«ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ԱՆԿԱԽ ՔԵԶԱՆԻՑ, ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՌԱՋ ԳՆԱԼ». ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ԱՆԿԱԽ ՔԵԶԱՆԻՑ, ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՌԱՋ ԳՆԱԼ». ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2121

Ապրիլյան քառօրյա պատերազմը սպի թողեց շատերի սրտերում և հոգիներում, հատկապես նրանց, ովքեր մասնակցել են պատերազմին:

Մատաղիսում ծառայած 22-ամյա Տիգրան Հարությունյանը համաձայնեց հետ գնալ 2016 թվական և նորից վերհիշել այդ ամենը:

Սկզբում չի հավատացել, որ պատերազմ է. «Քնած էինք, ժամը 4-ի կողմերն էր. պատասխանատուն եկավ, ձայն տվեց՝ հելեք, կռիվ ա գնում: Չէի հավատում, չէի զարթնում, բայց առաջին սնարյադի ձենից հետո բոլորս սկսեցինք հագնվել, հետո հողի տակ թաքնվեցինք: Գիշերն էդտեղ մնացինք: Հաջորդ օրը ոտքով պոստեր բարձրացանք: Մեզ հրաման տվեցին. «իջե՛ք, զենքեր վերցրե՛ք, բարձրացե՛ք»: Գիշերը, երևի, ժամը 1-ի կամ 2-ի կողմերն էր, արդեն մեքենաներով բարձրանում էինք, ու էդ ժամանակ գրադով խփեցին՝ մեքենան շուռ եկավ»:

Դրանից հետո Տիգրանը ոչինչ չի հիշում, որովհետև հոսպիտալում է արթնացել. շատ արյուն է կորցրել, բայց դիմադրել է. «Կոպիտ ասած՝ կյանքի ու մահվան կռիվ եմ տվել»:

Հաջորդ օրը նրան Շուշի են տեղափոխել, այնտեղից՝ Երևան: Երևան բերելուն պես՝ վիրահատել են. «Տասներկու ժամ տևեց  վիրահատությունը: Սկզբից մտածում էին, թե ոտքս պիտի կտրեն, որվհետև չէր կոտրվել, այլ փշրվել էր: Վիրահատեցին ու ամեն ինչ լավ ստացվեց»:  

Սակայն դժվարը դեռ առջևում էր. մեկուկես տարի հենակներով է քայլել: Մինչ բանակ զորակոչվելը՝ Տիգրանը սպորտով է զբաղվել, ութ տարի ֆուտբոլ է պարապել։ Ցանկությունը՝ խաղալ ֆուտբոլ, կա նաև հիմա, սակայն չի կարող, քանի որ ազդրի մեջ  երկաթ են տեղադրել: Չնայած այս ամենի՝ նա ոչ մի վայրկյան չի զղջում, որ ծառայել է. «Ամեն մի հայ տղա իր պարտքը պիտի կատարի:  Վեց ամիս եմ ծառայել, բայց շատ կուզեի երկու տարին էլ ծառայել»:

Տիգրանի խոսքերով` զգացել է, որ պատերազմ է լինելու. «Մինչև զորակոչվելս մորս ասում էի՝  հենց գնամ բանակ, պատերազմ է սկսվելու, բայց չէի պատկերացնում, որ կարող եմ կռվել»:

Վանաձորցի երիտասարդն անկեղծացավ. կարոտում է բանակում անցկացրած օրերը, բանակային կյանքը, ընկերներին. «Բանակը մեծ ընտանիք է, այն դառնում է քո երկրորդ տունը: Ճիշտ է՝ կան տարբերություններ, բայց ես  տարբերություն չեմ դրել իմ և ուրիշի միջև, ինձ առավել չեմ դասել ոչ մեկից ու միշտ օգնել եմ բոլորին՝ մտածելով, որ նման պատերազմ կարող էր լինել, ու մեր շարքերից մեկը կարող էր պակասել: Ծառայելիս վախը միշտ սրտումդ է լինում, իսկ պատերազմի ժամանակ, անկախ քեզանից, ուժեղ ես, ուզում ես առաջ գնալ»,-հավելեց Տիգրանը:  

 Մեր հերոսն այժմ  ընտանիքի հետ միասին, ապրում է Ռուսաստանում, բայց մոտակա ժամանակները կտեղափոխվի Հայաստան:  Բանակից հետո Տիգրանն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ագրոէկոնոմիկայի և սննդարդյունաբերության էկոնոմիկայի ֆակուլտետ: Հիմա սովորում է երրորդ կուրսում:  Զինվորական գրքույկում գրված չէ, որ մասնակցել է քառօրյա պատերազմին, ինչի համար դիմել է նոր իշխանություններին:  Բանակից հետո մեկ տարի թոշակ է ստացել՝ որպես երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ,  բայց հետո զրկել են՝ պատճառաբանելով, թե ապաքինվել է:  Այդ ժամանակ դեռ երկրորդ անգամ էլ չէր վիրահատվել: «Մի ոտքս 64 սմ է, մյուս ոտքս՝ 54»,-ավելացրեց երիտասարդը:

Տիգրանը պատերազմում արել է այն, ինչ կարող էր անել:  Նրա նման շատ տղաներ կռվել են հայրենիքի համար, որոնցից յուրաքանչյուրին մենք պահել ենք մեր սրտի խորքում:

Արփինե Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել