ՀՆԱՐԱՎՈՐ Է 22 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ 3 ՏԱՐՎԱ ՍՏԱԺ ԵՎ ՏԻՐԱՊԵՏԵԼ 3 ԼԵԶՎԻ....

ՀՆԱՐԱՎՈՐ Է 22 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ 3 ՏԱՐՎԱ ՍՏԱԺ ԵՎ ՏԻՐԱՊԵՏԵԼ 3 ԼԵԶՎԻ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

1397

«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կամ առնվազն քաղաքացիների մի մասը կամ առնվազն իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր ժամկետային զինծառայություն չեն անցնում, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»: Այս մասին ապրիլի 22-ին ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշելով մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան ասուլիսին քաղաքացիներից մեկի հարցը:

Ըստ Զբաղվածության պետական գործակալության տվյալների՝ 2019թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 82.7 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.9 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ աճել՝ 0.9%-ով: Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է ավելի քան 27 հազ. մարդ, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են մոտ 39%: Գործազուրկների թվում առաջատարը 30-44 տարեկան անձինք են՝ 41%, իսկ 16-29 տարեկանների մոտ 21%-ն է գործազուրկ:

Հայաստանում 22 տարեկանում 3 տարվա աշխատանքային փորձ ունենալու համար մարդիկ պետք է սկսեն աշխատել 19 տարեկանից: Այդ տարիքում սովորաբար 2-րդ կուրսում են սովորում, քանի որ դպրոցն ավարտում են 18 տարեկանում:

Հնարավո՞ր է արդյոք 22տ. 3 տարվա աշխատանքային փորձ ունենալ

 Ուսանող Անի Ավետիսյանը խոսքով՝ թեև կան մասնագիտություններ, որոնց դեպքում մասնագիտական փորձ ունենալը բարդ է, այնուամենայնիվ կան նաև աշխատանքներ, որոնք կարելի է համատեղել կրթության հետ, ձեռք բերել փորձ ու շատ այլ հմտություններ:

Ուսանող Սոնա Սողոմոնյանը հակադարձում է. «Կարծում եմ՝ սովորելու տարիներին աշխատելու դեպքում ուսանողի ուսումը կտուժի։ Ես համալսարանն ավարտելու եմ 22 տարեկանում ու միայն դրանից հետո եմ պատրաստվում իմ մասնագիտությամբ աշխատել»:

Ուսանող Գառնի Մութաֆյանն էլ հավելում է. «Աշխատանք դժվար է գտնում հատկապես այն ուսանողը, ով անվճար համակարգում է սովորում. այս պարագայում համադրելը շատ դժվար է»:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներից Աննան մեզ հետ զրույցում պատմեց, որ ուսումնառության ընթացքում՝ 2-րդ կուրսից սկսած աշխատել է՝ սովորելով անվճար համակարգում։ «Դժվար է, բայց անհնար չէ: Պարզապես արթանանում ես շատ վաղ, վազում աշխատանքի, այնուհետև՝ դասի, երեկոյան նորից աշխատանքի, իսկ գիշերն արդեն դասերը: Օրգանիզմին սովորեցնելու խնդիրն է, բայց փոխարենը ավարտում ես աշխատանքային փորձով և, իբրև քիչ թե շատ կայացած մասնագետ, շատ ավելի լավ աշխատանք կարող ես գտնել՝ շատ ավելի բարձր աշխատավարձով»։

ԵՊՀ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի կարծիքով՝ միանշանակ հնարավոր է համատեղել կրթությունն ու աշխատանքը. «Այսօր գործատուները հաճախ են մեզ դիմում խնդրանքով, որ իրենց անհրաժեշտ են մտածող, պոտենցիալով, դեռ չկայացած մասնագետներ, որոնք 2-3-րդ կուրսից կկարողանան առավել մոտիկից ծանոթանալ աշխատանքին ու հմտություններ ձեռք բերել աշխատանքային պրոցեսում, որն ակադեմիական կրթության միջոցով հնարավոր չէ ձեռք բերել»: Նրա խոսքով՝ գործատուները ցանկանում են այդ մտածող, պոտենցիալով կորիզը վերցնել ու աճեցնել իրենց ուզած կադրին: «Դա կարող է նաև պրակտիկայի առաջարկ լինել, որի շնորհիվ ուսանողը մեծ փորձ ու հմտություն է ձեռք բերում, որն իրեն մեծ հնարավորություն է տալիս հետագայում էլ ավելի կայանալ որպես մասնագետ»,-նշում է Կ. Նազարյանը:            

«Շատ լայն են հնարավորությունները տնտեսագետների, իրավաբանների, լրագրողների համար, ակտիվ են աուդիտորական կազմակերպությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Շատ ուսանողներ ազատ գրաֆիկով աշխատանքի են գնում SMM (Սոցիալական մեդիայի մարքեթինգ) ոլորտում»,-նշում է կենտրոնի տնօրենն ու հավելում, որ լինում են նաև այնպիսի ոլորտներից առաջարկներ, որոնց արձագանքը թերի է լինում կամ չի լինում այնպիսին, ինչպիսին պետք է, օրինակ՝ մանկավարժների դեպքում, քանի որ աշխատավարձերը գրավիչ չեն։

Լինում են նաև դեպքեր, երբ ուսանողը չի համապատասխանում ներկայացվող պահանջներին. «Օրինակ՝ ոչ բոլոր ապագա կենսաբաններն են ունենում այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են»։ Կարինե Նազարյանի խոսքով՝ չկա հստակ վիճակագրություն, թե ուսանողների քանի տոկոսն է աշխատում, բայց կան ոչ շատ մեծ թվով ուսանողներ, որոնք կարողանում են համատեղել այս երկուսը:

 Հնարավո՞ր է արդյոք 22 տարեկանում 3 օտար լեզու իմանալ

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Մարի Գևորգյանը գիտի 5 լեզու: «Սա մեր ֆակուլտետի առավելությունն է, բայց լեզուների իմացությունը կախված է մասնագիտությունից»,-նշում է նա ու հավելում,- «Դպրոցներում մեծամասամբ լեզուները լավ չեն ուսուցանվում, բացի դա՝ ֆակուլտետներ կան, որտեղ ընդունվելու համար դիմորդը օտար լեզու չի պարապում, հետագայում էլ անցնում են միայն հայերեն ու ռուսերեն, այն էլ՝ ոչ քերականություն, միայն՝ խոսակցական»: Նրա խոսքով՝ լեզուն կարևոր է, բայց ոչ բոլորն էլ ունակ այն սովորել: Հայաստանյան դպրոցներում 2-րդ դասարանից ուսուցանվում է ռուսերեն, իսկ 3-րդից՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն կամ այլ օտար լեզու: Սակայն միշտ չէ, որ, ավարտելով դպրոցը, մարդը լավ է տիրապետում օտար լեզուներին: «Իրականում բոլոր արմատային խնդիրները գալիս են դպրոցից։ Մարզերում լեզվի մասնագետների խնդիր կա, արդյունքում ինձ ռուսերեն դասավանդել է հայոց լեզվի մասնագետ, ով կարդալ ու գրել գիտի ռուսերեն»,-նշում է ուսանող Զարա Ղազարյանը։

Եթե նախկինում Հայաստանում ռուսերենն էր համարվում 2-րդ օտար լեզու, ապա այժմ պատկերը մի փոքր այլ է: ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի ամբիոնի դասախոս ասիստենտ Սաթենիկ Սարոյանի խոսքով՝ անգլերենը շատ վաղուց դարձել է հայաստանյան դպրոցներում ու բուհերում դասավանդվող կարևորագույն առարկաներից մեկը։ «Այն միանշանակ կարող ենք համարել 2-րդ լեզուն՝ հայերենից հետո»։

Սակայն փաստն այն է, որ ոչ բոլոր դպրոցներում է անգլերենը ուսուցանվում որպես օտար լեզու: Թեև անգլերենը գրանցված առարկա է եղել ավագ դպրոցում, ուսանող Զարա Ղազարյանը դպրոցում անգլերեն չի անցել, սակայն կարդալ, գրել, մինչև A3 մակարդակ, համացանցի միջոցով սովորել է։ «Համալսարանում առաջին խնդիրն այն էր, որ օտար լեզուների ընտրության հնարավորություն չկար: Անկախ նրանից, թե ինչ օտար լեզու ենք անցել դպրոցում, բոլորս համալսարանում անգլերեն ենք սովորում»,-նշում է նա ու հավելում, որ դասախոսների համար ևս բարդ է. «մի խմբում աշխատում են 10 մեթոդով»: Զարայի խոսքով՝ արդյունքում ստացվում է այնպես, որ ուսանողը լեզվին լավ տիրապետելու համար պետք է դիմի անհատական պարապմունքների. «Համալսարանական վարձին գումարվում են նաև 2, շատ դեպքերում՝ 3 լեզվի անհատական պարապմունքները ու ստացվում է խառնաշփոթ»: Զարայի խոսքով՝ համալսարանը հստակ ծրագիր ունի՝ այն պետք է ուսանողին բարձրագույն կրթություն տա, ոչ թե տառեր, թվեր ու գույներ սովորեցնի. «Համալսարանը մեղք չունի, որ դպրոցը չի ապահովել այդ տարրական գիտելիքները»:

ԵՊՀ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը չի հերքում, որ կան համակարգային խնդիրներ. «Բայց պետք չէ համալսարանին կամ դպրոցին մեղադրել օտար լեզու չիմանալու մեջ, մարդն ինքը պետք է իր վրա աշխատի. կարելի է պարզապես համակարգչով օտար լեզվով հաղորդում նայել, ֆիլմ դիտել, այսօր այնքան լայն են հնարավորությունները, և եթե ինչ-որ տեղ թերանում է երիտասարդը, իր մեղավորությունն է»:         

Ի՞նչ խնդիրների են բախվում ուսանողները աշխատանքի ընդունվելիս

 ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկել են ուսման վարձավճարների վերաբերյալ օրենքի նոր նախագիծ: Ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ նախագծով պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը:

Սակայն անգամ այս նախագիծը չի փրկի ուսանողներին աշխատանքի ընդունվելիս խնդիրների բախվելիս: Նախկին համալսարանական Զարինե Գրիգորյանը մի քանի խնդիրներ առանձնացրեց, օրինակ՝ տարիքային և սեռային սահմանափակումները. «Ընկերներիցս մեկն աշխատանքի ընդունվելիս պարտականություններին ծանոթանալիս նկատել է, որ գրված է՝ դիմեն միայն 22-28 տարեկան անձիք»: Բացի դա, IT ընկերություններից մեկը, որտեղ պատրաստվում է աշխատանքի ընդունվել, նախընտրում են իգական սեռի աշխատողներին. «Ընկերությունը նշում է՝ իգական սեռի ներկայացուցիչներն ավելի պատասխանատու են և պարտաճանաչ»:

Իրավաբան Տաթև Սողոյանի խոսքով՝ եթե նման տարբերակվածությունը իրավաչափ նպատակ է հետապնդում, ուրեմն նորմալ է. օրինակ՝ լինում են դեպքեր, երբ աշխատանքի ընդունվելիս հաշվի են առնում արտաքին տեսքը, որը պետք է պայմանավորված լինի իրավաչափությամբ. սպասարկման ոլորտի համար որոշ դեպքերում կարող է արդարացված լինել, ոչ սպասարկման ոլորտի համար կարող է արդարացված չլինել: «Չկա գրված օրենսդրություն, ըստ որի, այս կամ այն բանը պահանջելը կամ չպահանջելը արգելվում է: Այստեղ գնահատողական սահմանը շատ նուրբ է, իրավիճակային է, որին ես այնքան էլ կողմ չեմ: Պետք է լինի ֆիլտրող մարմին, որ պաշտպանի աշխատողի իրավունքը»: Իրավաբանի խոսքով՝ աշխատողի իրավունքները պաշտպանվում են դատական կարգով, իսկ արտադատական կարգով պաշտպանվում են, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով:

Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Նազարյան

2-րդ կուրս

Կիսվել