ԵՊՀ հիմնադրման 100 և ՈւԽ 25-ամյակներին նվիրված «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Ժուռնալիստիկայի ֆակուլտետից հաղթող է ճանաչվել 4-րդ կուրսի ուսանողուհի Թամարա Գասպարյանը:
Թամարա Գասպարյանի համար մեծ նշանակություն ուներ ճանաչվել ԵՊՀ լավագույն ուսանող հենց 2019 թվականին, քանի որ հենց այս խորհրդանշական և հոբելյանական տարում է Թամարան ավարտում իր ուսումը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատում:
«Որոշեցի մասնակցել մրցույթին: Լրացրի հայտը, հավաքեցի անհրաժեշտ փաստաթղթերը ու դիմեցի: Որոշ ժամանակ անց հրավիրեցին հարցազրույցի: Եկա մրցանակաբաշխությանը և իմացա, որ ես եմ հաղթողը: Իսկապես հպարտություն է Մայր բուհի հիմնադրման 100-ամյակին նման գնահատականի արժանանալ»,- պատմում է Թամարա Գասպարյանը և հավելում,- «Դրական եմ վերաբերվում նման մրցույթներին, որովհետև խրախուսում են ուսանողների առաջադիմությունն ու հասարակական ակտիվությունը»:
Տոնակատարությունը ԵՊՀ կենտրոնական մասնաշեքնքի բակում մեկնարկեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ելույթով: Ռեկտորը ողջունեց ներկաներին, շնորհավորեց բոլոր համալսարանականներին ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ՝ առանձնացնելով հատկապես այն ուսանողներին, որոնք պատիվ են ունենում ճանաչվել ԵՊՀ լավագույն ուսանող հենց այս հոբելյանական տարում:
«Ես նախանձով եմ նայելու այն ուսանողներին, որոնք ԵՊՀ 100-ամյակի օրերին կդառնան լավագույն ուսանող: Կարծում եմ՝ ամբողջ կյանքում կհիշեն: Ուզում եմ շնորհավորել և ասել՝ մեծագույն պատիվ է լինել համալսարանի լավագույն ուսանող և միևնույն ժամանակ շատ մեծ պարտավորություն, որովհետև մենք՝ բոլոր համալսարանականներս, ունենք այդ պարտավորությունը՝ բարձր պահելու մեր Մայր բուհի պատիվը»,- նշեց Արամ Սիմոնյանը:
Ուսանողներին պարգևատրեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը և ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը:
Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողները պարգևատրվեցին ԵՊՀ բրոնզե մեդալով և պատվոգրով: Նրանց համար սահմանված է նաև անվանական կրթաթոշակ:
Այս հոբելյանական տարին հագեցած է լինելու ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներով: Տոնական տարաբնույթ միջոցառումների մեկնարկը տրվել է մայիսի 16-ին՝ Գյումրիում և շարունակվելու են մինչև սեպտեմբեր:
Միլենա Մկրտչյան
3-րդ կուրս