ԿԱՐԵՎՈՐԵԼՈՎ ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԸ․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆԻ ՀԵՏ

ԿԱՐԵՎՈՐԵԼՈՎ ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԸ․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆԻ ՀԵՏ

1436

Երեխաները, նրանց անձնական կյանքը և անձնական տվյալները, նրանց ֆիզիկական և հոգեբանական հասունության ոչ բավարար մակարդակով պայմանավորված՝ ավելի շատ պաշտպանության կարիք ունեն: Դա նշանակում է, որ երեխայի ոչ հասուն լինելը, որը նրան դարձնում է խոցելի, պետք է փոխհատուցվի համարժեք պաշտպանությամբ և հոգատարությամբ: Սակայն նրանց անձնական տվյալները  պարբերաբար վտանգի են ենթարկվում ծնողների, ուսումնական հաստատությունների, հարազատների և նաև հենց նրանց՝ երեխաների կողմից։ Երեխաների անձնական տվյալների պաշտպանվածության, խախտումների ու դրանցից խուսափելու մասին զրուցել ենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանի հետ։

-Տիկին Դոյդոյան, Դուք նախկինում ղեկավարել եք  նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ ընթացքում երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրազեկվածության բարձրացման համար։

-2017թ․-ին Գործակալությունը մշակեց ուղեցույց՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին։ Ուղեցույցի նպատակն է ապահովել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության միասնական մեկնաբանումը, իրազեկել երեխաներին, ծնողներին ու տվյալներ մշակողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին և բարձրացնել երեխաների անձնական տվյալների պաշտպանության մակարդակը: Ուղեցույցը բաղկացած է 5 բաժիններից, որոնցում ներկայացված են երեխաների անձնական տվյալների պաշտպանության սկզբունքները, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքները և տվյալներ մշակողների պարտականությունները, ուսումնական հաստատություններում, համացանցում  և զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները և երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման համար նախատեսված պատասխանատվությունը: Հիմա այդ ուղեցույցը Գործակալության կողմից թարմացվել է, ավելացվել են գործնական խորհուրդները և այլն․․․ Կարծում եմ՝ այս ուղեցույցները, օգտագործման պարագայում, կարող են լինել  օգտակար և ծառայել երեխայի լավագույն շահին։

-Սոցիալական ցանցերում առավել հաճախ են խախտվում երեխաների իրավունքները։ Օրինակ, Ֆեյսբուք սոցիալական ցանցը թույլատրելի է 13 տարեկանից բարձր անձանց համար, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ համակարգին «խաբելով» այդ տարիքից ցածր անձիք, կամ նրանց ծնողները նրանց անուններով բացում են հաշիվներ։ Ի՞նչ հետևանքների կարող է սա հանգեցնել։

-Պատահական չէ, որ Ֆեյսբուք համակարգը թույլատրում է հաշիվ ունենալ 13 տարեկանից բարձր անձանց։ Քանի որ այդ տարիքում արդեն պետք է, որ երեխան հասկանա ու գիտակցի իր քայլերի լրջությունը ու լինի պատասխանատու ինքն իր հանդեպ։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ ծնողներն իրենք են բացում հաշիվներ երեխաների տվյալներով, հետո ավելացնում վերջիններիս լուսանկարերն ու այլ տվյալներ, ապա սա գալիս է նաև մեդիագրագիտության պակասից։ Այո, մեր հասարակությունը ունի մեդիագրագետ լինելու կարիք։ Բազմիցս եմ բարձրաձայնել այն մասին, որ դպրոցական սեղանից սկսած պետք է կատարվեն քայլեր այս ուղղությամբ։ Ծնողները տեղադրում են երեխայի լուսանկարները՝ առանց վերջինիս համաձայնության։ Գուցե նրան դա դուր չգա տարիներ անց, կամ գուցե հենց այդ ժամանակ վնասի նրան՝ հասակակիցների հետ շփումների նորմալ ընթացքին խանգարելով, չէ որ հաճախ ծնողները տեղադրում են զվարճալի լուսանկարներ ու տեսանյութեր։ Խնդիրը բարդ է բավական և կարծում եմ այն ծնողները, որոնց երեխաներն ունեն հաշիվներ սոցիալական ցանցերում պետք է լինեն առավել ուշադիր ու հետևեն երեխայի վարքագծին՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար։ Իսկ լավագույն «դեղամիջոցն» այս պարագայում հասարակության իրազեկվածության, իրավագիտակցության ու մեդիագրագիտության բարձրացումն է։

-Երբեմն ուսումնական հաստատություններն ու նրանց առանձին ստորաբաժանումները, օրինակ դասարանները, ունենում են խմբեր, որոնց երեխաները պարզապես ներգրավվել չեն կարող, քանի որ հաճախ հենց այդ խմբերում շրջանառվում են դասապրոցեսի համար կարևոր տեղեկություններ։ Ինչ կասեք այս մասին։ Մի՞թե սա կրթական ոլորտում առկա լրջագույն խնդիր չէ։

-Նման երևույթներ, այո, մեզանում կան, բայց կցանկանայի նշել, որ դա նկատելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Կարելի է ասել համաշխարհային տենդենց է, որը կարող է հանգեցնել բավական լուրջ խնդիրների։ Օրինակ, նման խմբերում ժամանակ առ ժամանակ տեղադրվում են երեխաների ցուցակները՝ անձնական տվյալներով՝ ծնողների հեռախոսահամարներ, հասցեներ և առաջադիմության մասին տվյալներ։ Հատկապես վերջինն ինձ  բավական բարկացնում է։ Ինչու՞։ Քանի որ այն ունենում է բավական լուրջ հոգեբանական ազդեցություն, ստեղծում է մրցակցություն երեխաների միջև, և որ վատթարագույնն է, հանգեցնում է նրան, որ երեխան սովորում է միայն գնահատականի համար։ Գուցե այս խմբերը միջոց են ինտերակտիվ կապի մեջ լինելու տեսանկյունից, բայց, ի վերջո, այստեղ պետք է հիշել երեխայի լավագույն շահի մասին։

-Երեխաների անձնական տվյալների հրապարակման ցանկացած դեպքում  ծնողը, կամ մեկ այլ հրապարակող` դա կլինի լրատվամիջոց, թե մեկ այլ սուբյեկտ, երեխային չվնասելու համար պարտավոր է օգտագործել ապաանձնավորման միջոցներՁեր նախաձեռնությամբ Դուք կարողացաք փոփոխության ենթարկել նաև dasaran.am կայքի աշխատանքային քաղաքականությունը՝ կապված երեխաների տվյալների մշակման հետ։ Կմանրամասնեք, թե ինչպես տեղի ունեցավ գործընթացը։

-Dasaran.am կայքում համախմբվում էին Հայաստանի բոլոր դպրոցների՝ մոտ մեկ միլիոն երեխաների անձնական տվյալները, որոնք ՀԿ-ն տնօրինում էր այնպես, ինչպես ցանկանում էր։ Ես դիմումով դիմեցի ՀՀ ԱՆ Անձնական տվյալների գործակալությանը, հարուցվեց վարույթ և արդյունքում հասանք նրան, որ երեխաների անձնական տվյալներ ստանալուց առաջ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն պարտավորվեց այդ մասին հայտնել ծնողներին, ու միայն համաձայնություն ստանալուց հետո հավաքել տվյալներ ու մշակել։ Այնուհետև dasaran.am–ում ներկայացրեցին «Անձնական տվյալների պահպանման քաղաքականություն» խորագրով նյութը, որտեղ մասնավորապես նշում են, թե ինչպես է կազմակերպության կողմից գործածվող dasaran.am կայքը մշակում և օգտագործում ծնողների և երեխաների անձնական տվյալները՝ կայքի աշխատանքները կազմակերպելու և բարելավելու ընթացքում:

-Ի՞նչ վտանգների կարող է հանգեցնել ծնողի կողմից այսպես ասած ամենաթեթև «հանցանքը» երեխայի հանդեպ՝ նրա լուսանկարները համացանցում տեղադրելը։

-Նախ և առաջ յուրաքանչյուր ոք լավ կլինի հիշի այն մասին, որ համացանցում ոչինչ ու ոչ ոք չի մոռացվում․ այն, ինչ հայտնվեց այնտեղ, հավերժ է։ Հիմա պատկերացնենք, որ ծնողը տեղադրում է երեխայի մի լուսանկար, որտեղ նա, օրինակ, կիսամերկ է, կամ չգիտեմ այլ ծիծաղելի իրավիճակում է։ Տարիներ անց նա դառնում է ենթադրենք ինչ-որ պաշտոնավոր անձ և ինչ-որ ուշադիր լրատվամիջոց լույս աշխարհ է բերում նրա այդ լուսանկարը․ հանրության արձագանքը կարծում եմ պարզ է՝ ինչպիսին է լինելու։

-Կարծում եմ այս պարագայում կարելի է օգտվել մոռացված լինելու իրավունքից․․․

-Իհարկե, կարելի է, բայց այդ քաշքշուքը բավական երկար է։ Դրա համար դու պետք է դիմես Google, Yandex, Рамблер … որոնողական համակրգերին, ապացուցես, որ քո մասին պահպանված անձնական ինֆորմացիան հեռացնելու համար կան հիմնավոր պահանջներ։ Իսկ այն կհեռացվի, թե ոչ՝ պարզ կդառնա երկար գործընթացի արդյունքում։ Շարունակելով նախորդ հարցը՝ նշեմ նաև, որ երեխաների անձնական տվյալների հրապարակումը կարող է նաև վնասել նրանց անվտանգությանը։ Մրադիկ, որոնք ունեն ոչ բարի նպատակներ, կարող են այդ հրապարակումներն օգտագործել տարբեր նպատակներով։

-Հայաստանում կան դպրոցներ (անուններ չեմ ցանկանա այս պահին նշել), որոնք երեխաների կրթության մի մասն են դարձրել երեխաների կողմից վարվող այսպես կոչված Vlog-ները, որոնց միջոցով երեխաները ներկայացնում են, օրինակ, իրենց բնակարանը, տան անդամներին, կամ նման այլ բաներ։ Չեք կարծում, որ նման գործելաոճ որդեգրելուց առաջ այդ հաստատությունները պետք է նախ և առաջ երեխաներին ուսուցանեն մեդիագրագիտություն, որպեսզի նրանք անգիտակից կերպով իրենց վնասող տվյալներ չփոխանցեն։

-Իհարկե, սա պարտադիր տարր է, որը ցավոք դպրոցների կողմից չի իրականացվում, թեև բավական շատ բարձրաձայնել ենք այդ մասին։ Առհասարակ հասարակության բոլոր շերտերն ունեն մեդիագրագետ լինելու կարիք։ Բացի Ձեր կողմից նշած Վլոգները, դպրոցներն իրենց պաշտոնական էջերում հասանելի կերպով հրապարակում են նաև երեխաների տվյալներ՝ հասցեներ, հեռախոսահամարներ և այլն․ սա ևս կոպտագույն խախտում է: Ես նաև դեմ եմ, երբ ծնողները ինչ-որ բաց խմբերում հրապարակում են երեխաների աողջական վիճակի մասին պատմող բժշկական թերթիկները, դրանով նրանք երեխային դարձնում են խոցելի ու մեկուսացնում հասարակությունից։ Մի խոսքով, կարծում եմ, որ սխալներ ավելի շատ ծնողներն են գործում, չգիտակցելով, որ որոշակի ժամանակ անց երեխային կանգնեցնելու են փաստի առաջ։

Հարցազրույցը՝ Լուսինե Թովմասյանի

5-րդ կուրս

Կիսվել