5%- Ի ՕՐԵՆՔ

5%- Ի ՕՐԵՆՔ

1126

Քաղաքականություն, գովազդ, PR, զանգվածային լրատվության միջոցներ, լուսանկարչություն ու նույնիսկ ընտանիք։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ հոգեբանական ազդեցիկ գործոն է մանիպուլյացիան։

Մանիպուլյացիան թաքնված հոգեբանական սարք է, որի նպատակն է այնպես անել, որ դիմացինը, հակառակ իր շահերին, կատարի անհրաժեշտը՝ ի օգուտ մանիպուլյատորի։

– Անհնար է վերահսկել իրավիճակը, եթե չգիտեք, թե ինչ է տեղի ունենում,- պարզաբանում է հոգեբան Էլոնա Ավետյանը,- հետեւաբար, մանիպուլյատորի չեզոքացնելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ մանիպուլյացիա է կիրառվում ու ինչպես է այն աշխատում։

Եթե ինչ-որ ամբողջի մեջ դրա 5%-ը միաժամանակ ինչ-որ գործողություն է սկսում անել, ապա մյուսները եւս սկսում են կրկնել այն։ Դրա գործելու պայմանը այն է, որ մարդիկ գտնվեն այնպիսի վիճակում, որ չգիտակցեն իրենց գործողությունների նպատակներն ու պատճառները։

Ամերիկացի հոգեբան եւ գրող Դեյլ Քարնեգի իր «Ինչպես ձեռք բերել բարեկամներ եւ ազդել մարդկանց վրա» գրքում նշում է. «Աշխարհում կա միայն մի միջոց՝ դրդելու որեւէ մեկին ինչ-որ բան անել, այն է` կարողանալ ստիպել ուրիշին ցանկանալ դա անել»։

Մանիպուլյացիայի այս ձեւը օգտագործում են ծնողները ` ստանալու համար այն, ինչ ցանկանում են։ Մանիպուլյացիա է, երբ ծնողը երեխայի մեջ գտնում է այն հույզը կամ ցավոտ տեղը, որին ճնշելով կկարողանա բավարարել իր ցանկությունը։ «Ծնողները հիմնականում օգտագործում են վախի կամ ամոթի գործոնները, օրինակ՝ «եթե քեզ լավ չպահես, քեզ կգողանան» կամ «ամոթ է, որ այդպես անես, քեզ վրա կծիծաղեն», – մեկնաբանում է հոգեբանը։

Մանիպուլյացիայի «տերերն» այսօր գովազդներն են։ Այդ պատճառով գովազդներում նկարահանվում են հայտնի աստղեր, որը բարձրացնում է վաճառքի հնարավորությունը։ Ռեստորաններում ու արագ սննդի կետերում գործի են դրվում մանիպուլյատիվ այլ գործոններ։ Այստեղ առաջին հերթին կարեւոր են լոգոները, հատկապես դրանց գույները։ Դեղին գույնը գրգռում է, իսկ կարմիրը սրում է ախորժակը եւ այցելուներին ներշնչում ավելի շատ ուտել։

Մանիպուլյացիայի համեմատաբար նոր տեսակ է ֆոտոմանիպուլյացիան։ Այն վիզուալ ձեւով լսարանի վրա հատուկ ազդեցություն է թողնում, քանի որ այն իրականի տպավորություն է ստեղծում եւ կեղծ պատմությունը դարձնում համոզիչ։

Ըստ Մակքինակ ՈւԿ աշխատակից Ջ. Օվերթոնի առաջարկած համոզման մեթոդի` յուրաքանչյուր գաղափարի կամ խնդրի համար գոյություն ունի այսպես կոչված  «հնարավորությունների պատուհան»։ «Տեղաշարժելով» այդ պատուհանը՝ հնարավոր է, որ նախկինում հանրության կողմից կտրականապես չընդունվեց գաղափարը հետեւողական ու գաղտնի տեղեկատվական գործողությունների արդյունքում հայտնվի քաղաքականության օրակարգում։

Քաղաքական մանիպուլյացիայի նպատակն է ձեւավորել ընտրողների որոշակի կարծիք եւ խրախուսել նրանց կատարել ընտրություն տվյալ սոցիալական խմբի օգտին։ Քաղաքական մանիպուլյացիան պահանջում է ներգրավել ու պահպանել ուշադրություն, ստեղծել բարենպաստ իմիջ։

– Հասկացեք, թե ինչու եք շահարկվում։ Փորձեք հասկանալ, թե ինչու է դա ձեզ գրավում, պահպանեք անձեռնամխելիություն,- խորհուրդ է տալիս հոգեբանը։

Լիլիթ Հովսեփյան

2-րդ կուրս

Կիսվել