են, որ այն այժմ բաժանված է հին ու նոր Կոնդերի, հին Կոնդը 2-3 հարկանի հին տներն են, իսկ նոր Կոնդը մի քանի նորակառույցների հատվածը։

«Կոնդը՝ ինչպես նաև ես կոնդեցի Հովոն ամենահին երևանցիներից ենք»,- ասում է Կոնդի բնակիչ Հովհաննես պապը։

«Ես ծնվել ու մեծացել եմ այստեղ, Երևանի ամենակոլորիտային թաղամասում՝ Կոնդում, այստեղ պահպանված է հարևանություն ասվածը, բոլորն այստեղ միմյանց ճանաչում են, միգուցե շատերը չհամաձայնեն ինձ հետ, բայց Կոնդը կարծես փոքրիկ գյուղ լինի քաղաքի կենտրոնում. ես ապրում ու շնչում եմ Կոնդով»,- ասում է Հովհաննես պապը։

«Երևանիս էլ ծննդյան առթիվ մաղթում եմ, որ ծլի, ծաղկի, շենանա, բայց պահի իր հին դեմքը,-ասում է նա։

Երևանը` գրկաբաց է, արևաշատ, գեղեցիկ ինչպես նաև նորակառույց: 2800 ամյա Երևանը վերածնունդ է ապրում, ու շնչում է իր փողոցներում քայլող անցորդներով։

 

Լաուրա Մանուկյան

2-րդ կուրս

Կիսվել