ԾԽԱԽՈՏԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ԾԽԱԽՈՏԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1812

«Ծխել սկսել եմ տասնվեց տարեկանից։ Շրջապատիցս էր. իրենք ծխում էին, ինձ էլ էին առաջարկում»,- պատմում է Հրաչը, ով արդեն քսանվեց տարի է՝ ակտիվ ծխող է։

Համաձայն Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի 2015 թվականի տվյալների՝ շնչափողի, բրոնխների  և թոքի չարորակ նորագոյացությունների թիվը հինգ անգամ գերազանցել է տղամարդկանց շրջանում, իսկ մահացության չափանիշը՝ չորս անգամ, ինչը մեծապես պայմանավորված է տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր ցուցանիշով։

«Մինչև ծխելս զբաղվում էի սպորտով, տարբեր սպորտաձևերի եմ հաճախել, բայց ֆուտբոլ շատ էի սիրում ու մեծ շանսեր ունեի հայտնի ֆուտբոլիստ դառնալու։ Մի քանի անգամ մարզիչս  եկել ու խնդրել է, որ վերադառնամ թիմ, սակայն արդեն կախվածություն ունեի ծխախոտից ու հրաժարվեցի։ Հիմա շատ եմ փոշմանել»,-պատմում է Հրաչը։

«Ծխախոտի մշտական օգտագործումն ուժեղ կախվածություն է առաջացնում և բացասական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա, -նշում է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ավելացնում, քանի որ տղամարդկանց շրջանում առանց այդ էլ բարձր է ծխախոտի տարածվածությունը, վերջին շրջանում ծխախոտ արտադրողներն իրենց թիրախ են ընտրել կանանց և դեռահասներին՝ իրենց ապրանքն առաջարկելով գեղեցիկ տուփերով և ավելի գրավիչ տեսքով՝  բարակ գլանակներով»:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում մեծահասակ (սկսած 16 տարեկանից) բնակչության 25,6%-ը կանոնավոր ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 %։

ՀՀ-ն 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության  համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվեցիային։

ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 12-ն ընդունվել է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»։

«Ամեն տարի այդ օրը ամբողջ աշխարհում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը, գտնել ուղիներ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից»,- նշում է Բազարչյանը։

Այժմ շատ երկրներում ծխախոտի տուփերին առկա է ոչ միայն նշված գրությունը, այլև մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունը ցույց տվող, ինչպես նաև ծխելուց հրաժարվելու կոչեր պարունակող նկարներ։ Այս քայլը ևս հանդիսանում է ծխախոտի դեմ պայքարի միջոցներից։

Եվ չնայած այս ամենին՝ «Ամենաշատ վաճառվող ապրանքը հացն ու ծխախոտն է»,- ասում է կրպակներից մեկի վաճառողուհին։

Արմիկ Հակոբյան,
5-րդ կուրս

Կիսվել