ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՎԻՐՈՒՍՆԵՐՆ ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ ՈՒ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՎԻՐՈՒՍՆԵՐՆ ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ ՈՒ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

1518

Առողջություն, թերևս բոլորի համար ամենակարևորը կյանքում: Ի՞նչն է անհանգստացնում բոլորիս, ի՞նչը թույլ չի տալիս սովորական ու հանգիստ առօրյայով ապրել: Աշնանային օրերի հետ մեկտեղ սկսվում է նաև վիրուսների տարածման շրջանը, ինչից, ցավոք, ոչ միշտ է հնարավոր խուսափել: Իսկ թե որոնք են առավել տարածված վիրուսներն այս շրջանում, և թե ինչպես կանխարգելել վերջիններս, կփորձենք ներկայացնել նյութում:

Հաճախ դժվար է տարբերակել մրսածություն է հիվանդի մոտ, սուր շնչառական վիրուս, թե պարզապես հարբուխ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը ներկայացրել է, թե ինչպես կարելի է տարբերակել:

Երբ եղանակը ցրտում է, մենք սկսում ենք առավել հետևողական  լինել մեր առողջության նկատմամբ: Իսկ ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները, և ինչը՝ ոչ: Խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել մասուրի թեյ: Այն դրական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա, իջեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է կաթվածի, ինֆարկտի հավանականությունը:

Երկար ժամանակ ընդունված էր կարծել նաև, որ հարբուխի, մրսածության դեպքում պետք է տաք կաթ խմել: Սակայն, պետք է նշենք, որ կաթն ավելի է բարդացնում հիվանդությունը: Հարբուխի ժամանակ կաթի օգտագործումն ավելի է մեծացնում լորձի քանակը և դանդաղեցնում բուժումը: Հասկանալու համար, թե որքանո՞վ է տեղեկացված բնակչությունը,և թե ի՞նչ միջոցներ են ձեռք առնում հայ ծնողներն իրենց երեխաների առողջության ապահովման համար, զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ: Երիտասարդ մայրիկ Մարիամից տեղեկացանք, որ սեզոնային բնույթի վիրուսների տարածմանը զուգընթաց նա իր երկու տարեկան բալիկի հետ, անպայման, այցելում է տեղամասային պոլիկլինիկա, որպեսզի կարճ զննում անցնեն՝ իրենց ապահովագրելու համար թաքնված վիրուսներից: Իսկ այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռք առնում, եթե, այնուամենայնիվ, կա հիվանդությունը, նա ասաց, որ բժշկի չի դիմում մինչ 38 աստիճան ջերմելու դեպքում, իսկ 38 և ավելիի ժամանակ, անմիջապես դիմում է, որպեսզի կանխարգելիչ լուրջ միջոցառումներ ձեռք առնվեն:

Գրիպի  և մրսածության հարուցիչները վիրուսներ են: Գրիպի ախտանշանները զարգանում են ավելի ինտենսիվ ու կտրուկ, քան մրսածությանը: Մրսածությունը, ի տարբերություն գրիպի, կարող է հարուցվել հազարավոր այլ տեսակի վիրուսներով:

Գրիպի սեզոնին ընդառաջ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների մասնակցությամբ ս.թ նոյեմբերի 6-ից մեկնարկել էր «Գրիպի բարդություններով հիվանդների կլինիկական վարումը» խորագրով եռօրյա սեմինար խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին հանրապետության վերակենդանացման բաժանմունքների բժշկական անձնակազմերի  30 մասնագետներ: Ներկայացվել են ծանր սուր շնչառական վարակների բուժումն արդյունավետ իրականացնելու մեթոդները:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում վերջին շրջանում մեր երկրում և հիմնականում երեխաների շրջանում տարածված աղիքային վիրուսը, կամ ինչպես հայտնի է բժշկության մեջ, ռոտավիրուսը: Այն հանդիսանում է ծանր ընթացող և հոսպիտալացում պահանջող վիրուս: Համաձայն որոշ ուսումնասիրությունների` ռոտավիրուսից տարեկան մահանում է մոտ 611.000 երեխա: Մահերի 80 %-ը Հարավային Ասիայի և Աֆրիկայի ցածր եկամուտով երկրներում է: Հիմնական խոցելի տարիքային խումբը վաղ մանկական հասակի երեխաներն են՝  3-35 ամսական:

Աղիքային ինֆեկցիայի, վերջինիս առաջացմանը նպաստող գործոնների և կանխարգելման մասին զրուցեցինք Արաբկիր բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Մինասյանի հետ: Նա նշեց, որ ռոտավիուսային վարակը կարող է ընթանալ նաև առանց ախտանշանների: Ինկուբացիոն շրջանը տևում է 1-3 օր, որից հետո հիվանդությունը կարող է սկսվել հանկարծակի: Հիմնական ախտանշաններից են տենդը, փսխումը: Վարակված որոշ երեխաներ նույնիսկ չեն ջերմում: Տենդը տևում է 1-2 օր: Փսխումը, որը հանդիպում է ավելի քան 75 % դեպքերում, կարող է տևել 1-3 օր: Բուժման հիմնական նպատակն է կորցրած հեղուկի և էլեկտրոլիտների վերականգնումը: Ներկայումս չկան ռոտավիրուսային վարակի բուժման համար պիտանի հակավիրուսային դեղամիջոցներ:

Այնուամենայնիվ, կարևոր է ոչ միայն սեզոնային վիրուսներին հետևել, այլ ամբողջ օրգանիզմի առողջությանը: Եվ, ի վերջո, պետք է ընդունել, որ հաճախ ավելի հեշտ է մի շարք հիվանդություններ կանխարգելել, քան դրանք բուժել:

 

 

Արաքսյա  Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել