ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ ՕՐԵՑՕՐ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ

ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ ՕՐԵՑՕՐ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ

1013

Քաղաքացիները ստիպված են «ընդլայնել» գերեզմանատան տարածքները իրենց հարազատին հուղարկավորելու համար:  Ստացվում է այնպես, որ նրանք, ովքեր ապրում էին գերեզմանատների հարակից շրջաններում, այժմ ապրում են անմիջապես դրանց հարևանությամբ: Չհաշված այն հանգամանքը, որ Երևանի 21 գերեզմանատներից 10-ը մասնակի փակ են, այսինքն դրանցում տրամադրվող հողատարածքները սպառված են:

ԵՊՀ-ի էկոլոգիայի ու բնապահպանության ամբիոնի վարիչ, էկոլոգ  Կարեն Ղազարյանը նշում է, որ հսկայական հողատարծքներ ոչնչացվում են՝ վերածվելով գերեզմանատների. «Այն տարածքները, որոնք կարող էին օգտագործվել, օրինակ, գյուղատնտեսական նպատակներով, վերածվել են գերեզմանատների: Իրականում երևույթը ցանկալի չէ, որովհետև Հայաստանը, լինելով սակավահող երկիր, օգտագործվում է ոչ իր նպատակներով»:

Նոր Նորքի երկրորդ զանգվածում, խաղահրապարակին կից կա գերեզմանատուն: Երեխաները հաճախ են նախընտրում այնտեղ ֆուտբոլ, պահմտոցի ու այլ խաղեր խաղալ: Ֆիոնան, ով ունի 4 երեխա, ասում է. «Վախենալու չէ, արդեն սովորել ենք այնտեղ ապրել. ամենակարևորն այն է, որ շատ հանգիստ է էստեղ, վարձը էժան է, բացի դա՝ երեխաներս էլ արդեն հարմարվել են: Սկզբում մտածում էի երեխաներիս մասին, բայց այսօրվա երեխաները վախ չունեն, ամբողջ օրը գերեզմաններում են խաղում»:

Ֆիոնան փորձում է չդժգոհել, բայց հարևանուհին ասում է, որ պատրաստվում է տեղափոխվել. «Այստեղ ամեն առումով էլ վատ է: Հատկապես երեկոյան, երբ մութն ընկնում է, դուրս իջնելն անհնար  է»։

Օրենքով չի սահմանվում գերզմանների հատուկ ձև, բայց փաստ է, որ դրանք պետք է լինեն բնակելի տներից, դպրոցներից, առողջապահական, հասարակական այլ շենքերից ու հանգստյան գոտիներից  առնվազն 300մ. հեռավորության վրա. «Երբ դասից գալիս եմ, միանգամից իջնում եմ բակ խաղալու: Ամբողջ օրը դրսում եմ: Ցերեկը ես ուժեղ աղջիկ եմ, չեմ վախենում, բայց գիշերները վախենում եմ: Էդ ժամանակ վազում եմ, մամայիս եմ արթնացնում, իրեն գրկում եմ ու նոր կարողանում եմ քնել», -ասում է 8-ամյա Գայանեն, ով, չնայած իր վախերին, միևնույն ժամանակ նշում է, որ շատ է սիրում իրենց տունն ու բակի ընկերներին:

Մեկը մյուսից աչքի ընկնող, շքեղ ու ճոխ քանդակներով, բայց վարկ ու պարտքի միջոցով հանգուցյալների երազանքի գերեզմանատների համար տարածքներն այլևս քիչ են: Այն փաստը, որ գերեզմանատները մոտ են բնակելի տարածքներին, և երեխաները ստիպված են այնտեղ խաղալ ու անցկացնել իրենց օրվա մեծ մասը, շատ հաճախ առաջ են քաշում մի շարք հոգեբանական խնդիրներ. «Յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է, և դժվար է ասել, թե այդ փաստը որքանով կազդի երեխայի հոգեբանության վրա:  «Միանշանակ հետք կթողնի, հնարավոր է առաջանան որոշակի բարդույթներ հետագա տարիներին: Բայց կարող է լինել նաև հակառակը. տվյալ անձը տարիներ անց կարող է մահվան հանդեպ ունենալ խաղային վերաբերմունք՝ այսինքն չունենա վախ մահվանից»,- ամփոփեց հոգեբան Սյուզաննա Մուրադյանը:

Կարինե Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել