ՔԱՂԱՔՆ ՈՒ ՄԱՐԴԻԿ՝ ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ

ՔԱՂԱՔՆ ՈՒ ՄԱՐԴԻԿ՝ ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ

1690

Փետրվարի 15-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում տեղի ունեցավ հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանի «Քաղաք, մարդիկ, պատկերներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը։ Ներկայացված էին լուսանկարներ, որոնք լրագրողն արել էր 2010 թվականին Լոնդոնից վերադառնալուց հետո։ Պատկերասրահի պատերին Երևանն էր ու Արցախը, ծանոթ ու անծանոթ մարդիկ՝ իրենց առօրյայով. Գերասիմը՝ խաղողի արևառ ճութերով, Իրինան՝ ճերմակ թվալու չափ շեկ մազերով, Մանսուրյանը՝ հուզվելու չափ իրական։

Բացման արարողությանը ներկա էին Մարկ Գրիգորյանի մտերիմները, գործընկերներն ու ուսանողները, ինչպես նաև հայտնի դեմքեր, ինչպիսիք են Լևոն Արոնյանը, Էդուարդ Թոփչյանը, Արտյոմ Երկանյանը, Նարա Շլեպչյանը և այլք:

Իր ողջույնի խոսքում Մարկ Գրիգորյանը նշեց, որ ցուցահանդեսը պետք է տեղի ունենար դեռ անցած տարի` մայիսին, երբ լրացել է իր 60 ամյակը, սակայն երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները փոխել են լուսանկարչի ծրագրերը։ «Այդ ժամանկ տեղի էր ունենում հեղափոխությունը, և լուսանկարչական ցուցահանդեսը ոչ ոքի պետք չէր լինի: Ինձ էլ պետք չէր լինի, և ես հրաժարվեցի այդ մտքից: Բայց վաթսունմեկս դեռ չի լրացել, դեռ վաթսունի մեջ եմ, որոշեցի, այնուամնայնիվ, այն իրականացնել»,- ասաց Գրիգորյանը:

Երեք սենյակից բաղկացած ցուցասրահի առաջին սենյակում ցուցադրված են Հայաստանում արված լուսանկարները, երկրորդում՝ Արցախում արվածները, իսկ երրորդում միայն բնապատկերներ են։ Լուսանկարներից մեկում պատկերված է անծանոթ մի կին, ով միայն ցուցահանդեսի բացումից հետո էր իմացել, որ «անմահացել» է Մարկ Գրիգորյանի ֆոտոխցիկի շնորհիվ, և շտապել էր պատկերասրահ․ «Հեռուստացույցի դիմաց էի, մեկ էլ ընկերուհիս զանգեց՝ թե բա շուտ հասի, աստղ ես»,- ներկաներին պատմեց արդեն հայտնի անծանոթուհին։

Ցուցասրահում ներկայացված թվով 50 աշխատանքները, որոնք հասանելի կլինեն այցելուների համար մինչև փետրվարի վերջ, ենթակա են վաճառքի, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Օգնենք զինվորին» բարեգործական հիմնադրամին։

2-րդ կուրս

Ա. Ղարիբյանի խմբի ուսանողներ

Կիսվել