ՄԱՐԴՈՒ ՀՈՒՅԶԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՎԱԽ

ՄԱՐԴՈՒ ՀՈՒՅԶԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՎԱԽ

2754

Մեզանից յուրաքանչյուրն, անկասկած, իր կյանքում ունենում է վախի զգացում։ Վախը մարդու հիմնական հույզերից մեկն է, ինչպես, օրինակ՝ ուրախությունը կամ զարմանքը։

«Վախը իրական կամ ենթադրյալ վտանգի նկատմամբ մարդու ներքին պատասխան ռեակցիան է։ Այն լիովին բնական զգացում է, քանի որ մեր օրգանիզմի ինքնապաշտպանական ռեակցիան է»,-նշում է հոգեբան Տիգրանուհի Աճեմյանը։

Վախի ապրման ժամանակ մարդու ֆիզիոլոգիայում սովորական վիճակի համեմատ տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ։ Բարձրանում է ցավային զգայության շեմը, մեծանում է սրտի զարկերի հաճախականությունը և ուժեղանում քրտնարտադրությունը։

«Մարդու միմիկաներում վախի զգացման ժամանակ դեմքը կարմրում է կամ հակառակը՝ գունատվում, բարձրանում են ունքերը, հայացքը դառնում է լարված, շուրթերի անկյունները ձգվում են դեպի ներքև և բացվում է բերանը»,-ասում է Տիգրանուհին։

Վախի զգացումը ինքնապաշտպանական բնազդ է, որը, թերևս, մարդկային ամենակարևոր բնազդներից մեկն է։ Վախեր կարող է ունենալ մեզանից յուրաքանչյուրը՝ հաճախ երեխաները։ Տարիքի հետ վախերի քանակը, բնականաբար, նվազում է։ Սակայն մեծահասակները ևս ապահովագրված չեն վախի զգացում ունենալուց։

Այն հարցին, թե արդյոք վախը հիվանդություն է, մասնագետը փաստում է․

«Ոչ, վախը հույզ է։ Վախը հիվանդություն չէ։ Կարևոր է հասկանալ, որ վախը նորմալ զգացում է։ Սակայն եթե մարդը հակված է հաճախակի, ամեն օր ունենալ այդ զգացումը, նույնիսկ փոքր պատճառների հետևանքով, և դա սկսում է խանգարել մարդուն, ապա ճիշտ ժամանակն է սովորել կառավարել սեփական հույզերը»։

Գոյություն ունեն տարբեր տեխնիկաներ, որոնց օգնությամբ հոգեբաններն այսօր բավականին արդյունավետ աշխատում են այցելուների հետ, ովքեր ունեն վախեր, ֆոբիաներ կամ տագնապային խանգարում։

«Երեխաների մոտ ավելի հաճախակի վախեր են հանդիպում մթությունից, տանը մենակ մնալուց, տարբեր կենդանիներից, միջատներից, անծանոթ մարդկանցից, բժշկից, ցավից, ներարկումներից, ինչպես նաև հեքիաթային հերոսներից, ջրից, կրակից, դասից ուշանալուց և այլն։ Եթե խոսենք մեծահասակների մասին, ապա նրանց մոտ հնարավոր է լինեն հանրության առջև ելույթ ունենալու, հարազատ մարդկանց կորցնելու, բարձրությունից, փակ տարածությունից վախեր և այլն։ Նախ պետք է բոլորս գիտակցենք, որ վախը բնական զգացում է։ Ապա անհրաժեշտ է ձևակերպել, թե կոնկրետ ինչի՞ց է մարդը վախենում, ինչո՞ւ է վախենում հենց դրանից, ինչի՞ց հետո է սկսել վախենալ, ի՞նչն է խանգարում հաղթահարել այդ վախը, ի՞նչ ուղի է ինքը՝ մարդը, տեսնում այդ վախի հաղթահարման համար»,- եզրափակեց հոգեբանը։

Քնարիկ Համազասպյան

2-րդ լուրս

Կիսվել