«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆՔ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ». ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԵՏ ՍԵՐՈԲ...

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆՔ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ». ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԵՏ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1366

Հայաստանում կան ուսանողներ, որոնք արտասահմանյան բուհեր ընդունվելու նպատակ ունեն։ Այդ ուսանողներից է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Թամարա Թովմասյանը։ Նա ցանկանում է ուսումը շարունակել Հնդկաստանում։

«Ես հնդիկներին, Հնդկաստանը շատ եմ սիրում, շատ կցանկանամ այնտեղ սովորել, ինչքան էլ, որ այնտեղի կրթական համակարգը լավագույններից չէ» – նշեց նա:

Կրթության որակ, տևողություն, դասավանդելու մեթոդ․ սրանք այն կետերն են, որոնք մտահոգում են Թամարային, և, որոնք շրջանակում նա կցանկանար փոփոխել։

«Ես կարծում եմ, որ մեկ մասնագիտություն սովորելու համար 4 տարին շատ երկար է։ Բակալավրիատի աստիճան ձեռք բերելու համար 1 տարի 6 ամիսն էլ բավական է։ Կցանկանայի, որ Հայաստանում զարգանար ոչ ֆորմալ կրթությունը»-նշեց նա։

Այս թեմայի շուրջ զրուցեցինք ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: Մեջբերելով Ֆրանսիայի և Գերմանիայի օրինակը՝ նա նշեց, որ  նույնիսկ նման հզոր երկրները ունեն արտահոսք դեպի անգլիախոս համալսարաններ, պատճառը, ըստ նրա դիտարկման, կրթության բարձր որակն է և լավ վարձատրվող աշխատանք գտնելու հնարավորությունները։

Ուսանողների համար լավ պայմաններ ստեղծելու համար փորձագետը մի քանի տարբերակներ առաջարկեց.

«Տարբերակներից մեկը՝ առաջարկել անգլիալեզու կրթություն։ Մենք պետք է մտածենք կրթության որակը բարձրացնելու մասին։ Համալսարանների ֆինանսական վիճակը շատ վատ է, լավագույն մասնագետները չեն ցանկանում դասախոս աշխատել, իսկ աշխատող դասախոսները միաժամանակ մի քանի տեղ են աշխատում և չեն կարողանում կենտրոնանալ»։

Ի տարբերություն Թամարայի՝ ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Մերի Հարությունյանը ցանկանում է մնալ հայրենիքում, իսկ եթե մեկնելու հնարավորություն ունենա, ապա միայն մի քանի ամսով։

«Իրականում Հայաստանի կրթությունը շատ լավն է։ Եթե փորձենք համեմատել, ապա, օրինակ, մաթեմատիկայի իմ գիտելիքները համապատասխանում են Ամերիկայի տնտեսագիտական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողի գիտելիքներին, իմ մտերիմ ընկերներից մեկը սովորում է Ամերիկայում, և ես երբեմն օգնում եմ նրան, այնինչ մաթեմատիկայի իմ գիտելիքները դպրոցական մակարդակի են»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Հայաստանում հաջողության հասնելու մեթոդը ունեցած ռեսուրսների ճիշտ օգտագործումն է։

Ուսանող Աննա Հակոբյանն էլ «Էրասմուս+»-ի կրթական-կամավորական ծրագրի միջոցով տարիներ առաջ մեկնել է Չեխիա և տեղի դպրոցներից մեկում դասավանդել է անգլերեն և հայոց մշակույթ: Դասավանդելուն միաժամանակ նաև ծանոթացել է համալսարանների, դպրոցների կրթական մեթոդներին։

 «Սիրում եմ բացահայտել այլ երկրների մշակույթներ և հենց դա է եղել պատճառը, որ ցանկացել եմ մեկնել»-նշեց նա:

 Նրա խոսքով՝ հայաստանյան համալսարաններում շատ բան կա փոխելու. դասաժամերի տևողությունը կրճատել, և հարմարեցնել այնպես, որ ուսանողը կարողանա սովորելուն միաժամանալ աշխատել:

 «Շատ ընկերներ ունեմ Չեխիայում, որոնք իրենք են աշխատում և վճարում իրենց ուսման վարձը, նաև հասցնում են գնալ դասերի և սովորել, ինչը այստեղ չես կարող. տուժում է կա՛մ աշխատանքը, կա՛մ ուսումը»:

Աննան նշեց, որ այստեղ ուսում ավարտելուն պես նորից մեկնելու է Չեխիա:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության, միջազգային կապերի բաժնի վարիչի տեղակալ Նաիրա Մնացականյանի խոսքով շատերի նպատակն է գնալ-սովորել այլ երկրում, որպեսզի այստեղ աշխատանք գտնելն ավելի հեշտ լինի:

«Երբ դու նշում ես, որ, օրինակ, սովորել ես Բոլոնիայի համալսարանում, այն որպես  առավելություն է դիտվում»։

Նա նշեց նաև, որ Եվրոպական համալսարաններում  դասավանդման մեթոդն է տարբերվում:

«Այնտեղ ուսանողը ինքն է պատրաստում հետազոտություններ և այլն, իսկ այստեղ այդպես չէ, պետք է մանրամասն ասես էջը, տողը, ինչպես պատրաստել և այլն։ Եվ հայ ուսանողները սրա հետ կապված որոշ դժվարություններ են ունենում այդ համալսարաններում»։

Նաիրա Մնացականյանի խոսքով այլ երկրներում կրթություն ստանալու համար հիմնականում դիմում են ԵՊՀ պետական տնտեսագիտական համալսարանից, ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության և  Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներից:

Սոնա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել