ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱԴԵՇԸ

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱԴԵՇԸ

1234

Ոլորապտույտ, քարքարոտ բայց միևնույն ժամանակ կարոտի զգացումով ուղեկցվող  ճանապարհը մեզ բերեց Թուրքիա-Վրաստան սահմանով ձգվող ջրբաժան լեռնաշղթայի հյուսիսահայաց ստորոտ՝ հայաբնակ Դադեշ։ Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում է գտնվում  Դադեշ գյուղը։ Ծովի մակարդակից 1880-1940 մետր բարձրության վրա, բարձր լեռների մեջ։ Թուրքիայի սահմանից այս կողմ գտնվող հայաբնակ գյուղը լեռների նման մաշված, բայց հպարտ տեսք ունի, այն իր ամեն սարի ու քարի հետ պայքարելով հասել է մեր օրեր՝ պահելով ու պահպանելով հայկական արմատները, ավանդույթներն ու սովորությունները․․․

Վրաստանի սահմանում գտնվող այս փոքրիկ անկյունում  կարծես նույնիսկ օդն է ուրիշ՝ մի տեսակ հայկական։ Փոշոտ, մաշված փողոցներից մեկով գնացինք գյուղամեջ, գյուղի ամենակենտրոնում հպարտորեն կանգնած է դեռևս 1830-ական թվականներին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցու բակում կարծես գյուղի պատմությունն էր հավաքվել՝  մի քանի տարեց պապիկներ ու երեխաների մի ամբողջ խումբ․ «Սա մեր տեղն է, մենք գալիս ենք այստեղ, երկար նստում ու զրուցում, մենք այս հատվածը անվանում ենք «ժամի դուռ»»,- ասում են գյուղի մեծերը։

1830 թվականին Մուշից, Կարսից, Էրզրումից ներգաղթաց հայերը, քրդերի հետ ապրելով այստեղ, կարողացել են պահպանել իրենց գոյությունն ու ինքնությունը մինչև այսօր։ Թողնելով եկեղեցին ու նրա բնակիչներին՝ մենք քայլեցինք դեպի վերև՝ դպրոց։ Գյուղում կա մեկ դպրոց, որն ունի մոտ 120 աշակերտ ու 33 ուսուցիչ։ Դպրոցի բակի աղմուկը դադարեց, երբ լսվեց զանգի ձայնը․ «Արագացրեք, չլսեցի՞ք զանգի ձայնը, բոլորը դեպի դասարաններ»,- ուսուցչի կանչով մենք էլ երեխաների հետ մտանք ներս։ Երկհարկանի դպրոցի միջանցքների պատերին փաքցված էին հարյուրավոր պաստառներ, բայց մեզ զարմացրեց այն, որ դրանց մեծամասնությունը վրացերեն լեզվով էին․ «Դպրոցը չունի գրադարան, մենք ունենք հայկական գրականության պակաս, չնայած արդեն ինչների՞ս է պետք հայկական գրականությունը, մենք հայոց լեզվի ու հայ գրականության դասաժամեր շատ քիչ ունենք, մենք արդեն անցել ենք վրացական գրականության»,- հեգնելով ասաց ուսուցչուհիներից մեկը։

Ցավ ապրեցինք, երբ մտանք գրադարան կոչված սենյակ, այնտեղ հայերեն լեզվով գրքեր գրեթե չկան, իսկ եղածն էլ կամ շատ հին են, կամ էլ այնքան մաշված, որ տառերը խոնավությունից ջնջվել են․․․ 345 հայ ընտանքի ունեցող գյուղը կանգնած է մի շարք խնդիրների առաջ, որոնցից գլխավորը հենց հայապահպանության խնդիրն է։

Աննա Ապոյան

2-րդ կուրս

Կիսվել