ԵԼԵՆԱՅԻ ՆՎԵՐԸ ԵՐԵՎԱՆԻՆ

ԵԼԵՆԱՅԻ ՆՎԵՐԸ ԵՐԵՎԱՆԻՆ

921

Գուսան Հայկազունու հայրենասիրական երգերից մինչև իսպանական երաժշտություն, սա այն արվեստն է, որը ներկայացնում է Ելենա Նիկողոսյանը մայրաքաղաքի փողոցներում: Իսպանական արվեստը և իսպանական արտաքինը թույլ չէին տալիս նրան ճանաչել որպես հայուհի և հոր առաջարկով որոշեց անվան դիմաց ավելացնել «Երևան»  չնայած խոստովանում է, որ դա էլ չօգնեց, մինչև չսկսեց հայերեն երգեր երգել:

Դեռ մանկուց հասկացել է, որ արվեստի մարդ է, բայց մի անգամ պատահաբար կիթառը վերցնելով՝ որոշել է, որ պետք է զբաղվի երաժշտությամբ: Երաժշտական կրթությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության Տուլսկի շրջանի Ալեքսին քաղաքի Շեդրինի անվան դպրոցում: Դպրոցը ավարտելուց հետո ընտանիքով վերադառնում են Հայաստան, որտեղ էլ ուսումը շարունակում է Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջում: Երաժշտական հաջողությունները սկսվեցին սիրողական տեսահոլովակներից հետո: Հազարավոր հետևորդներ և մենահամերգներ աշխարհի տարբեր մասերում՝ Գերմանիա, Ամերիկա, Ֆրանսիա, Իրան, Բրազիլիա, իսկ Կանադայում ձայնագրել է առաջին CD-ն: Հրավերներ է ստացել տարբեր քաղաքների հայ համայնքներից, ովքեր տեսել և հավանել էին Ելենայի կատարումները YouTube-ով: Ելենային բախտ է վիճակվել երգել նաև իր սիրելի խմբերից մեկի՝ Gipsy Kingi  հետ:

«Մի կին կար, ով բնակվում էր Կանադայում, նա նույնպես Gipsy King խմբի երկրպագուներից էր, իսկ ինձ տեսել էր YouTube_ում և հավանել: Այդ կինը, ում անունը Հոլլի էր, պետք է Կանադայից մեկներ Լոս Անջելես համերգին ներկա գտնվելու համար և գիտեր, որ ես էլ պետք է մեկնեմ Լոս Անջելես, և խնդրեց, որ կիթառս էլ վերցնեմ: Եվ հենց նա էլ ամեն ինչ կազմակերպեց»,- պատմեց Ելենան:

 Ելենային այսօր կարող ենք տեսնել տարբեր միջոցառումերի, բայց նրան շատերը ճանաչեցին հենց փողոցից: Սակայն խոստովանում է, որ փողոցում նվագելիս առաջ ավելի հաճախ կարելի էր տեսնել, իսկ այնտեղ նվագելու պատճառները տարբեր էին:

«Չէի վախենում, որ դա մարդկանց կողմից սխալ ընդունվի: Երբեք գումար չեմ վաստակել փողոցում երգելով, դա անում էի մարդկանց ուրախացնելու համար: Ազատվեցի նաև կոմպլեքսներից՝ բեմ բարձրանալու և մարդկանց մոտ երգելու վախից»,- նշեց Ելենան: Երազանքներից խոսելիս Ելենան առանձնացրեց մասնագիտական և ոչ մասնագիտական երազանքները: Երազում է իր սեփական երգերն ունենալ, իսկ ոչ մասնագիտականներից նշում է՝ «շատ աղջիկների նման երազում եմ գեղեցիկ ընտանիք կազմելու մասին»:

Աննա Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել