ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ․ ՉԻՆԱՍՏԱՆ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ․ ՉԻՆԱՍՏԱՆ

1440

Երբ նրանք փորձում են սահմանել սերը, ստացվում է երկար-բարակ պատմություն, թե ինչպես է հնարավոր «խորտակվել» անծանոթ մշակույթի ծովում, վերցնել նրանից այն, ինչ գեղեցիկ է, արժեքավոր ու հոգեհարազատ։

Լայն իմաստով Արևմուտքի` գիտության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում գտնվող երկրներն իրենց ազդեցությունը արդեն վաղուց են տարածում ոչ միայն և ոչ այնքան տեխնիկայի, որքան մշակույթի միջոցով։

Փորձը ցույց է տալիս, որ չինական մշակույթի գրավչությունն անհաղթահարելի է։ Այդ գրավչությունը հենց Չինաստանում վայելելու համար  նրան սիրահարված Սուսաննան դիմացավ մեկ ամիս միայն բանան ուտելու դժվարությանը։ «Բանանը միակ բանն էր, որին իրենք ձեռք չէին տալիս»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Սուսաննան ու հավելում, որ հիգիենայի առումով չինական քաղաքներն այնքան էլ նախանձելի վիճակում չեն։

Լինելով տնտեսապես ամենազարգացած երկրներից մեկը, Չինաստանն, իրավացիորեն նաև ամենահակասականներցից է։ Այստեղ ավելի քան 30 միլիոն մարդ ապրում է ժայռափոր տներում, շատերն էլ՝ օրական միայն մեկ դոլար եկամտով։

Հայերիս այդքան անհանգստացնող խցանումները, որոնք տևում են ամենաշատը մի քանի ժամ՝ Չինաստանում ձգվում են օրեր։ Ի դեպ, ամենաերկար խցանումն էլ Չինաստանում է «արտադրվել»։ Այն տևել է 12 օր՝ 99 կմ երկարությամբ։

Այս հակասությունները օտարերկրացիների համար տարբեր դժվարություններ են առաջացնում։ Սուսաննան ասում է, որ իր հետ կրթությունը շարունակելու մեկնած երիտասարդներից ոմանք չկարողացան հաղթահարել մշակութային շոկն ու վերադարձան Հայաստան։ Այսօր նրա համար, սակայն, ծիծաղելի են մեկ տարի առաջվա դժվարությունները։ 25-ամյա Սուսաննան ներկայումս դասավանդում է ԵՊՀ Չինարենի և չինական մշակույթի կենտրոնում։

Աչքերը փայլում են, երբ հարցնում ես՝ ինչն է դրդում սովորել չինարեն ու էլ չկտրվել նրանից։

Ասում է, որ չինարեն մեկ նախադասություն սովորելն անգամ ստիպում է տարվել այդ լեզվով։ Ըստ նրա` չինական մշակույթի պարագայում չկա կոնկրետ երևույթ, որն ամենից շատ է գրավում երիտասարդներին։ Ամենայն հավանականությամբ այս պարագայում էլ օգնում է յուրահատկություն ու արտասովորությունը։

Այսօր Հայաստանում չինարեն ուսումնասիրելու եղանակները շատ են։ ԵՊՀ-ում էլ մի քանի տարի առաջ է բացվել Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը։  Սուսաննան այստեղ հայտնվել է անմիջապես Չինաստանից վերադառնալուց հետո։ Տարեվերջին սակայն, կրկին կմեկնի` կրթությունը շարունակելու նպատակով։

Սուսաննան նախորդ տարին Չինաստանում անցկացրել է լեզուն ուսումնասիրելու համար։ Չինարենը չունի բոլորիս այդքան ծանոթ կառուցվածքը։ Այն նույնիսկ կանոնակարգված այբուբեն չունի։ Տարբեր տեսակի են նաև հիերոգլիֆները։ Այս ամենը մի քանի անգամ բարդացնում, բայցև ավելի հետաքրքիր են դարձնում լեզուն սովորելու գործընթացը։ Չինարենի հիմնական բարդությունը 50 հազարի հասնող հիերոգլիֆները սովորելն է։ Այն առավել հեշտացնելու համար մարդիկ փորձել են նաև չինական բառերը նմանեցնել իրերի։

Հետաքրքիր է նաև ողջ աշխարհին տեխնիկա մատակարարող երկրի մոտեցումը դրանց արտադրությանը։ Հայտնի խոսքը, թե չինական ապրանքն անպայման անորակ պետք է լինի` սուտ է։ Բանն այն է, որ Չինաստանում արտադրվում է նույն ապրանքի մի քանի տարբերակ։ Դրանցից ամենաէժաններն ու անորակներն են հիմնականում արտահանվում և վաճառվում։

Ի դեպ, չինարեն սովորել ցանկացող հայերի համար կան նաև առցանց կուրսեր։

Անի Ն․ Ավետիսյան, Անի Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել