«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԸ ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐ, ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ...

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԸ ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐ, ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱ «ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ»- ԻՑ». ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

1514

Առավոտյան տեղեկատվական-ժամանցային ծրագրերն իրենց ուրույն տեղն ու դերն ունեն մեր հեռուստաեթերում: Իմ զրուցակիցն է Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի խմբագիր և պրոդյուսեր Աննա Գալստյանը: Խոսել ենք առավոտյան հաղորդումներում առկա խնդիրներից, ինչպես նաև «Առավոտ լուսո» ծրագրից։

 -Աննա, ե՞րբ եք սկսում Ձեր աշխատանքային օրը:

-Առավոտյան ժամը 08։00-ից սկսվում է վազքը. տաղավարի վերադասավորում, ծրագրավարների արտաքին տեսք, այս բոլոր աշխատանքները պետք է համակարգել։ Փորձում ենք հասցնել ամեն բան և անել ամեն ինչ, որ հեռուստադիտողը դրական լիցքեր, լավ տրամադրություն ստանա «Առավոտ լուսո»-ից։

Մի փոքր կբացե՞ք փակագծերը. ինչպե՞ս են ընթանում ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

-Մինչ եթերը կատարվող աշխատանքներն ավելի ծավալուն են։ Յուրաքանչյուր շաբաթվա ավարտին խմբագրի և լրագրողների կողմից նախապես ուրվագծվում է հաջորդ օրերի ծրագիրը։ Պլանավորում ենք, թե լրագրողներից յուրաքաչյուրն ինչ նյութ պետք է պատրաստի, ինչի մասին պետք է խոսվի երկու ժամվա ընթացքում. ծննդյան տոներ, կարևոր իրադարձություններ, իսկ սցենարը գրվում է մեկ օր առաջ։ Տվյալ օրվա հաղորդավարներն անպայման ծանոթանում են տեքստին, հյուրերին և քննարկվող թեմայի շուրջ հարցեր նախապատրաստում:

Արտասահմանան հեռուստաալիքներն ավելի վաղ են սկսում իրենց ծրագրերը. ի՞նչ եք կարծում, չկա՞ անհրաժեշտ, որ մեզ մոտ էլ ժամային փոփոխություններ լինեն։

-Այո, ճիշտ եք նկատել։ Բացի այդ,  մեր հեռուստադիտողների մեծ մասը աշխատանքի շտապողներն են և վաղ են արթնանում: Ես նույնպես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի եթերը մոտ մեկ ժամ շուտ՝ ժամը 8-ին սկսելը։ Այս հարցն այժմ քննարկվում է։

Ի՞նչ բարդություններ և առանձնահատկություններ  ունի ուղիղ եթերը:

-Ամենօրյա հաղորդում էլի եմ ունեցել, բայց «Առավոտ լուսո»-ի ամենամեծ առանձնահատկությունը վաղ հեռարձակումն է: Հաճելի է առավոտյան հեռուստաընկերություն գալն ու ուղիղ եթերի ընթացքը համակարգելը։ Անկանխատեսելի, բայց շատ հետաքրքիր է աշխատանքը։ Երբեք չես իմանա, թե որ վայրկյանին ինչ կլինի. եղել է դեպք, երբ անջատվել է էլեկտրականությունը, և եթերը խափանվել է։

Մեր հեռուստաեթերում մի միտում  կա. գրեթե բոլոր հեռուստաընկերությունների առավոտյան ծրագրերի  հաղորդավարները ճանաչված աստղեր, դերասաններ են. Ձեզ համար որքանո՞վ է կարևոր հաղորդավարի հայտնի լինելը:

-Որպես խմբագիր` ինձ համար էական նշանակություն չունի հաղորդավարի հանրաճանաչ լինելը։ Ես առաջին հերթին կարևորում եմ մասնագիտական հմտությունների առկայությունը, կիրթ, գրագետ պահվածքը, եթերի մշակույթին տիրապետելու հմտությունը, նյութը ճիշտ մատուցելը։ Օրինակ, եթե հաղորդավարը որևէ երաժշտի կամ գրողի մասին է պատմում և չի կարողանում ասել նրա հեղինակած գոնե երկու ստեղծագործության անուն, դա արդեն փաստում է նրա զարգացած չլինելը, ինչը հաղորդավարի համար շատ վատ է։

-Հե՞շտ է եք աշխատում «Առավոտ լուսո»-ի հաղորդավարների հետ։

-Այո, շատ։ Թե՛ Նարեն և Ժակը, թե՛ Էրիկն ու Մանեն կարողանում են ճիշտ կատարել իրենց առջև դրված խնդիրը։ Անհամաձայնություններ ընդհանրապես չեն եղել, որովհետև չորսն էլ ճկուն, բանական մարդիկ են։

Վերջին ամիսներին «Առավոտ լուսո»ն նոր ձևաչափով է ներկայանում հեռուստադիտողին. նոր խորագրեր, առավոտյան նախավարժանք։ Իսկ ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում անել մյուս եթերաշրջանում։

-Իհարկե, արդեն կան նոր մտքեր։ Առհասարակ, այժմ հեռուստադիտողին ինտերակտիվություն և փոփոխություններ են անհրաժեշտ։ Էկրանից այն կողմ գտնվողը ևս ուզում է մասնակից լինել ծրագրին. մեր հեռուստադիտողի հետ կապն այժմ ֆեյսբուքյան էջի միջոցով է, ինչն այս դարաշրջանում նորմալ երևույթ է։ Մոտ ապագայում նախատեսում ենք ուղիղ կապերի, կադրից դուրս կապերի միջոցով դիտողին ևս ներգրավել եթերի մեջ։ Շատ գաղափարներ կան, որոնք սեպտեմբեր ամսից կփորձենք իրականացնել։

-Աննա, իսկ ի՞նչ կարծիք ունեք մեր հեռուստաեթերի առավոտյան ծրագրերի  մասին:

Որպես հեռուստատեսության աշխատակից և այս ոլորտին ծանոթ մարդ` կարող եմ ասել, որ մեր ամենամեծ խնդիրը հաղորդավարների պակասն է։ Մենք ունենք լավ, պրոֆեսիոնալ, այսպես ասած,  «շարմ»-ով հաղորդավարների կարիք, որոնցից էլ մեծապես կախված է ծրագրերի հաջողությունը։

Որո՞նք են  խմբագրի աշխատանքի բարդությունները։

-Ծավալը շատ է: Խմբագիրը պետք է հետևի և համակարգի թե՛ լրագրողների, թե՛ հաղորդավարների աշխատանքը: Չմոռանանք նաև եթերի ընթացքը կառուցելու մասին. թեմայի ընտրություն, հյուրի ընտրություն, երաժշտական լուծումներ և այլն։ Բարդություններ կան, սակայն երբ հաճույքով ես կատարում աշխատանքդ, ամեն ինչ ավելի քան հարթ է ընթանում։

Հարցազրույցը՝ Էմմա Հովհաննիսյանի

4-րդ կուրս

Կիսվել