Նորաձևության տենդենցներն աշխարհում ամեն օր են փոխվում: Մարդկանց մի մասը հետևում է նորաձևությանն ամենայն լրջությամբ, ծանոթ է վերջին նորամուծություններին, իսկ մյուս մասը կամ սկզբունքորեն դեմ է նորաձևությանը, կամ բացարձակ ուշադրություն չի դարձնում ու չի հետաքրքրվում դրանով:
Լոուրեն Հաթոնն ասում էր «Նորաձևությունն այն է, ինչ առաջարկում են դիզայներները տարին 4 անգամ։ Ոճն այն է, ինչ դուք ընտրում եք ներկայացվածից»։
21-ամյա Լարիսան ասում է, որ սիրում է մոդայիկ հագնվել, ամենաշատը նախընտրում է կարճ կիսաշիջազգեստներ կրել, որով կարողանում է ցուցադրել իր երկար ու գեղեցիկ ոտքերը․ «Փորձում եմ մոդային զուգընթաց գնալ, քանի որ այն ինձ դուր է գալիս: Եթե նոր բան է լինում շուկայում, ես այն անպայման պիտի ունենամ, ինչքան էլ թանկ լինի, ու թեկուզ ինձ չսազի»:
Իսկ 27-ամյա Ինեսան իրեն լավ է զգում տղամարդու հագուստ կրելիս: «Հենց խանութ եմ մտնում, առաջինը տղամարդկանց բաժին եմ գնում, որովհետև խենթանում եմ էդ սիրուն պիջակների ու վերնաշապիկների համար: Շատ ժամանակ խանութի աշխատողը մտածում է, թե սխալ եմ եկել ու ուղորդում դեպի աղջիկների բաժին (ծիծաղում է)»:
Ոճաբան-դիզայներ Արմենուհի Ոսկանյանը կարծում է, որ հայ երիտասարդությունը հետևում է նորաձևությանը, ավելին` սիրում է գեղեցիկ հագուստ կրել: «Մեկ-մեկ գալիս են ու էնպիսի հագուստներ են պատվիրում, որ ծիծաղս գալիս է, մարդ էլ կա, էնպիսի մի սիրուն բան է ուզում, բացատրում, որ կարեմ, իսկապես հաճույք եմ ստանում: Նույնիսկ լինում է,որ երիտասարդները իրենց ծնողի հետ են գալիս, համոզում, որ ծնողը հավանի, ընտրի կտորը ու հագուստի ձևը որոշի: Սրանով նրանք էլ իրենց ճաշակն են թելադրում ծնողներին. գովելի է:
Նորաձև լինելը թույլ է տալիս ինքնավստահ ու համարձակ լինել: Եվ ինչպես
Էդիթ Հեդն է ասել՝ «Դուք կյանքում կարող եք ունենալ այն ամենն, ինչ ցանկանում եք, եթե ճիշտ հագնվեք»։
Սոնա Սողոմոնյան
2-րդ կուրս