ՀԱՎԵՐԺ ԿԵՆԴԱՆԻ՝ ԱՊՐՈՂՆԵՐԻ ՍՐՏԵՐՈՒՄ

ՀԱՎԵՐԺ ԿԵՆԴԱՆԻ՝ ԱՊՐՈՂՆԵՐԻ ՍՐՏԵՐՈՒՄ

1494

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործին նվիրումով ծառայելը հավատամք է յուրաքանչյուր ազնիվ հայորդու համար։ Այդ հավատամքով և հայրենիքի հանդեպ մեծ սիրով էր տոգորված նաև Հայոց բանակի զորամասերից մեկի շարքային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանը, ով մեկ տարի առաջ՝ ապրիլին, զոհվեց հայրենիքի առաջ իր պարտքը կատարելիս։

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Մադինա գյուղի զավակ Ալեք Կարապետյանի մահվան բոթը, վայրկենապես խոցեց ու տակնուվրա արեց հարազատների և համագյուղացիների, ընկերների և նրան ճանաչողների, անգամ անծանոթների հոգիները։ Չէին ուզում հավատալ, չէին կարող ընդունել, սակայն դաժան իրականությունը անհերքելի էր։ Խոր ցավն ու ափսոսանքն էր համակել բոլորին։ Վշտին ու ցավին զուգահեռ, սակայն, նրանով հպարտանալու զգացումը կար։ Այդ զգացումը կշարունակի ներշնչել ինքը՝ Ալեքը՝  իր մասին հիշողություններով, իր անմահ գործով, որի համար նրա հիշատակին արժանին է մատուցվել։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Ալեք Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ալեքն իր ծնողների երրորդ և կրտսեր զավակն էր։ Նրա ավագ  եղբայր Շիրինը ավարտել է զինվորական ծառայությունը հայոց բանակի շարքերում, իսկ քույրը՝ Ֆլորան,  սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Երբ զրուցում էի Ալեքի եղբոր՝ Շիրինի հետ, նա ասաց. «Ալեքը իմ ամեն ինչն էր՝ իմ հպարտությունը։Ես նրան սիրել ու վստահել եմ չափից շատ»: Շիրինի հետ հեշտ չէր զրուցելը. հասկանալի էր, որ շատ հարցեր անպատասխան էին մնալու։ Այն հարցին, թե ինչպիսին են զգացողությունները մի տարի անց, նա պատասխանեց. «Վիշտը վիշտ է մնում։ Իսկ այնպիսի վերքը, ինչպիսին իմն է, երբեք չի սպիանա։ Ուղղակի պետք է հասկանալ, որ այս ամենը իրականություն է։ Եվ ես վստահ եմ, որ Ալեքը և բոլոր նրանք, ովքեր իրենց անունը փառքով պսակեցին, ավելի երկար են հիշվելու, քան մեզանից յուրաքանչյուրը»:

Օրերս Ալեքի ծննդավայրում՝ Մադինա համայնքում, տեղի ունեցավ Ալեք Կարապետյանին նվիրված թանգարան-հուշակոթողի բացումը, որի պատին փորագրված է. «Կարոտի փողոց, Ալիկի տուն»:Միջոցառմանը ներկա էին Ալեքի հարազատները, ընկերները, համագյուղացիները, Մադինայի համայնքապետը, հյուրեր։ Ներկաներից շատերը խոսք ասացին նրա մասին, հիշեցին ու պատմեցին նրա հետ կապված պատմություններ, խոնարհումով խնկարկեցին նրա հիշատակը։

Հարազատներն ու մտերիմները Ալեքին «Ալիկ» էին կոչում։ Այն հարցիս, թե «ինչպիսի՞ զավակ էր Ալիկը», նրա համագյուղացիներից շատերը, հատկապես ավագները, պատասխանեցին.«Ալիկը Նվերի տղեն չէ, Ալիկը գյուղի տղեն է։ Անուշ բալա էր, թասիբով ու կատակասեր»:

Ալեքին սիրով ու ակնածանքով են հիշում բոլորը՝ անկախ տարիքից։ Վահանը Ալեքի մանկության ընկերներից է։ Երբ փորձեցի խոսել նրա հետ, սկզբում համաձայնեց, սակայն երբ սկսեցի հարցեր տալ, նա մի փոքր լռեց և ասաց. «Այս թեմայով չեմ կարող խոսել, դժվար է ինձ համար»: Միայն ավելացրեց. «Ալիկը թասիբով ընկեր էր»:

Ալիկի դասընկեր և մանկության ընկեր Կարենը ևս պատմեց, որ Ալիկը շատ էր տարբերվում բոլորից։ «Երբեմն մենք դասի էինք գնում հենց այն մտքով, որ Ալիկն էլ է գալու»,- ընդգծեց նա։

Երբ պատրաստում էի այս նյութը, փորձեցի զրուցել նաև Ալեքի ծառյակից ընկերների հետ։ Ուզում էի իմանալ, թե ինչպիսի՞ն է եղել նա ծառայության ժամանակ։

Կառլենի՝ Ալեքի ամենամոտ ընկերոջ հետ զրուցեցի էլեկտրոնային փոստի միջոցով։ Նա նշել է. «Ալեքը շատ լավ զինծառայակից ընկեր էր։ Նրա բնավորության գծերը շատ քչերը ունեն։ Ծառայության ընթացքում նա իր դրսևորած դրական հատկանիշներով շատ շուտով աչքի ընկավ և սիրվեց բոլորիս կողմից»: Կառլենը հիշեց նաև, որ Ալեքն ինքնատիպ էր նաև իր հումորներով ու զայրացած ժամանակ ունեցած պոռթկումներով։

Զրուցակիցներս բոլորն էլ վերստին փաստեցին այն միտքը, որ հայրենիքին պատվով ծառայած և նահատակված   Ալեքը և նրա նման բազում քաջորդիներ ապրողների սրտերում մնալու են հավերժ կենդանի:

Նաիրա Կարապետյան

4-րդ կուրս

Կիսվել