Մեր օրերի մշակութային անցուդարձի, լուսանկարչության և մասնագիտական կրթության մասին խոսեցինք նկարիչ, լուսանկարիչ, գրող, «Sevada Art-studio»-ի սեփականատեր Սամվել Սևադայի հետ:
-Ունենալով սեփական արվեստի դպրոցը՝ ի՞նչ եք կարծում, լավ լուսանկարիչ կամ նկարիչ լինելու համար պարտադի՞ր է որոշակի մասնագիտական կրթություն ստանալը:
-Այսօր ուսումնական հաստատությունները շատ են, և կարծում եմ՝ անիմաստ է սեփական ուժերով փորձել ինչ-որ բան սովորել: Նույնիսկ Վան Գոգը, հակառակ տարածված այն կարծիքին, որ ինքնուս է եղել, նույնպես ստացել է նկարչական կրթություն: Լուսանկարչության դեպքում նույնպես այդպես է: Չնայած նրան, որ մարդը կարող է օժտված լինել մեծ տաղանդով, միևնույնն է, կան որոշակի կանոններ, որ անհրաժեշտ է իմանալ:
-Այսօր համացանցում շատ ենք տեսնում բազմաթիվ լուսանկարչական էջեր, ինչպես ե՞ք դրան վերաբերվում:
–Կարծում եմ՝ լավ է: Մարդիկ փորձում են զբաղվել, իրենց փնտրել: Լուսանկարչությունը կերպարվեստի ժանր է, եթե մարդ սիրում է ինքն իր համար նկարել, ապա նույնը կարող ենք ասել լուսանկարչության մասին: Բայց հանրությանը շատ հեշտ է թվում լուսանկարչական արվեստը: Մարդ կարող է անել վերջալույսի լուսանկար և կարծել, որ նա արդեն լավ լուսանկարիչ է: Սակայն բավական է նրան այլ թեմա տալ լուսանկարելու համար, և նա կարող է մոլորվել:
-Իսկ հանրությունը այս բազմազանության մեջ չի՞ շփոթի լավն ու վատը:
–Հանրությունը նույնպես պետք է կրթություն ունենա: Ի վերջո դիտելն էլ է արվեստ: Լավ լուսանկարը տարբերելու կամ լավ երժշտություն լսելու համար որոշակի պաշար է հարկարվոր: Իսկ մնացածը կդիտեն կամ կլսեն այն, ինչ մատչելի է և հասանելի լայն մասսաններին: Ամբողջ աշխարհում և մշակույթի ամեն բնագավառում միշտ այդպես է եղել:
-Ի՞նչն է ձեզ հիասթափեցնում:
–Մարդկային տգիտությունը: Ես շատ եմ շրջում ամբողջ Հայաստանի տարածքով և հիմնականում այդ ժամանակ էլ ականատես եմ լինում տարբեր դեպքերի: Օրինակ, երբ մեքենայից աղբը թափում են, քշում են միմյանց վրա, հայհոյում իրար կամ խախտում հերթը: Հիասթափվում եմ հենց դրանից էլ, երբ տեսնում եմ, որ մարդիկ չեն սիրում իրար:
-Ձեր սաների մեջ ապագա լուսավոր Հայաստանը տեսնու՞մ եք:
–Իհարկե, շնորհալի երեխաներ ես շատ ունեմ: Բայց չեմ սիրում, երբ ծնողները չեն հետևում նրանց: Կարծում են, որ միայն գումարը վճարելը բավական է: Բայց ինձանից կախված ամեն բան փորձում եմ անել նրանց համար: Ես նրանցից նկարելու հետ մեկտեղ պահանջում եմ նաև շատ կարդալ: Դա շատ կարևոր է ինչպես երևակայության, այնպես էլ գեղեցիկը նկատելու հատկության ձևավորման համար: Ի դեպ, նյութը կարող եք հենց այդպես էլ վերնագրել՝ շատ կարդացե’ք: Սա թող լինի մեր զրույցի նշանաբանը:
Հարցազրույցը՝ Սիրարփի Գալստյանի
4-րդ կուրս