ՀՈԳԻՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԿՈՒՐԱՆՈՒՄ

ՀՈԳԻՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԿՈՒՐԱՆՈՒՄ

1413

Փորձեք 5 րոպեով փակել ձեր աչքերն ու շարունակել ապրել, ասես ոչինչ չի եղել։ Մթությունը, որտեղ երևակայությունը պատկերները է նկարում, սարսափ է ներշնչում։ Դժվար է պատկերացնել կյանքն առանց գույների, առանց հարազատ  դեմքեր տեսնելու, իսկ Ռազմիկ պապն արդեն 3 տարի է՝  մթության մեջ է ապրում։ Կուրացել է սթրեսից ՝ սիրելի  կնոջ մահվանից հետո։
86-ամյա Ռազմիկ պապը Ավան վարչական շրջանի առաջին բնակիչներից է, կարելի է ասել՝ հիմնադիրներից մեկը։ Երբ դեռ Ավանը միայն այգի է հիշեցրել, պապն այնտեղ առաջին տուն կառուցողներից է եղել։ 26 տարեկանում արդեն 2 տուն է ունեցել։
Ճակատագիրը Ռազմիկ պապին Լիդայի նման կին է պարգևել, ում մասին պապը սիրով և կարոտով է պատմում․

 -Անընդհատ հիշում եմ կնոջս։ Անգամ մեկ-մեկ հարսիս՝ Սոնային, Լիդա եմ ասում, հետո արագ ավարտում խոսքս»։

Պապը հաճախ է երգում, երբեմն այնքան բարձր, որ հարևանները  լսում են նրա ձայնը։ Երգելիս էլ մատներով ձեռնափայտի վրա է նվագում և երաժշտություն ապահովում իր համար։ Հիշում է, որ կինն էլ էր երգում։ Իր 3 հարսների նշանդրեքներին երգել է: Մինչ պապը փորձում է հիշել կնոջ սիրելի երգը, հարսը՝ Սոնան, սկսում է երգել․

 «Ալ երեսդ ալլա ես,
Բացված կարմիր լալա ես»։

Ռազմիկն ու Լիդան անսպառ սիրով ամուսիններ են եղել։ Կյանքում,  ուրախ  և տխուր օրեր են ունեցել։ Ամենածանր օրերը եղել են, երբ Լիդան արդեն անկողնային հիվանդ է եղել․Ռազմիկ պապը 8 ամիս գրեթե չի քնել՝ օր ու գիշեր խնամելով հյուծված կնոջը․

 -Այնքան էր նիհարել, որ երբ լողացնում էի, մտածում էի՝ կվնասեմ։ Կաշին ու ոսկորն էին մնացել։ Հետո, մի քանի օր իրեն լավ զգաց։ Մի օր էլ, սրսկումից վայրկյաններ առաջ, զարկերակը շոշափեցի և տեսա, որ մահացել է։

Պապի տրամադրությունը կտրուկ փոխվում է կնոջ մասին խոսելիս։ Առանց բառերի էլ ակնհայտ է, որ վիշտն ու կորուստը նստվածք էին տվել Ռազմիկ պապի երիտասարդ և կենսախինդ հոգում։

Թեև պապը չի տեսնում, սակայն հեշտությամբ հասկանում է, թե ինչ արտաքինով մարդ է իր առջև կանգնած․ բավական է միայն ձեռքդ սեղմի, համբուրի այտդ, և դու դրոշմված ես նրա մտքում՝ ՝քո ողջ էությամբ։

Պապը սիրում է համեղ ուտելիքներ ուտել․ «Ինչ լավ բան կա, սիրում եմ (ծիծաղում է)։ Բայց տղամարդը անպայման պետք է կնոջ եփած ճաշը ուտի։ Խոհանոցում  պետք է կին լինի՝ օջախի զարդ, որ դու քեզ տղամարդ զգաս»։

Պապը զբաղվում է այգեգործությամբ և կենդանիներ պահելով։ Տնից այգի տանող երկար պարան ունի, որի օգնությամբ գնում է այգի, մշակում հողը, կերակրում հավերին և անգամ կառուցում ինչ-որ նոր բան։ Հետո վերադառնում է տուն՝ նույն այդ պարանից բռնած։

Այժմ պապի միակ երազանքը թոռանը՝ Արգիշտիին, ամուսնացած տեսնելն է։ Երիտասարդներին էլ խորհուրդ է տալիս․

«Առաջին հերթին մարդը պետք է աշխատասեր լինի։ Եթե այդպես եղավ, նաև հոգին բարի կլինի, հյուրասեր։ Պետք է ընկածին ձեռք մեկնես, որ նրա կրած ծանրությունը զգաս, քչից ձգտես շատին, բայց ձգտել և ստեղծել»։

Որպես վերջաբան պապն ասաց, որ ժամանակը չի բուժում։ Քանի դեռ կաս, ապրում ես, ժամանակը միայն մեղմացնում է ցավը, սակայն լիովին մոռանալ անհնար է։

 Ռազմիկ պապը տվեց իր համարն ու ասաց, որ սպասելու է մյուս այցիս։ Համբուրեց այտս  ջերմությամբ և վերջում ավելացրեց․

«Միակ օգուտս սա մնաց»։

Սյուզան Նավասարդյան
4-րդ կուրս

Կիսվել