«ԿՈՐԵԼ Է․․․» ՎՏԱՆԳԵԼՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

«ԿՈՐԵԼ Է․․․» ՎՏԱՆԳԵԼՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

1190

Մարդիկ չափից ավել են վստահում Ֆեյսբուք սոցիալական ցանցին: Հաճախ Ֆեյսբուք սոցիալական ցանցի շատ օգտատերեր իրենց էջերում կամ բաց խմբերում ( «Կորել է»[1], «Կորել է, գտնվել է»[2] ) հրապարակում են մարդկանց կորած փաստաթղթերը (անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական վկայական և այլն)՝ դրանց տնօրինողներին գտնելու նպատակով՝ այդպիսով հանրայնացնելով նրանց կարևոր անձնական տվյալները: Ավելին՝ հրապարակման հեղինակները կոչ են անում տարածել տվյալ հաղորդագրությունը՝ այդպիսով մարդկանց առավել մեծ շրջանակի համար հասանելի դարձնելով փաստաթղթերի սեփականատիրոջ անձնական տվյալները:  Հարկավոր է խուսափել նման եղանակով կորած փաստաթղթերը վերադարձնելուց, քանի որ այդպիսով համացանցում տարածվում են մարդու մասին այնպիսի անձնական տվյալներ, որոնք թույլ են տալիս հեշտ նույնականացնել նրա անձը, տվյալներն օգտագործել ոչ իրավաչափ կամ անձի կյանքին միջամտելու նպատակներով: Պետք է հիշել, որ այն, ինչ հրապարակվում է համացանցում, ըստ էության միշտ մնում է այնտեղ ու կարող է հասանելի լինել ցանկացած մարդու, ցանկած ժամանակ ու օգտագործվել ամենատարբեր նպատակներով:

Ինչու՞ է հարկավոր հեռացնել այն գրառումները, որոնք այլևս հարկավոր չեն: Բանն այն է, որ Ֆեյսբուքն ունի անձնական տվյալների արխիվներ, որոնցում պահպանվող ինֆորմացիան, թեև Ֆեյսբուքի վստահեցմամբ հաշիվը ջնջելուց հետո հեռացվում է՝  գուցե և չի համապատասխանում իրականաությանը և, եթե դա այդպես է․ մեզանից յուրաքանչյուրը կանգնած է լուրջ խնդիրների առաջ: Իսկ ի՞նչ է պարունակում անձնական տվյալների արխիվը:

Անձնական տվյալների արխիվը սովորաբար պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

Հրապարակումներ, լուսանկարներ և տեսաձայնագրություններ, որոնցով նախկինում կիսվել եք, Ձեր անձնական հաղորդագրությունները, Ձեր անձնական հաշվում լրացված տեղեկատվությունը Ձեր մասին, և այլն: Այդ արխիվներում կարող են հայտնվել նաև Ձեր հեռախոսահամարների ցանկերը, բանկային հաշիվները, էլեկրոնային հասցեներն ու այլ ինֆորմացիա:

Նշված տեղեկատվությունը սոցցանցին փոխանցվում է նաև մեր ձեռքով: Սոց. ցանցի հավելվածները պարբերաբար թույլտվություն են «խնդրում» հավաքագրելու տեղեկություն հեռախոսահամարների մասին՝ պատճառաբանելով, թե դա հնարավորություն կտա հեշտությամբ գտնել Ձեր ծանոթներին սոց. ցանցում: Բայց սա ընդամենը խորամանկ քայլ է՝ կորզելու հնարավորինս շատ տեղեկություններ մեր և մեր մտերիմների մասին։

Այստեղ տեղին է հիշել Եվրոպական միության 28 երկրների համար պարտադիր դարձած  մարդկանց մոռացված լինելու իրավունքի մասին: Ինչ է սա. մոռացված լինելու իրավունքը արտացոլում է անհատի պահանջը՝ ինտերնետային տիրույթից (որոնողական համակարգերից) հեռացնելու  կամ երրորդ անձանց անհասանելի դարձնելու իրեն վերաբերող որոշ տեղեկություններ, որոնք խոչընդոտում են իր հասարակությանն ինտեգրվելուն և այլ իրավունքների պաշտպանությանը:  Այս իրավունքը  բնութագրվում է որպես կյանքի  անցյալը և չկատարվող  իրադարձությունները լռության մատնելու իրավունք: Ավելի պարզ. Եթե Դուք տարիներ առաջ հրապարակել եք Ձեր մասին որևէ անձնական տվյալ, կամ դա արվել է որևէ ԶԼՄ-ի կամ մեկ ուրիշի կողմից, ապա Դուք կարող եք օրինական պահանջով դիմել որոնողական համակարգին կամ հրապարակումը կատարած աղբյուրին, այդ հրապարակումը հեռացնելու համար: Ձեր դիմումը սակայն կարող է մերժվել, եթե Դուք հանրային դեմք եք, կամ եթե այդ տվյալներն ունեն հանրային կարևորություն:

2010 թ.-ի հունիսի 1-ը նշվում է որպես բողոքի օր սոցիալական ցանցերի դեմ: Բողոքի օրվա պատճառը Ֆեյսբուքն էր, որը կասկածի տակ էր դրել «անձնական կյանքի գաղտնիություն» հասկացությունը, այն բանից հետո, երբ «Wall Street Journal»-ը դեպքեր էր ներկայացրել, որտեղ Facebook-ի օգտատերերի անձնական տեղեկությունները օգտագործվել էին գովազդատուների կողմից առանց օգտատերերի համաձայնության:  Սակայն Ֆեյսբուքի օգտատերերը չեն բողոքում և պարզապես շարունակում են օգտագործել այն ամեն օր:

Ֆեյսբուք սոցիալական ցանցի արխիվների հետ աշխատելը և ինչ-որ անցանկալի տեղեկատվություն հեռացնելը գործնականում անհնար է, պետք է երկար մտածել որևէ հրապարակում, նամակ կամ մեկնաբանություն գրելուց առաջ, քանի որ, եթե Դուք նույնիսկ չեք սեղմում «Հրապարակել» կոճակը, այն միևնույն է, հայտնվում է արխիվում: Խորհուրդ է տրվում պարբերաբար վերանայել այն կողմնակի հավելվածները, որոնք կցված են Ձեր հաշվին և հնարավորություն ունեն տարբեր տեսակի տեղեկատվություն հավաքագրել Ձեր մասին: Հարկավոր է նաև կարգավորել այն հավելյալ տեղեկատվությունը, որը կարող է հասանելի դառնալ կողմնակի հավելվածներին:


[1] https://www.facebook.com/groups/130411580402501/

[2] https://www.facebook.com/groups/lostandfound/
Լուսինե Թովմասյան

5-րդ կուրս

Կիսվել