Այս տարի Երևանի պետական համալսարանը տոնում է իր հիմնադրման հարյուրայակը: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված միջոցառումները բազմաթիվ և բազմաբնույթ են:
Մայր բուհի տարեդարձին նվիրված ձեռնարկումներից մեկն էլ «Երևանի պետական համալսարանի պատմությունից» գիրք-ալբոմի հրատարակությունն է:
Արտաքին տեսքով ալբոմի ձևաչափ ունեցող յուրօրինակ այս գիրքը ներկայացնում է համալսարանի անցյալ ու ներկա ուղու համառոտ, սակայն ընդհանրական պատմությունը: Գրքում ներկայացված հետաքրքիր նյութերին և տվյալներին զուգահեռ զետեղված են համապատասխան պատկերներ և լուսանկարներ: Գրքի առաջին էջերում համալսարանի երևանյան առաջին`հին «սև շենքի» և ներկայիս կենտրոնական մասնաշենքի լուսանկարներն են , այնուհետև` մայր բուհի խորհրդանիշները և օրհներգը: Գիրք-ալբոմը սկսվում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և ՀՀ ԳԱԱ նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանի` համալսարանի առաջընթացի և ձեռքբերումների մասին խոսքերով:
Գրքի մասին զրուցեցինք ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանի հետ, ում ջանքերով էլ ստեղծվել է այն: «Համալսարանի հարյուրամյակին նվիրված գիրք-ալբոմի գաղափարը վաղուց էր ծնվել, դեռ տարիներ առաջ: Նպատակ ունեինք ստեղծել մի ալբոմ, որի մեջ ներկայացված կլիներ համալսարանը` հիմնադրումից մինչև այսօր»,- պատմեց տիկին Գասպարյանը:
Նա նաև ներկայացրեց գրքի կառուցվածքը: Տարբեր բաժիններում` համապատասխան խորագրերի ներքո, զետեղված են համալսարանի հիմնադրման վերաբերյալ կարևոր փաստաթղթեր, ուշագրավ տեղեկություններ բուհի գործունեության տարբեր շրջանների, ֆակուլտետների, մասնագիտությունների, դասախոսների և ուսանողների մասին և այլն: Անդրադարձ է կատարվել ստալինյան բռնաճնշումների ենթարկված համալսարանականներին, Հայրենական մեծ պատերազմի տարիներին համալսարանի ունեցած դերին, 1988թ. ազգային զարթոնքին և Արցախյան գոյամարտին համալսարանականների մասնակցությանը, համալսարանական ներկա կյանքին, ձեռքբերումներին: Առանձին բաժնում ներկայացված են ԵՊՀ բոլոր ռեկտորները` լուսանկարով և համառոտ կենսագրությամբ: Ուշագրավ են նաև «ԵՊՀ պարգևներ» խորագրի ներքո զետեղված մեդալների և հուշամեդալների, ԵՊՀ այցելած անվանի հյուրերի, ԵՊՀ պատվավոր դոկտորների մասին պատմող լուսանկարներն ու տեղեկությունները:
«Գրքի ստեղծման աշխատանքը տևել է շուրջ 5 տարի, օգտվել եմ Հայաստանի ազգային արխիվից, ԵՊՀ արխիվից, թանգարանի ֆոնդերից և համագործակցել բոլոր ֆակուլտետների դեկանների հետ: Գրքի ստեղծման ընթացքում շատ մեծ դեր ունեցավ Պատմության թանգարանը. այստեղ պահվող ամեն մի նկարի, իրի նայելիս ծնվում էր նոր գաղափար»,- նշեց տիկին Գասպարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ գիրք-ալբոմը տպագրվել է 300 օրինակով և կտրամադրվի համալսարանի բոլոր ֆակուլտետներին, առանձին ստորաբաժանումների, ինչպես նաև համալսարանի պատվավոր հյուրերին:
Սաթենիկ Խեբոյան
4-րդ կուրս