Ներկայումս մեր երկրում լուրջ մարտահրավեր է դարձել այն խնդիրը, որ թերի կրթություն ունեցող ոչ մասնագետները իրականացնում են բարդ աշխատանքներ՝ իրենց վրա վերցնելով մեծ պատասխանատվություն։
Կան տարբեր մասնագիտություններ, և յուրաքանչյուրը ենթադրում է համապատասխան մասնագիտական կրթություն, հմտություններ, համապատասխան որակավորում։
Մասնագիտությունները կարող են տարբերակվել ըստ իրագործման միջոցների՝
- Ձեռքի աշխատանքի մասնագիտություններ
- Տեխնիկական և ձեռքի աշխատանքի մասնագիտություններ:
- Մասնագիտություններ կապված ավտոմատացված համակարգի կիրառման հետ:
Մասնագիտությունները տարբերակվում են ըստ պայմանների՝ մասնագիտություններ, որոնց պայմանները մոտ են հարմարավետությանը (հաշվապահ, ծրագրավորող և այլն), մասնագիտություններ, որոնց աշխատանքը կատարվում է բաց օդում ցանկացած եղանակի, մասնագիտություններ, որոնցում աշխատանքը կատարվում է արտասովոր պայմաններում (ջրասույզ, հրշեջ, տիեզերագնաց…), մասնագիտություններ, կապված մարդկանց առողջության և կյանքի համար պատասխանատու աշխատանքի հետ (հոգեբան, ուսուցիչ, բժիշկ, հետազոտող..), մասնագիտություններ, կապված էքստրեմալ իրավիճակների կամ աշխատանքի կրկնվող, մոնոտոն պայմանների հետ: Մասնագիտությունները կարող են դասակարգվել նաև ըստ մարդու հոգեկանին ներկայացվող պահանջների:
Այսպիսով, վերևում նկարագրված են մասնագիտություններ, որոնց համար անհրաժեշտ են որոշակի բնածին տվյալներ, բացարձակ մասնագիտական պիտանելիություն և մասնագիտություններ, որտեղ անհրաժեշտ որակների բացակայությունը կարելի է կոմպեսացնել մոտիվացիայի փորձով: Յուրաքանչյուր մասնագետի խնդիրն է պատասխանատվություն կրել սեփական գործունեության նկատմամբ և բարեխղճորեն կատարել աշխատանքը։ Այս համատեքստում յուրաքանչյուրի խնդիրն է աշխատանքային գործունեություն ծավալել սեփական մասնագիտական շրջանակում։
Մեր իրականաությունում բազմաթիվ են դեպքերը, երբ նեղ մասնագիտական ոլորտում աշխատում են որակավորում չունեցող անձիք։ Խնդիրն առավել ակտուալ է այն ոլորտներում, որտեղ աշխատանք է տարվում խնդիր ունեցող երեխաների հետ։
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատանք իրականացնող լոգոպեդի խոսքով, այս երեխաների հետ աշխատանքը ենթադրում է բարձր պատսխանատվության զգացում, և համապատասխան գիտելիքների պաշար, մասնագիտական հմտությունների առկայություն․
-Լոգոպեդիա մասնագիտությանը տիրապետող յուրաքանչյուր անձ պետք է կարողանա ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և հստակ դիտարկել սեփական մասնագիտական գործունեությունը: Որպես մասնագետ՝ ես կարող եմ հստակ փաստել, որ միայն տեսական գիտելիքները աշխատանքում դրական արդյունք ունենալու համար բավարար չեն: Հարկավոր են նաև գործնական գիտելիքներ, մասնագիտական փորձ և իհարկե հմտություններ, որը առավել կարևորում եմ: Հարկավոր է նաև դիմացինին լսելու կարողություն, նրա հոգեկան վիճակը զգալու, ճիշտ փոխհարաբերություններ ստեղծելու կարողություն: Կարևորում եմ նաև այն փաստը, որ լոգոպեդական գործունեության մեջ կան որոշակի էթիկական կանոններ, արգելքներ կամ սահմանափակումներ այլ մարդկանց ներաշխարհ թափանցելու համար։
Թե ինչպես կարող է երեխայի վրա անդրադառնալ մասնագիտական կրթություն չունեցող, սակայն նեղ մասնագիտական գործունեություն ծավալող անձանց աշխատանքը, լոգոպեդ՝ Նինա Ասատրյանը մեկնաբանեց․
-Ինքս կարևորում եմ շատ մասնագիտական կրթությունը և համարում եմ անթույլատրելի այն հանգամանքը, որ այն «մասնագետները», որոնք չունեն համապատասխան գիտելիքներ, աշխատում են նեղ մասնագիտական ոլորտում, առավել ևս եթե խոսքը վերաբերվում է այն երեխաներին, ովքեր ունեն խնդիրներ։ Ցանկցած խոսքային խնդիր ունեցող երեխայի հետ աշխատանքում, մասնագետը պետք է կարողանա որոշակի արդյունք ունենալ, որը վստահություն է ներշնչում նաև ծնողին։ Կարծում եմ, որ այս խնդրով անհրաժեշտ է լուրջ զբաղվել։ Իրադարձություները և դեպքերի բազմազանությունը թույլ են տալիս փաստել, որ ներկայումս ոչ բազային կրթություն ունեցող յուրաքանչյուր անձ, առանց որևէ դժվարության մագիստրոսական որակավորում է ստանում հատուկ կրթության ոլորտում և ընդամենը 2 տարվա թերի կրթությամբ իրականացնում է երեխաներ հետ աշխատանք։ Այս ամենը իր բացասական ազդեցությունն է ունենում երեխաների զարգացման և նրանց խնդրի շուտափույթ լուծման վրա։ Սրանով պայմանավորված առաջանում է թերարժեքության բարդույթ, և ծնողների անվստահ վերաբերմունք մասնագիտության հանդեպ։
Մասնագետը հորդորում է անհապաղ անրադառնալ այս խնդրին և կոչ է անում համապատասխան մարմիններին լրջագույնս զբաղվել այս հարցով։
Դիանա Ճաղարյան
5-րդ կուրս