Բազմաթիվ հետաքրքիր դերեր թատրոնում և կինոյում, համարձակ ու վառ կերպարներ, քննարկվող ու քննադատվող տեսակ. մեր զրուցակիցը Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանն է:
–Ե՞րբ հասկացաք, որ Ձեր կյանքի մեծ մասը ցանկանում եք անցկացնել բեմում:
-Իմ կյանքում ամեն ինչ փոխկապակցված է եղել: Դպրոցական տարիներից զբաղվել եմ մոդելային գործունեությամբ, նկարահանվել եմ տարբեր տեսահոլովակներում, թատերային և բեմական գործունեություն եմ ծավալել:Առաջին իմ բեմական փորձերը եղել են դպրոցում: Իմ ուսուցիչներից մեկը շատ հաճախ բեմադրություններ էր կազմակերպում, և մենք գեղեցիկ զգեստներով բարձրանում էինք բեմ: Հենց այդ տարիքից էլ նկատեցին ինձ և ավելի բարդ դերեր տվեցին:
Ես առանց մտածելու ընդունվել եմ Թատերական ինստիտուտի 0 կուրս:
Առաջին ներկայացումս խաղացել եմ Էդգար Էլբակյանի թատրոնում (Խամաճիկներ): Երկրորդ կուրսից արդեն նկարահանվել եմ սերիալներում, հետո ընդունվեցի Երևանի Կամերային թատրոն և մինչ օրս աշխատում եմ այնտեղ:
-Ինչպիս՞ի դեր ունի թատրոնը Ձեր կյանքում:
-Թատրոնը իմ կյանքում ունի դոմինանտ դեր: Երբ մենք պատրաստվում ենք ներկայացումների, թատրոնը մեզ համար դառնում է բնակավայր: Վերջին շրջանում պատրաստվում ենք երկու ներկայացման և գրեթե չենք բացակայում թատրոնից, նույնիսկ գիշերն ենք աշխատում մինչև լույս: Ինձ համար առանց թատրոն դերասանը նման է անտուն դերասանի:
-Արդյոք կա մի դեր, որի մասին երազել եք, և որը դեռ չեք հասցրել մարմնավորել:
-Ես երազում եմ խաղալ յուրաքանչյուր դեր, որը կհամապատասխանի իմ բնավորությանը և իմ տեսակին: Կցանկանամ խաղալ բազմագույն դերեր, որը կներկայացնեմ նորովի և այդ ամենի մեջ կունենամ իմ ներդրումը:
-Իսկ կ՞ա մի գրական հերոս կամ կերպար, որը միշտ նույնացրել եք Ձեզ հետ:
-Ո՛չ, չկա այդպիսի կերպար: Պարզապես եղել են մի քանի գրքեր, որոնք կարդացել եմ, և եղել են որոշ հատկանիշներ, որ նմանեցրել եմ ինձ, բայց չկա որևէ հստակ կերպար:
-Ե՞րբևէ Ձեզ ընտրության առաջ կանգնեցրել են՝ բեմը կամ մեկ այլ բան:
-Ո՛չ, նման դեպք չի եղել: Կարծում եմ, որ այդ խնդրի առջև կկանգնի այն մարդը, ով ընտրել է իրեն ոչ ճիշտ ուղեկից, ով ուղղակի չի գնահատում իր սիրած էակի մասնագիտությունը: Օրինակ ՝ ես չեմ ցանկանա ունենալ նման մարդ իմ կողքին, ով կարող է ինձնից վերցնել այն, ինչի համար տարիներ շարունակ պայքարել եմ: Հուսամ՝ երբեք չեմ ունենա այդ խոչընդոտը:
-Ի՞նչն եք ամենից շատ կարևորում Ձեր կյանքում:
-Ամենից շատ կարևորում եմ ճշմարիտ լինելը, և ես ինքս փորձում եմ ապրել այդպես: Վիլյամ Սարոյանի այս տողերը աստվածաշնչյան են ինձ համար․
«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից»:
Անահիտ Մարանջյան
4-րդ կուրս