ԶԳԱՑՄՈՒՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ՍՄԱՅԼԻԿ

ԶԳԱՑՄՈՒՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ՍՄԱՅԼԻԿ

4994

Եթե դուք էլ եք սոցկայքերում սմայլիկների քանակով ու տեսակով հասկանում ձեր ընկերների վերաբերմուքը, ուրեմն այդ փոքրիկ նշանները իրենց գործը լավ են անում:

Հոգեբան Սաթենիկ Գրիգորյանը պարզաբանում է, որ երբ Մարկ Ցուկենբերգն ու իր թիմը ստեղծում էին ֆեյսբուքը, ամեն ինչ անում էին, որ մարդու մոտ առաջանա դոֆամին հորմոնը և ստեղծի կախվածություն համացանցից: Այս սկզբունքով ստեղծեցին այնպիսի ֆիլտրեր, ինչպիսիք են՝ լայվը, հոլովակների տարածումը, մեսինջերի ձայնը, լայքը, ինչպես նաև սմայլիկները՝ սրտիկը, էնգրին, որոնք որոշակի հոգեվիճակ են ստեղծում, փոխանցում և արտահայտում.

«Լսելով մեսինջերի ծնգոցը՝ մարդիկ շտապ մուտք են գործում համացանց՝ տեսնելու՝ ով է իրենց գրել, նկար ներբեռնելիս հաճախակի մտնում են, որպեսզի տեսնեն՝ ովքեր են լայքել, ինչ սմայլիկներ են օգտագործել, ինչ մեկնաբանույթուն են գրել, և սրանից ստանում են հուզական բավարարվածություն, որն իրական կյանքում մարդկանց այնքան պակասում է»,- ասում է Սաթենիկ Գրիգորյանը:

Այսօր սմայլիկները մեծ տարածում ունեն, իսկ առանց սմայլիկ հաղորդագրությունները երբեմն համարվում են շատ չոր ու կոպիտ կամ պաշտոնական, թեև նույնիսկ մի շարք կազմակերպություններ օնլայն հարթակում իրենց հաճախորդների հետ շփվելիս սկսել են օգտագործել էմոջիներ (նույն սմայլիկն է):

Հոգեբան Սաթենիկ Գրիգորյանը նշում է՝ հնարավոր է, որ մարդիկ միևնույն սմայլիկը տարբեր կերպ ընկալեն.

«Նայած թե մարդու ընկալումն այդ պարագայում ինչպես է արտացոլում իրականության պատկերը, և մարդը ինչ հոգեվիճակի կրող է»,- Ս.Գրիգորյան:

Մեր կատարած հարցումը ցույց տվեց, որ օգտատերերի զգալի մասը ընկերների հետ շփվելիս դիմում է էմոջիների օգնությանը:

Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Հռիփսիմե Անանյանի կարծիքով խոսակցությունն այդպիսով ավելի ուրախ է դառնում, բայց նաև հավելում․

«Միայն բառերով էլ հաստատ կլինի զգացմունքները լիարժեք փոխանցել, սովորական հարցեր, առաջարկներ քննարկելիս չեմ օգտագործում»:

Աշակերտուհի Մանե Կյուրեղյանը շատ է օգտագործում էմոջիներ.

«Ճիշտ է, նրանք չեն կարող փոխարինել անմիջական շփմանը, բայց առանց դրանց նամակները ստացվում են ձանձրալի և անզգացմունքային» , – Մանեի խոսքով՝ այդպիսով ավելի հեշտ է ընկալել դիմացինի հոգեվիճակը:

Այն ինչ խոսակցության ընթացքում լինում են դեպքեր, երբ զրուցակիցները չեն հասկանում միմյանց, ընկերոջ՝ առանց սմայլիկի գրառումը ընկալում են որպես հեգնանք կամ սմայլիկի առկայությունն են սխալ մեկնաբանում:

Հարցումները ցույց տվեցին նաև, որ սմայլիկներից հաճախ օգտագործվողները ծիծաղող և սիրալիր էմոջիներն են: Սրտիկ, հարցական, ամաչկոտ և գլխի վայր ժպտացող սմայլիկները երկրորդ տեղում են:

Ըստ Socialbakers կայքի վիճակագրության՝ սրտիկ էմոջին ամենաշատն է օգտագործվել Մեխիկոյում, իսկ Հայաստանը ցածր  ցուցանիշ ունի՝ 4.41 տոկոս:

Ի դեպ, զգացմունքը սմայլիկ դարձնելու մտքի հեղինակը Սիգետակա Կուրիտան էր: Սկզբնական էմոջին հասանելի էր միայն Ճապոնիայում, բայց որոշները մտցվեցին Յունիկոդի մեջ, ինչը թույլ տվեց օգտագործել դրանք նաև այլ երկրներում: Արդյունքում Windows և Apple բջայիները դրանք օգտագործելու հնարավորություն ստացան:

Սմայլիկի ծնունդը նշում են սեպտեմբերի 19-ին, երբ նկարիչ Հարվի Բելը պատվեր ստացավ և նկարեց առաջին սմայլիկը: Այսօր էմոջիների թիվը գերազանցում է 3000-ը:

Միլենա Մովսեսյան

2-րդ կուրս

Կիսվել