«ԻՆՉ ԷԼ ԱՆԵՄ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է ԼԻՆԵԼՈՒ, ՀԵՏՈ ՆՈՐԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆՆ ԵՄ ՀԵՏ ԳԱԼՈՒ»....

«ԻՆՉ ԷԼ ԱՆԵՄ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է ԼԻՆԵԼՈՒ, ՀԵՏՈ ՆՈՐԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆՆ ԵՄ ՀԵՏ ԳԱԼՈՒ». «ՆԵՄՐԱ» ԽՄԲԻ ՀԻՄՆԱԴԻՐ

1196

Տարբեր միջազգային խմբերից ոգեշնչվածությունը և բեմում ռոք խումբ լինելու հաճույքը զգալու մեծ ցանկությունը հիմք դարձան «Նեմրա» խմբի ստեղծմանը: Ինչպիսի՞ ճանապարհ է անցել խմբի հիմնադիր անդամ Վան Եղիազարյանը. բակային կյանքից մինչև գիշերները ծնվող երգեր, առաջին մենահամերգից մինչև ապագայում պլանավորած շրջագայություններ, այս ամենի մասին զրուցել ենք Վան Եղիազարյանի հետ։

Երբ փոքր էիք, ինչպիսի՞ն էիք Ձեզ պատկերացնում ապագայում։
– Փոքր ժամանակ պատկերացնում էի՝ կամ ֆուտբոլիստ կամ ջութակահար կդառնամ, երկու տարբեր բևեռներ, վերջը ոչ մեկն էլ չընտրեցի, ընդունվեցի Տնտեսագիտական համալսարան: Բայց հետո պարզվեց, որ ամեն դեպքում առանց երաժշտության չեմ կարող:

 –Նախքան «Նեմրա» խումբը ստեղծելը, ինչո՞վ էիք զբաղվում, երաժշտությունից բացի՝ այլ հետաքրքրություններ ունեցե՞լ եք։
– Նախքան «Նեմրան» երկու տարի պարապում էի, որ ընդունվեի համալսարան, էդ երկու տարին հիմնականում սովորում էի, հետո մի շրջան օֆիսային աշխատանքի էի անցել՝ համալսարանում սովորելուն զուգահեռ, իսկ դրանից առաջ բակային կյանքով էի ապրում, ինչպես 90-ականներին ծնված երեխաներից շատերը՝ դպրոցից տուն, տնային աշխատանքներ ու դեպի դուրս՝ ֆուտբոլ խաղալու մինչև մութն ընկնելը։ Երեկոյան կողքի շենքի աղջիկների հետ մաֆիա էինք խաղում, հալամուլա էինք խաղում մինչև ուշ գիշեր։ Լավ հիշողություններ կան էդ ամենի հետ կապված:

Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել «Նեմրա» խումբը։
– Տարբեր միջազգային խմբերից ոգեշնչված էինք և շատ էինք ուզում զգալ բեմում ռոք խումբ լինելու հաճույքը։ Երբ մի քանի երգ էի գրել, արդեն որոշեցինք խումբ ստեղծել: Կարծես՝ ստացվեց:

Ե՞րբ է եղել Ձեր խմբի առաջին մենահամերգը և որտե՞ղ։
– Առաջին մենահամերգը եղել է 2013 թվականի օգոստոսի 28-ին, իմ ծննդյան օրը, խմբի անդամների որոշումն էր: Համերգը տեղի ունեցավ Ստոպ ակումբում և ասեղ գցելու տեղ չկար, ինչը շատ զարմանալի էր մեզ համար: Ու երբ այդքան մարդու դիմաց հանգիստ ելույթ ունեցանք, վախ չկար ու հաճույք ստացանք, հասկացանք, որ ինչքան շատ մարդ լինի, ավելի մեծ հաճույք կստանանք:

Խմբի տեսահոլովակների մեկնաբանությունները կարդո՞ւմ եք։ Եթե այո, ապա կնշե՞ք մեկնաբանություններ, որոնք ամենից շատն են տպավորվել Ձեր մեջ։
– Առաջ բաց չէինք թողնում ոչ մի մեկնաբանություն, հիմա, եթե ժամանակ ենք ունենում, նայում ենք մեկնաբանությունները, բայց առաջվա պես կենտրոնացած չենք, հիմնականում տեսահոլովակների պրեմիերա անելու առաջին օրերին ենք ակտիվ հետևում ընդհանուր կարծիքը հասկանալու համար: Էս պահին կոնկրետ չեմ հիշի որևէ մեկնաբանություն, բայց շատ է լինում, որ ծիծաղում ենք, հուզվում ենք, ոգևորվում ենք կարդալուց:

 –
Խմբի տեսահոլովակներից  ո՞րն եք ամենաշատը սիրում։
– Ես այդքան չեմ սիրում նայել մեզ, բայց ամեն տեսահոլովակ իր պատմությունն ունի ու հիշողություններ է արթնացնում։ Երևի կառանձնացնեմ «The past has passed»-ը, քանի որ ոչ մի պլանավորված բան չկար, ու Կիևում մեր անցկացրած հիանալի ժամանակն ենք հիշում նայելուց:

Ինչպե՞ս են ստեղծվում խմբի երգերը։
-Խմբի երգերը շատ տարբեր ձևերով են ստեղծվում, ես հիմնականում գիշերներն եմ գրում, երբ բոլորը քնած են շրջակայքում։ Մարիաննան, օրինակ, մեր երգերից մեկը մետրոյում է գրել, Վասպուրը գաղտնի ձևերով գրում է, հետո՝ հոպ, միանգամից բերում, ցույց է տալիս․ բոլորս տարբեր ձևով ենք ստեղծագործում:

Ի՞նչը կարող է Ձեզ մոտիվացնել։
– Մեզ ցանկացած բան կարող է մոտիվացնել, կախված է տրամադրությունից, առանձին մարդիկ են մոտիվացնում նաև, ում մենք չենք էլ ճանաչում։ Ցավոք վերջերս ինձ հիմնականում վատ երևույթներն են մոտիվացնում, բայց դա էլ իր լավ կողմերն ունի, քանի որ այդպես երգերը շատ տարբեր են լինում:

Ի՞նչը կարող է Ձեզ նյարդայնացնել։
– Առհասարակ շատ նյարդայնանալու առիթներ կան, օրինակ նյարդայնացնում է տգիտությունն ու ինքնավստահությունը մեկ մարդու մեջ, նրանք մեծամասնություն են կազմում, նյարդայնացնում է, որ խեղկատակների դարաշրջան է, և հասարակությունը ավելի բարձր արժեք է համարում խուտուտ տալու արվեստը, ու էլի շատ այդիպիսի բաներ:


Ձեր սիրելի 3 գրքերը և  ֆիլմերը։
– Ես ֆիլմերը վայելում եմ, անցնում եմ առաջ, հիմնականում մոռանում եմ անունները, դերասանների անունները, ռեժիսորին, նույնն էլ գրքերի հետ կապված: Ինֆորմացիան չի պահպանվում ուղեղումս:


Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։
– Ամենամեծ ձեռքբերումը Nemra-ն է:

 –
Ապագայում ի՞նչ պլաններ ունեք։
– Ապագայում ունենք շրջագայելու պլաններ, կշարունակենք ձայնագրել մեր երգերը, թողարկել տեսահոլովակներ, ալբոմներ:

Հնարավո՞ր է հետագայում Ձեզ տեսնենք մեկ այլ ոլորտում։
– Ոչինչ չի բացառվում, քանի որ կյանքիս ընթացքում տարբեր բաներ հասցրել եմ փորձել, բայց վստահ եմ՝ ինչ էլ անեմ, ժամանակավոր է լինելու, հետո նորից երաժշտությանն եմ հետ գալու:

Հարցազրույցը՝ Գոհար Պետրոսյանի

2-րդ կուրս

Կիսվել