ԱՊՐԻԼԻ 2-Ը՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

ԱՊՐԻԼԻ 2-Ը՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

1449

Մանկական գրքի Միջազգային օրվա առթիվ ապրիլի 2-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ ցուցահանդես «Մանկական գրքի պատկերազարդման հայկական արվեստը» խորագրով։ Գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը ասաց, որ մանկական գրքի ցուցահանդես առաջին անգամ է կազմակերպվում, բայց այսուհետ դրանք մշտական բնույթ կկրեն։ «Մեր նպատակը տարբեր միջոցներով մարդկանց գրադարան բերելն է։ Այն պետք է լինի ոչ միայն գրքերի պահոց, այլ նաև մշակութային կենտրոն»,-ասաց Հրաչյա Սարիբեկյանը։ Նա նաև կարևորեց մեծահասակների համար նախատեսված գրքերի նկարազարդումը։ «Ցուցահանդեսի նպատակն է պատկերազարդման վերադարձը։ Արվեստի այս տեսակը դարձել է մանկական գրքի մենաշնորհը, սակայն ես ուզում եմ այդ արվեստը վերադարձնել բոլոր տեսակ գրքերին»։

Ցուցահանդեսում ներկայացված էին 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը հրատարակված նկարազարդ գրքեր` Հակոբ Կոջոյանի, Հրաչյա Ռուխկյանի, Գրիգոր Խանջյանի և այլոց նկարազարդումներով։ Ժամանակակից նկարազարդ գրքերը ցուցադրված էին «Զանգակ» և «Անտարես» հրատարակչությունների կողմից։

«Անտարեսի» գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, խոսելով իրենց նպատակների մասին, ասաց, որ իրենց խնդիրն է ներկայացնել ժամանակակից գրողների գրքերը այս արվեստի միջոցով։ «Մենք չենք ուզում, որ կարծիք ստեղծվի, թե դրսի գրողների գրքերը ավելի շքեղ են, քան մեր հայ հեղինակներինը»,- ընդգծեց Արքմենիկ Նիկողոսյանը։

Երևանում և առհասարակ Հայաստանում այս տեսակ ցուցահանդեսի անցակցման կարևորության մասին խոսեց «Զանգակ» հրատարակչության Մանկական գրականության խմբագիր Ալվարդ Ջիվանյանը․ «Այստեղ ցուցադրված են հայ նկարազարդողների աշխատանքները, և Ժամանակն է, որ Հայաստանում լույս տեսնող և հրատարակվող գրքերը ուղեկցվեն մեր նկարազարդումներով»։ Նա նաև հավելեց, որ նկարազարդումը շնորհալի միջնորդ է ընթերցողի և տեքստի միջև։

Ներկաները ծանոթացան նաև նկարազարդման արվեստի նրբություններին և գործընթացին։

Սոնա Մելիքյան

4-րդ կուրս

Կիսվել