ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

1665

Մայիսի 30-ին ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան լսարանում կայացավ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պատմության մեջ առաջին հրապարակային մրցանակաբաշխությունը «Ժուռնալիստի վարպետություն» առարկայի շրջանակներում:

 Մրցույթը նախապես հայտարարվել էր ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում: Այդ ընթացքում երկրորդ կուրսը յուրահատուկ ռեկորդ սահմանեց՝ ընդամենը երկուսուկես ամսում journalist.am կայքում տեղադրելով  125 նյութ: Նման բարձր արդյունք այդքան կարճ ժամանակահատվածում չէր ցուցաբերել որևէ այլ կուրս: Հենց այդ ակտիվությունն էլ հուշեց կազմակերպելու մրցանակաբաշխությունը և մրցանակներով պատվելու կուրսի լավագույն ուսանողներին, ,,Ժուռնալիստի վարպետության,, խմբերին ու նրանց դասախոսներին:

Նախապես առաջադրվել էին մի շարք անվանակարգեր: Ըստ այդմ՝ առաջին անվանակարգում՝ «100-րդ նյութը տպագրած ուսանող», հաղթող ճանաչվեց Անյա Սարկիսովան: «Ամենաշատ նյութեր տպագրած ուսանող»մրցանակին արժանացավՍոնա Սողոմոնյանը, «Ինքնատիպ վերնագիր» անվանակարգում հաղթեցԳոհար Հովսեփյանը և «Ամենաշատ դիտում հավաքած» հոդվածի հեղինակն էր Սիլվա Նազարյանը:

 Ըստ խմբերի ցուցաբերած ակտիվության՝ համապատասխան մրցանակներ ստացան նաև «Ժուռնալիստի վարպետություն» առարկայի դասախոսներ Լիանա Սայադյանը, Ինգա Մարտինյանը, Արման Ղարիբյանը, Արթուր Խաչատրյանը ևԶոհրաբ Հարոյանը:

Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը, ում մտահղացմամբ կազմակերպվել էր միջոցառումը, իր ելույթում դիմելով ուսանողներին՝ ասաց. «Երբ ամիսներ առաջ առաջարկեցի ձեզ journalist.am-ում 100 նյութ հրապարակել, հավատում էի, որ գաղափարն իրականություն կդարձնեք, քանի որ ձեր մտքի և հոգու խորքերում ամուր նստած է ստեղծագործող անհատը: Այդպես էլ եղավ: Journalist.am-ը ձեր ակտիվության շնորհիվ զգալիորեն հարստացավ ու մեծացրեց իր հեղինակությունը»:

Մրցույթի գլխավոր անվանակարգի ամփոփումը ուսանողների համար ամենից սպասված մասն էր: Այն կոչվում էր «Երկրորդ կիսամյակի լավագույն հրապարակում»: Դասախոսներից կազմվել էր հանձնախումբ, ովքեր ինը նյութերից ընտրել էին երեք լավագույն հրապարակումները:

Երրորդ մրցանակին արժանացավ Անի Վաթինյանը՝ «Սիփան Ասատրյան. հաջողության գաղտնիքը ինքնաճանաչողության և ինքնաքննության մեջ է» հոդվածով, երկրորդին՝ Էլենիտա Սարգսյանը («Ծառայության մեջ կյանքը երազ է, կյանքում ծառայությունը՝ երազ». Վարդան Պետրոսյան»), իսկ առաջին պատվավոր հորիզոնականին Լիլիթ Մկրտչյանի ու Մարիամ Նազարյանի համահեղինակությամբ հրապարակված հոդվածն էր՝ «Հնարավո՞ր է 22 տարեկանում ունենալ 3 տարվա ստաժ և տիրապետել 3 լեզվի. վարչապետի հայտարարության հետքերով»:

«Այս մրցանակաբաշխությունը ուսանողական տարիներիս անմոռանալի հիշողությունների ցանկը համալրեց ևս մեկով,-ասում է Լիլիթ Մկրտչյանը:-Այդ օրն ապրած զգացողություններս լրիվ այլ էին… Հետաքրքիրն այն էր, որ կազմակերպիչները մինչև վերջ պահել էին ինտրիգը՝ նախապես չհայտնելով «Լավագույն հրապարակման» հեղինակների անունները: Մրցանակաբաշխությունը շատ լավ առիթ է ուսանողներին ոգևորելու և journalist.am կայքի հեղինակությունը բարձրացնելու համար»:

Միջոցառումն ավարտվեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի՝ ուսանողներին քաջալերող խոսքերով:

Զարա Ղազարյան
2-րդ կուրս

Կիսվել