ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ԹԱՏՐՈՆՆ Է, ՄԵՐ ՏՈՒՆԸ . ԹՈՂ ԲՈԼՈՐՆ ԱՅՑԵԼԵՆ ՄԵՐ ՏՈՒՆ

ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ԹԱՏՐՈՆՆ Է, ՄԵՐ ՏՈՒՆԸ . ԹՈՂ ԲՈԼՈՐՆ ԱՅՑԵԼԵՆ ՄԵՐ ՏՈՒՆ

2015

Հանրապետության որոշ մարզային թատրոններ պատկառելի կենսագրություն ունեն, որոնցից մեկը Գավառի Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնն է: Գավառցիները կատակում են, թե թատրոնի շենք ունենալու համար շա՜տ վաղուց իրենք շշեր են հավաքել-հանձնել, որից ստացված գումարով կառուցվել է թատրոնի շենքը: Նրանք հպարտանում են մեկ դարյա պատմություն ունեցող իրենց թատրոնով և ամիսներ առաջ շահագործման հանձնված նոր շենքով:

1990-ականներից  թատրոնի պայմանները թույլ չեն տվել նորմալ ստեղծագործելու, շենքը վթարային է եղել, բայց դա չի խանգարել, որ մարդիկ աշխատեն: Մշակույթի տան սենյակներից մեկը  դարձրել էին «թատերաբեմ», թեպետ մշակույթի տունն էլ մի լավ պայմաններում չէր: Հետո մշակույթի տանը փոխարինել է այրված դպրոցի շենքը:

– 2015 թվականին, երբ նշանակվեցի թատրոնի ռեժիսոր, չգիտեի, որ աշխատելու եմ վառված դպրոցում, քանի որ թատրոնի շենքն ամբողջությամբ փլվել էր, ու մարդիկ տեղափոխվել էին վառված դպրոց,- թեթև ժպիտով է հիշում գլխով անցած -գնացածը թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանը,- Երևանից եկած դերասանները զարմանում էին, թե ինչպես ենք այդ պայմաններում աշխատում.  իսկ մենք այդ պայմաններում աշխատեցինք երեք տարի, ավելին` մասնակցեցինք փառատոնների:

Ամենահին թատրոններից մեկը, որն ունի 135 տարվա պատմություն, առաջին անգամ իր բացումն ազդարարել է 1884 թվականի ապրիլի 9-ին Րաֆֆու  «Սամվել»  պատմական ողբերգության բեմադրմամբ: Անձնակազմը սկզբում որոշել էր, 2018 թ. նոյեմբերի 23-ին թատրոնի նոր  շենքի բացումը ևս ազդարարել այդ ներկայացմամբ: Բայց, քանի որ  առկա է  համապատասխան կադրերի պակաս, չեն կարողացել: Փոխարենը հանդիսատեսին գերել է «Սալոմե»-ն:

–  Երբ ասում ենք մարզային թատրոն, հետևից գալիս են մի շարք խնդիրներ` սկսած կադրային հարցերից մինչև ներկայացումներ բեմադրելը: Թատերական ինստիտուտն ավարտելիս` ես ներսից ծանոթ էի Հ. Պարոնյանի անվան թատրոնի աշխատանքներին` մեծ կոլեկտիվ և դրանից հետո միանգամից հայտնվեցի Գավառի թատրոնում, որտեղ շենք չկար։ Բացի շենքի խնդիրներից, ներկայացումներ բեմադրելու համար չկային համապատասխան հնարավորություններ»,- վերհիշեց գլխավոր ռեժիսորն ու հավելեց, որ ախնդիրներից մեկն  անցյալում է` առկա է նոր շենքը:

1935թ. ժողովրդական թատրոնի հիման վրա / գործել է 1884թ.-ից/  Կամո քաղաքում (ներկայիս Գավառ) հիմնվեց պետական թատրոն: Թատրոնի հիմնադիրներն էին  վաստակավոր արտիստներ Հրանտ Մանվելյանն ու Կլարա Ավետիսյան-Մանվելյանը, անվանի կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի ծնողները՝ Վաղինակ և Վարդուհի Դովլաթյանները և այլ արտիստներ: 1959թ. թատրոնը անվանակոչվել է Լևոն Քալանթարի անունով:

Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնն ունի 14 հոգուց բաղկացած թատերախումբ, որը, սակայն, թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանի խոսքով, հիմնանորոգման / 2011թ-ից/  7 տարիների ընթացքում ստեղծագործական պարապուրդի չի մատնվել․

– 2011 թվականից մինչև շինարարության ավարտը երբևիցե թատրոնը իր գործունեությունը չի դադարեցրել: Նույնիսկ մեզ կոչում էին «թատրոն անիվների վրա»: Շրջում էինք ամբողջ մարզում ներկայացումներով: Բեմադրել ենք  Շիրվանզադեի «Ուներ իրավունքը», Մարկ Կամուլետիի «Սիրային իրաշփոթ», Անդրեյ Ուրեյչիկի «Զգուշացեք, կանայք են», ժամանակակից գրող Դերենիկ Մարտիրոսյանի «Կախարդված Ձյունանուշը», Գևորգ Սարգսյանի «Մեր տան տերերը», ռեժիսոր Հերմինե Անդրիկյանը իրականացրել է Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Սամսոն Մովսիսյանն էլ՝ «Հայաստանի լեռներու սրնգահարը» ստեղծագործությունները:

Գավառի թատրոնն ունի աշխատակցիների կարիք, սակայն նրանց համար նախարարության կողմից հատկացված հաստիկներ դեռ չունեն.

 – Մեր թատրոնի շենքի հիմնանորոգման ընթացքում կրճատվել են շատ կարևոր հաստիքներ՝  բեմի բանվորի, հսկիչների, դերձակի, դերասանների և այլն ,- ավելացնում է Ղափանցյանը: Թատերական ինստիտուտում ուսանում են երիտասարդներ մեր մարզից: Այնպես, որ ռեզերվում կադրային պակաս չունենք. խնդիրը հաստքների բացակայությունն է:

Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա, ըստ Հայկ Ղափանցյանի, շենքի հիմնանորոգման տարիներին սկզբում հանդիսատեսի հետ կապված խնդիրներ ունեցել են․

-Դժվարությամբ էինք դահլիճ լցնում: Բայց աշխատանքներ տանում էինք այդ ուղղությամբ, և հանդիսատեսը սիրեց մեր ներկայացումներն ու սկսեց հաճախել: Անգամ եղել են ներկայացումներ, որ երկու օր ենք խաղացել, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան դրանք դիտելու: Սկսած 1892 թվականից թատրոնը տվել է ճանաչված ու վաստակաշատ դերասաններ. հյուրախաղերով այս բեմում խաղացել են հայ մեծանուն դերասաններ Վահրամ Փափազյանը, Բաբկեն Ներսիսյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը և այլն: Հիմա շենքը կրկին հետաքրքրություն է  առաջացրել ժողովրդի մեջ, և  հիմա խաղացանկում ունենք ութ ներկայացում:

Թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքներին Կառավարության աջակցության հետ միասին օգնության են հասել Գեղարքունիքի նախկին ու ներկայիս մարզպետները: Մարզպետ Գնել Սանոսյանը ոգևորված է թատրոնի նոր շենքով, և լիահույս, որ այն կհագեցնի մարզի մշակութային կյանքը.

-Մեր նորանկախ երկրում նմանը չունեցող այս կառույցը նպաստելու է մարզում մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը, մշակութային և համայնքային կյանքի աշխուժացմանը, ինչի  պակասը իրոք կա: Սա բոլորիս թատրոնն է, մեր տունը, թող բոլորն այցելեն մեր տուն:

Գավառի Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմի անդամների խոսքով իրենք միշտ էլ երախտապարտ են լինելու նման կառույց ունենալու համար: Մտածում են` ի՞նչ բեմադրել, որպեսզի մարզում դիտեն բոլորը: Չնայած` գաղափարները սահմաններ չեն ճանաչում: Թատրոնի խաղացանկը բավական հագեցած է: Ունեն նաև  մանկական ու մոնո ներկայացումներ:

– Թատրոնի դերասանական կազմը երբեք չի հուսահատվել: Նույնիսկ ամենադժվարին պայմաններում նրանք խաղացել են, հյուրախաղերով շրջել մարզի տարածքում, հույս ունենալով, որ գալու է այդ օրը ,- հավելում է թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանը,- այսուհետ այս շքեղ կառույցում թատերախումբն ավելի հարուստ խաղացանկով հանդես կգա, հաճույք պատճառելով հանդիսատեսին: Հույս ունեմ, որ մարզի թատերասեր հասարակույթունը կվերականգնի նախկին ավանդույթը ու սիրով ու հետաքրքրությամբ կայցելի թատրոն:

Գավառցիները վստահեցնում են, որ հին ու բարի ավանդույթները կշարունակեն իրենց սերունդները:

-Մենք թատրոնի շենքի դռների մոտ ենք մեծացել: Թաքուն լուսամուտից  ու դռնից ենք նայե, ու էտ դերասանական ձևերը մեզ դուր է էկե,- բարի ժպիտով հիշում է 70- ամյա Գառնիկ պապը,- հիմա էլ թոռներիս ու իրանց էրեխեքին եմ տանելու: Թատրոնը լավ բան է, մեջը իմաստություն կա:

Մշակույթի նախարարությունը աջակցություն է խոստացել թատրոնի հետ կապված հետագա հարցերում: Դե իսկ Գավառի թատրոնն էլ  նախապատրաստվում է հյուրընկալել մայրաքաղաքային թատրոններին՝ մարզի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով․

-Թատերական շաբաթ ենք ունենալու այս տարի, հրավիրվելու ենք մայրաքաղաքի և մնացած մարզերի թատրոններից, փառատոն ենք անկացնելու: Դրա համար մեզ շատ աջակցել է Մշակույթի նախարարությունը,- եզրափակում է Գավառի Լևոն Քալանթարյանի անվան դրմատիկական թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը:

Ի հավելում նշենք, որ ՀՀ-ում կա 27 թատերահանդեսային կազմակերպություն, որոնցից 17-ը դրամատիկական թատրոն է, 4-ը՝ երաժշական, 5-ը՝ տիկնիկային և 1 –ն էլ Պատանի հանդիսատեսի թատրոնն է: Դրանցից 18-ը գտնվում են Երևան քաղաքում, մնացած 9-ը մարզերում են.  Արարատի մարզում մեկ թատրոն,  Գեղարքունիքի մազում ևս մեկը,  Լոռու մարզում կա երեք թատրոն, Կոտայքում մեկ, Շիրակի ու Սյունիքի մարզերում էլ երկուական թատրոն: Իսկ Գավառի Լևոն Քալանթարի անվան թատրոնի շենքը նմանօրինակ մշակութային հաստատություններից միակն է, որ կառուցվել է նորանկախ Հայաստանում: 

Դիանա Ճաղարյան

5-րդ կուրս

Կիսվել