Աշխարհում կատարվող հանցագործությունների ընդհանուր պատկերում զգալի տոկոս են կազմում ընտանեկան բռնությունները: Դա լուրջ հիմնախնդիր է, որից տուժում են հատկապես կանայք ու երեխաները:
Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ-ում բռնությունների թիվը նվազել է նախորդ տարիների համեմատ:
2015թ-ին ՀՀ-ում գրանցվել է 342 դեպք
2016թ-ին՝ 373դեպք
2017թ-ին՝ 317դեպք
2018թ-ին՝ 289 դեպք։
44-ամյա Ռուզան Սարգսյանը (կնոջ անունը պայմանական է ընտանեկան խնդիրներից խուսափելու համար) նույնպես բռնության զոհ է, սակայն նա երբևէ չի դիմել ոստիկանություն կամ որևէ այլ կազմակերպության:
«Ես ամուսնացած եմ, ունեմ երկու որդի: Ամուսինս տաքսու վարորդ է, բայց հետո հրաժարվեց աշխատանքից: Նա խաղամոլ ու հարբեցող է: Տուն է գալիս ուշ գիշերին, հարձակվում է ինձ վրա, և ստիպում որ իր համար գումար գտնեմ: Առանց խղճի խայթ զգալու հարձակվում է մոր վրա և խլում նրա թոշակը: Ավագ տղայիս ձեռքից վերցնում է իր աշխատավարձը և ստիպում մի քանի տեղ աշխատել, որպեսզի կարողանար իր պարտքերը մարել: Սկեսուրս էլ չդիմացավ, հեռացավ տանից, որոշ ժամանակ անց էլ ավագ որդիս մեկնեց Մոսկվա՝ տատիկի մոտ»:
Ռուզանը այժմ ապրում է փոքր տղայի և ամուսնու հետ: Ամուսնու հետ մնալու պատճառը՝ մեկն է.
«Այժմ ես ամուսնուս և 8-ամյա որդուս հետ եմ ապրում: Ամուսնուս հետ եմ, որպեսզի երեխաս առանց հայր չմեծանա: Բացի այդ, բաժանվելուց հետո պետք է վերադառնամ գյուղ՝ ծնողներիս մոտ, իսկ գյուղում երեխայիս համար հարմար պայմաններ չկան»:
Հոգեբանի խոսքով ՝ շատ դեպքերում կանայք չեն դիմում որևէ կազմակերպության՝ սոցիալական պայմաններից ելնելով:
«Այս խնդիրը կարող է նաև առաջանալ սոցիալական խնդիրների պատճառով: Շատ դեպքերում կանայք, այլ ելք չգտնելով, մնում են իրենց ամուսինների կողքին: Կարևոր է նաև ներանձնային խնդիրները: Այսինքն՝ այն անձը, ով դիմում է բռնության, իր մոտ կարող է դիտվել ցածր ինքնագնահատական, ինքնակառավարման անկարողություն: Դրանք հիմնականում նկատվում են այն մարդկանց մոտ, ովքեր չարաշահում են խմիչքը և օգտագործում են թմրանյութեր»:
Ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար օգտագործվում են քրեաիրավական, քաղաքացիական իրավական և վարչական-իրավական մեխանիզմներ:
Ըստ Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքի՝
եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ:
Այս ընտանիքում երբևէ չի եղել ոստիկանության կամ այլ իրավապահ մարմինների կողմից միջամտություն:
«Ես երբեք չեմ դիմել ոստիկանություն, քանի որ չեմ ցանկանում ամուսնուս տեսնել ճաղերի հետևում: Արդեն հարմարվել եմ այս ամենին և սա է իմ առօրյան: Միայն անհանգստանում եմ տղայիս համար, ով ստիպված է անցնել այս ամենի միջով, բայց չեմ էլ ցանկանում, որ նա առանց հայր մեծանա»,-նշում է Ռուզանը:
Ըստ հոգեբանի՝ անթույլատրելի է անչափահասին թողնել ծնողների համատեղ խնամակալության ներքո, եթե գոյություն ունի նրա նկատմամբ ծնողներից մեկի կողմից բռնության հիմնարար կասկած:
Որքան էլ բռնության դեպքերը նվազել են, այնուամենայնիվ, այս խնդիրը շարունակում է մնալ արդիական:
Անահիտ Մարանջյան
4-րդ կուրս