«ՍՊՈՐՏԸ ՆՄԱՆ Է ԽԱՆԴՈՏ ԿՆՈՋ»․ ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ

«ՍՊՈՐՏԸ ՆՄԱՆ Է ԽԱՆԴՈՏ ԿՆՈՋ»․ ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ

1114

Հարցազրույց օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ։

– Ինչպե՞ս եք սկսում ձեր օրը:

– Շատ հագեցած, շատ ակտիվ: Մի բան, որ չի փոխվում՝ նախաճաշն է: Ճաշացանկը փոխվում է, բայց նախաճաշը պարտադիր է: Ու երբ հարցնում են՝ ինչպես անենք, որ նիհարենք, ինչպես անենք, որ ճիշտ սնվենք, բոլորին  խորհուրդ եմ տալիս՝ օրը սկսել ճիշտ նախաճաշից: Առողջ սննդի կողմնակից եմ: Նախաճաշս ո՛չ շատ յուղային է, ո՛չ շատ ճարպային, հիմնականում տարբեր տեսակի խյուսեր, կաթնամթերք, վերջում, ըստ ցանկության՝ կա՛մ թեյ, կա՛մ սուրճ և մի փոքր էլ քաղցրավենիք:

– Օրվա շարունակությունն ինչպե՞ս է լինում:

– Կախված է այն բանից, թե ինձ մոտ ինչ փուլ է՝ հավաքների եմ, մարզումների, թե ազատ եմ: Եթե կան նիստեր ԱԺ-ում, քառորյան է սկսվել, միանգամից մեկնում եմ ԱԺ, եթե ոչ՝ մի քիչ ավելի ուշ եմ գնում, իսկ մինչ այդ առօրյա տարբեր գործեր՝ հանդիպումներ, դիմումներ տարբեր հարցերով: Աշխատում եմ օրվա ընթացքում հասցնել կազմակերպել 2-3 հանդիպում:  Օրվա ընթացքում պարտադիր մեկ անգամ սպորտային մարզում եմ անում: Եվ երեկոյան արդեն ավելի շատ ընտանիքիս հետ եմ ժամանակ անցկացնում:

Հարցազրույցներից մեկում նշել եք, որ վերջին հաղթանակը պատասխանն էր 2016թ. ծագած հարցերի: Կմանրամասնե՞ք:

– Եթե ընդհանուր ասեմ՝ հարցեր էին, թե արդյոք իմաստ ունի, որ Արսեն Ջուլֆալակյան մարզիկը շարունակի իր պրոֆեսիոնալ կարիերան,  ի վիճակի է բարձր մակարդակով համատեղել օրենսդիր աշխատանքը և պրոֆեսիոնալ սպորտը: Եթե իմաստ ունի, ապա հնարավոր է, կամ ուզում է, թե ոչ: Այսպիսի հարցեր. ես ներքուստ գիտեի դրանց պատասխանները։ Բայց մի բան է քո իմանալը, մի բան է փաստով ապացուցելը, որովհետև հակառակ դեպքում կմտածեն, որ դու ուղղակի ինքդ քեզ ես պաշտպանում, կամ փորձում ես արդարանալ։

– Մարտի բռնվելիս կապ ունի՞ հակառակորդի ազգությունը:

– Աշխատում եմ չկենտրոնանալ, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ մեր ազգաբնակչության շրջանում միշտ էլ կա ադրբեջանցի և թուրք մարզիկներին  հաղթելու պահանջ: Չգրված օրենք է և չգրված պահանջ: Ինքս տեսնում եմ, թե ինչքան են ուրախանում դրանով մեր հայրենակիցները, անընդհատ շեշտում են, հպարտանում են այդ հաղթանակներով: Ես էլ փորձում եմ լավագույնս անել, որպեսզի այդ ուրախության ակնթարթները նրանց պարգևեմ:

-Ըմբշամարտում կարևորու՞մ եք հոգեբանական հաղթանակը:

– Անչափ, շատ կարևոր է. տարիքի հետ կապված էլ ավելի է կարևորվում: Բացատրեմ՝ ինչու: Դու տարիքով ավելի երիտասարդ ես, պատանի ես, այդ ժամանակ հոգեբանության վրա այդքան մեծ շեշտադրում չես անում, երևի թե չես էլ հասկանում դրա անհրաժեշտությունը, ամեն ինչ ստացվում է ինքստինքյան: Տարիքի հետ, երբ ավելի գիտակից ես դառնում, շատ հարցերի այլ կերպ ես նայում, ամեն ինչ նկատում ես, արդեն հոգեբանությունը ավելի մեծ դեր է սկսում խաղալ: Շատ կարևոր է մրցումներից առաջ լինել հոգեբանորեն պատրաստ:

Ըմբշամարտի տակտիկական  հնարքները պետք գալի՞ս են Ազգային ժողովում, թե՝ ոչ

(Ծիծաղում է):

-Ոչ, ու, պատասխանելով այս հարցին, խորհուրդ կտայի, որ ոչ ոք երբևէ չմտածեր ԱԺ-ում ուժ կիրառեկու մասին, որովհետև դա ցիվիլ մարդուն, ցիվիլ ազգին  հարիր բան չէ: Մենք օրենսդիր մարմին ենք և  պետք է օրենքներ ստեղծենք, զբաղվենք օրենսդիր գործնեությամբ, օրինակ ծառայենք հասարակությանը, ոչ թե զբաղվենք առանց կանոների մարտերով:

-Ավելի հեշտ է մարտի բռնվե՞լ, թե մասնակցել ԱԺ քննարկումներին: 

-Բացարձակ տարբեր բաներ են. մեկը սպորտի ոլորտ է, մյուսը՝ օրենսդիր:  Երկուսն էլ  պահանջում են հավասարակշռվածություն: 

– Օրենսդրական ի՞նչ նախագծի վրա եք աշխատում: Ի՞նչ հարցերով են Ձեզ դիմում մարզիկները, ծանոթները, հարազատները:

-Մարզիկները  ամենատարբեր հարցերով են դիմում: Նրանք, ովքեր պատրաստվում են  թողնել պրոֆեսիոնալ սպորտը, խնդրում են աշխատատեղով ապահովել: Ես էլ փորձում եմ գտնել աշխատանք իրենց ուզած ոլորտներում` թե՛ անձնական կապերի միջոցով, թե՛ դիմելով որպես պատգամավոր: Այստեղ մի խնդիր կա. ոչ միայն մարզիկները, այլև հասարակությունը մտածում է, թե պատգամավորի գործառույթները նման են գործադիրին: Այդպես չէ. պատգամավորը իրականում պետք է օրենսդիր գործունեությամբ զբաղվի. նա գործատու չէ:  Հատկապես այսօր պատգամավորների մեծ մասը չունի սեփական բիզնես, և շատ բարդ է աշխատանքի տեղավորել տարբեր մարդկանց: Բայց, միևնույն է, օգտագործելով իմ անունը, կապերը (դրական առումով), փորձում եմ մարդկանց դիմումներին ընթացք տալ, դիմել տարբեր կազմակերպությունների, ծանոթների, որպեսզի ազատ աշխատատեղ ունենալու դեպքում ընդունեն, եթե, իհարկե, վերջիններս համապատասխանում են չափորոշիչներին: Իսկ օրինագծերի վերաբերյալ, օրինակ,  վերջերս ամբիոնից հարց տվեցի կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերաբացման հետ: Դա համար մեկ խնդիրն է. անչափ շատ են դիմում այդ հարցով, խնդրում են մեկ օր առաջ բացել:

-Օլիմպիական խաղերին մասնակցելը չի՞ խանգարում Աժ-ի ձեր աշխատանքին:

-Իրականում օլիմպիական խաղերը շատ մեծ նվիրվածություն ենպահանջում: Եվ միշտ ասում եմ, որ սպորտը նման է խանդոտ կնոջ և ցանկանում է, որ շատ ուշադիր լինես իր հանդեպ: Հիմա էլ չեմ հերքում: Փորձում եմ այդ կարևոր փուլերում, երբ կարևոր մրցումների եմ պատրաստվում, ավելի շատ ուշադրություն դարձնել սպորտին: Բայց սա եղել է նաև «Իմ քայլը» խմբակցության կոլեգաներիս հետ այն պայմանավորվածություններից մեկը, որ ես ունեցել եմ մինչ պատգամավոր դառնալը: Մինչև 2020 թվականը ես չեմ կարող սպորտը թողնել և պետք է կարողանամ համատեղել:  

-Գիտեմ, որ սրճարան ունեք: Ովքե՞ր են լինում Ձեր սրճարանի հյուրերը: 

-Այո, ես համասեփականատեր եմ. մասնաբաժին ունեմ: Տվել եմ վարձակալության արդեն մոտ 4 կամ 5 ամիս: Մինչև այդ պասիվ ներդնող էի: Մայիս ամսին կվաճառենք սրճարանը: Նախաձեռնությունն իմ կողմից է եղել. անձամբ որոշեցի իմ բաժինը վաճառել մի քանի պատճառներով․ նախ, որպեսզի չխանգարի սպորտին և օրենսդիր գործնեությանը, երկրորդ, որպեսզի  չլինի մեղադրանք, թե ես բիզնես եմ  կառավարում: Իսկ հյուրերը մշակույթի գործիչներ են, անուններ չտամ, որպեսզի չստացվի կեսին ասեցի, կեսին՝ ոչ:

-Ի՞նչ կնախաձեռնեք հետագայում:

-Եթե ընտանիքս ինչ-որ հետաքրքիր բիզնես առաջարկի, կաջակցեմ:

-Ձեր մանդատ ունենալը օգնո՞ւմ է բիզնեսը պահպանելուն: 

-Նախ այդ սրճարանը առաջիններից մեկն է քաղաքում, ես հետագայում եմ դարձել  համասեփականատեր, և երբեք այդ սրճարանը խնդիր չի ունեցել: Միշտ աշխատել ենք ճիշտ, մաքուր, հարկերը վճարելով: Պետք է նշեմ, որ, եթե ինչ-որ բիզնես չի փորձում թաքցնել հարկերը, ստվերով աշխատել, բացառված է, որ խնդիր ունենա ՊԵԿ-ի կամ հարկային մարմինների հետ: Ես ունեմ բազմաթիվ ընկերներ այլ բնագավառներում, ովքեր մաքուր են աշխատում և  տարիներ շարունակ երբեք էլ խնդիր չեն ունեցել: Այլ բան է մեծ բիզնեսը, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել:

-Ըմբշամարտիկ, պատգամավոր, բիզնես, ասպիրանտուրա, ինչպե՞ս եք համատեղում, ընտանիքին ժամանակ մնո՞ւմ է:

-Բիզնեսն արդեն ասացի, անձամբ չեմ ղեկավարել երբեք, ամիսը մեկ երկու կարևոր հանդիպումներ համասեփականատերերի հետ, որպեսզի հասկանանք՝ ընդհանուր աշխատանքն ինչպես է գնում և հո լուրջ խնդիր չկա: Ասպիրանտուրան բնականաբար շատ աշխատատար էր: Հիմա վերջին փուլն է, հասել է արդեն տեխնիկական մասը, թեզը ճիշտ կառուցել, հանձնել ԲՈՀ, կան չափորոշիչներ, որ պետք է համապատասխանեցնես, սեղմագիրը ճիշտ ձևով գրես: Այսինքն բուն աշխատանքն արված է, մնում է հարմարեցնել պահանջներին: 

Ազգային ժողովի և սպորտի մասին արդեն խոսեցինք: Աշխատում եմ  երեկոները անցկացնել  ընտանիքիս հետ: Կիրակիներն ամբողջապես ընտանիքինն են: 

-Որպես դասախոս աշխատելու նպատակ կա՞: 

-Այո կա, և առաջարկ էլ կա հենց իմ՝ Միջազգային հարաբերությունների ամբիոնից: Ցանկությունը միշտ էլ եղել է, ուղղակի այս փուլում դա հաստատ չեմ հասցնի. միգուցե Օլիմպիական խաղերից հետո, երբ կավարտեմ պրոֆեսիոնալ կարիերաս: Բայց ենթադրում եմ՝ կյանքիս ինչ-որ մի փուլում կզբաղվեմ նաև դասախոսությամբ:

Հարցազրույցը՝ Միլենա Մովսեսյանի

2-րդ կուրս

Կիսվել