«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԿԱՆԱԼ՝ ԻՆՉԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՍԱՆՈՂԸ, ՈՒ ԱՇԽԱՏԵԼ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԿԱՆԱԼ՝ ԻՆՉԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՍԱՆՈՂԸ, ՈՒ ԱՇԽԱՏԵԼ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»

1509

Գայանե Ենոքյանը սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում: Նա Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈւԳԸ քարտուղարն է:  Գայանեն լրագրությունը համարում է լավագույն գործիքը շրջակա աշխարհն ուսումնասիրելու համար և միևնույն ժամանակ դեղատոմս՝ այն ավելի լավը դարձնելու։

Ինչպե՞ս ես կարողանում համատեղել աշխատանքը ուսման հետ:

-Իրականում մասնագիտությամբ աշխատելն ուսումնական գործընթացին շատ է օգնում, իսկ եթե արածիդ արժեքը հասկանում ես, անպատճառ ժամանակ գտնում ես դրա համար։

Ի՞նչ նախասիրություններ և հոբբիներ ունես:

-Ժամանակին իմ հոբբին լուսանկարչությունն էր, հիմա այն դարձել է աշխատանքիս մի մասը։ Երևի թե այս պահին իմ միակ հոբբին երգն է, որի ունկնդիրը ակամայից դարձել են մեր հարևանները։ 

Ի՞նչն ես համարում կյանքիդ ամենամեծ ձեռքբերումը:

-Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը ծնողներս են, որ հաջողել եմ ունենալ ծնվելուս պես, իսկ իմ խնդիրն է դառնալ նրանց կյանքի ամենամեծ ձեռքբերումը։

Ինչպե՞ս ես սիրում անցկացնել ազատ ժամանակդ:

-Երբեմն պարզամիտ ու որևիցե խորություն չունեցող ֆիլմեր եմ դիտում, կյանքն այդպես այնքա՜ն թեթև է դառնում։

Ի՞նչ ակնկալիքներ ունեիր, երբ որոշեցիր անդամակցել ՈւԳԸ-ին:

-Սովորաբար ուսանողական նման կազմակերպություններին անդամակցում են համալսարան ընդունվելու առաջին տարիներին, սակայն այնպես ստացվեց, որ ես դարձա ՈՒԳԸ անդամ ավարտական տարում։ Կարծում եմ՝ արժեր ավելի վաղ միանալ կառույցին, որպեսզի սովորելու հենց առաջին տարիներից զբաղվեի գիտական գործունեությամբ։ Կրտսեր համալսարանականներին խորհուրդ կտամ հենց այդպես վարվել։ Այս կառույցի դեպքում միայն ինքդ քեզնից պիտի ակնկալես, պիտի կարողանաս օգտվել ընձեռնված բազմաթիվ հնարավորություններից ու զարգացնես գիտական ներուժդ։

Արդարացան արդյոք սպասելիքներդ։

-Սպասելիքներն ինքս ինձնից չարդարացան։ Ավարտական տարին շատ խայտաբղետ ստացվեց, բայց որոշ գույներ ցանկալիից ավելի պակաս եղան։

Ի՞նչ խնդիրներ ես տեսնում այս ուսանողական կառույցում, և որո՞նք են, ըստ քեզ, լուծման ուղիները:

-Երևի թե խնդիրը ուսանողների ակտիվության պակասն է։ Լրատվական դաշտի այսօրվա մարտահրավերները լուրջ ուսումնասիրության և վերլուծության կարիք ունեն, որը կարող են անել հենց ուսանողները՝ ներգրավվելով ՈՒԳԸ աշխատանքներում։

ՈւԳԸն ուսանողներին հնարավորություն է տալիս

-Ձեռք բերել գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտություններ, զարգացնել դրանք ու ստանալ արդյունք՝ գիտական հոդվածների տեսքով։

 Հարցազրույցը՝ Միլենա Մկրտչյանի

3-րդ կուրս

Կիսվել