ՔԻՄԻԱՅԻ ՆԵՐԿԱՆ

ՔԻՄԻԱՅԻ ՆԵՐԿԱՆ

3258

«Շատ հետաքրքիր է, բայց լավ չեմ հասկանում»: Սիրում ես քիմիա առարկան հարցիս, 9-րդ դասարանում գտնվող աղջիկը պատասխանեց այսպես, թերևս նա հասակակիցների շատ փոքր տոկոսն էր կազմում, որ դժվար է պատասխանի փոխարեն տվեց քիչ թե շատ հուսադրող պատասխան: Զրույցի ընթացքում հարցված աշակերտների մոտ 80%-ը հետաքրքրություն չէր ցուցաբերում այս առարկայի հանդեպ, թե որն էր պատճառը`  դժվարանում էին պատասխանել, սակայն միանշանակ ասացին, որ ավարտական քննությունների  ժամանակ բնագիտական առարկաներից ընտրությունը հաստատ կանգ չի առնի քիմիա առարկայի վրա: Ասվածը հաստատեցինք` կապնվելով գնահատման և թեստավորման կենտրոնի հետ: Ըստ ԳԹԿ-ի տվյալների, 2015-2016 ուս-տարում քիմիան, որպես բնագիտական առարկա ավարտական քննության համար 17086 շրջանավարտից ընտրել էր ընդամենը 1757-ը : Համեմատության համար նշեմ, որ կենսաբանությունը որպես բնագիտական առարկա ընտրել էր 6657 շրջանավարտ: Մեր այն հարցին, թե արդյոք լաբորատոր պայմաններում փորձեր կատարելով և օրվա դասը փորձերի վրա սովորելով այն ձեր մեջ ավելի լավ կտպավորվի, աշակերտների մեծ մասը տվեց դրական պատասխան:

Այս խնդիրը հիմք ընդունելով` մենք փորձեցինք ճշտել արդյոք Հայաստանի դպրոցներից քանիսում կան քիմիական լաբորատորիաներ: Սակայն նույնիսկ ԿԳՆ-ում տեղյակ  չէին` քանի լաբորատորիա կա Հայաստանում, եղածները ինչ վիճակում են գտնվում և վերջին անգամ երբ են թարմացվել: Սերը և հետաքրքրությունը այս կամ այն առարկայի հանդեպ սկսվում է առարկան ճանաչելու հենց սկզբից, այսինքն դպրոցից: Եվ եթե դպրոցում քիմիա առարկայի հանդեպ ունենք այս պատկերը հետևաբար նույնը կլինի նաև համալսարանում:

Ասվածի վառ ապացույցն էր զրույցը, որը տեղի ունեցավ քիմիայի և դեղագիտության ֆակուլտետ ընդունված առաջին կուրսի ուսանողների հետ: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ նրանցից շատերը դեռևս անցած տարվա քիմիան չսիրող աշակերտներն էին շարուրնակում մնալ: Նշեմ, որ այս տարի քիմիա ֆակուլտետի քիմիա բաժին ընդունվել է 19 դիմորդ: Ուսանղներից Արամ Մանուկյանի խոսքերով, քիմիայի ֆակուլտետում հայտնվել է շատ պատահական, այն դեպքում, երբ բալերը չեն հերիքել բժշկական համալսարան ընդունվելու համար: Արամն իրեն ապագայում աշխատելիս է տեսնում հիվանդանոցում` որպես վիրաբույժ: Այդ իսկ պատճառով մյուս տարի կրկին ուժերը փորձելու է, որպեսզի ընդունվի բժշկական համալսարան: Արամի պես ևս մի քանի հոգու բալերի համընկման պատճառով ճակատագիրը բերել էր քիմիայի ֆակուլտետ, սակայն  ճիշտ չի լինի ասել, թե քիմիայի ֆակուլտետում սովորում են միայն բախտի պատահականությամբ ընդունվածները: Ուսանողուհիներից Աստղին Գրիգորյանն ու Շուշաննա Վարդանյանը նշեցին, որ սիրել են քիմիան, չնայած նրան, որ դպրոցում չեն ունեցել լաբորատորիա: Աղջիկներն արդեն հստակ պատկերացնում էին, թե որտեղ են աշխատելու. գիտահետազոտական լաբորատորիաներում, արտադրության, արդյունաբերության ոլորտներում կամ էլ ուսուցչուհի:

Ուսանողներից շատերն էլ դեռ չէին պատկերացնում,թե որն է լինելու իրենց ապագա աշխատավայրը քիմիայի և դեղագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո, ավելին, նրանցից մի քանիսը կես կատակ կես լուրջ տվեցին «պիտի տեղ լինի, որ աշխատենք» պատասխանը, որը մտածելու տեղիք տվեց: Իսկ  միթե չկա այդ «տեղը»: Պարզվեց, որ իրոք չկա: Ըստ pharmacy.am կայքի Հայաստանի տարածքում գործում է 427-ից ավելի դեղատուն, որոնցից հոկտեմբերի 22-ի տվյալներով դեղագետ/դեղագործի որակավորում պահանջող ընդամենը 6 աշխատատեղ կա:

Արտադրական  լաբորատորաներից մեկի վարիչի տեղակալ Ալվարդ Միկոյանը նշեց, որ Նաիրիտ գործարանի, Ալավերդու պղնձաքիմիական կոմբինտի, Մնզոյանի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի և մի քանի այլ քիմիական արտադրությունների փակումից հետո, վերջին 10 տարում քիմիական արտադրության մասնագետների կարիքը կտրուկ նվազել է: Իսկ գործող տեղերում էլ բերում են այնպիսի սարքավորումներ, որոնցով կարող է աշխատել նույնիսկ ռոբոտը: Հավելեց նաև, որ դպրոցներում քիմիական լաբորատորիաների բացակայությունը, առարկայի հանդեպ ոչ պատշաճ ուշադրությունը բերում են այն բանին, որ այս ուղղությամբ դիմորդներ քիչ լինեն: Այս առիթով քիմիայի և դեղագիտության ֆակուլտետի դեկան պարոն Ղոչիկյանը նշեց, որ նման իրավիճակ միայն իրենց ֆակուլտետում չէ: Նա իր հերթին խնդիրը տեսավ աշխատատեղերի բացակայության և արտագաղթի մեջ` նշելով, որ 24 հոգանոց կուրսից 8-ը իրենց ընտանիքի հետ միասին մեկնեցին արտասահման:

 

Մերի Կիրակոսյան

2-րդ կուրս

Կիսվել