«ԵՍ ԾԱՂՐԱԾՈՒ ՉԵՄ»,- ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«ԵՍ ԾԱՂՐԱԾՈՒ ՉԵՄ»,- ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

2232

Ո՞րն է թամադայի և հանդիսավարի տարբերությունը։

– Հանդիսավարը տրամադրություն ստեղծող է, ինտերակտիվ վարող, նաև շոումեն, իսկ թամադան կենաց ասողն է։ Հանդիսավարն էլ որոշ դեպքերում դառնում է թամադա` կապված երեկույթի տեսակից, հյուրերի նախընտրությունից։

Ո՞րն է հանդիսավար դառնալու գլխավոր  նախապայմանը։

-Նախապայման չկա, յուրաքանչյուրն էլ կարող է հանդիսավար դառնալ։ Այսօր հանդիսավարների մեծ մասը երեկույթը վարում է անգիր սցենարով։ Ճիշտն ասած՝ ես էլ, բայց միանշանակ այդ անգիր արած սցենարը համեմում եմ, գեղեցկացնում երեկույթին համապատասխան։ Դա արդեն իմպրովիզ է ստացվում։

-Ինչքանո՞վ է հանդիսության լավ անցկացումը կախված հանդիսավարից։

-Հանդիսավարի առկայությունը պարտադիր է հայկական հանդիսությունների ժամանակ։ Երեկույթներին մարդիկ խմում են ու կա երաժշտություն։ Հանդիսավարը ուղղորդում, կառավարում է երեկույթի ողջ ընթացքը։

– Ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում հանդիսավարի աշխատանքին։

-Հայերը հաճախ շփոթում են տրամադրություն ստեղծելը ծիծաղեցնելու հետ։ Ես ասում եմ նրանց. « Ես չեմ եկել Ձեզ ծիծաղեցնելու, ես ծաղրածու չեմ։ Ես առաջարկում եմ ուրախանալ, ուրախացեք, եթե ուզում եք»։

-Որո՞նք են աշխատանքի դժվարությունները։

-Ես իմ սենյակում միշտ հանգստացնող դեղ եմ պահում։ Միակ դժվարությունը ամուր նյարդեր ունենալն է և, ինչու ոչ, համարձակությունը։

-Ինչպե՞ս եք վերաբերվում դերասանից կամ երգչից հանդիսավար դառնալուն։

-Ես որպես դերասան Հայաստանում հայտնի չեմ, չեմ կարող աշխատել հեռուստատեսությունում և ստանալ այն գումարը, որը կվաստակեմ այս աշխատանքից։ Դրա համար էլ ստիպված այս աշխատանքով եմ զբաղվում։

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա հանդիսավարը։

-Իր տեսքով, խոսքով ու պահվածքով պետք է լինի ուշադրության կենտրոնում։ Նա պետք է լինի զուսպ, համբերատար, խառնվածքով ` իշխող, դրության տեր։

-Կին հանդիսավարները այսօր ավելի քիչ են, նրանք ինչ-որ բանով զիջու՞մ են տղամարդկանց։

-Չէի ասի, կանայք էլ են լավ հանդիսավարներ, ուղղակի նրանց մեծամասնությունը խոսում է շատ ու երկար։ Ես նախընտրում եմ քիչ խոսել, որպեսզի մարդիկ ուրախանան։ Երբ մարդիկ «քեֆ չեն անում», այդ ժամանակ ես սկսում եմ խոսել։

Այսօր հնարավո՞ր է հարսանիք լինի առանց հանդիսավարի։

-Այո, այդ դեպքում կենաց ասում է քավորը կամ ընտանիքի ավագ անդամը։ Հանդիսության ընթացքը լինում է անկանոն։

Հարցազրույցը՝ Լիլիթ Հովսեփյանի

2-րդ կուրս

Կիսվել