ՈՎ ԱՇԽԱՏԻ՝ ՆԱ ԿՈՒՏԻ

ՈՎ ԱՇԽԱՏԻ՝ ՆԱ ԿՈՒՏԻ

1709

Գործարարությամբ զբաղվելը գյուղում ունի իր բազմաթիվ դժվարությունները, բայց Սոնիկ Բունիաթյանը համառորեն փորձում է հաղթահարել դրանք: Ասում է, որ չի հասկանում նրանց, ովքեր պնդում են, թե շատ են ուզում աշխատել ու գործ չեն գտնում:

Տիկին Սոնիկն ասում է, որ դեռ խորհրդային տարիներին, երբ ընդունված կաղապարներից դուրս գալը չափազանց դժվար էր, գործնական ջիղն իր մեջ անընդհատ զգացնել էր տալիս: Մյուսների նման՝ աշխատում էր գործարանում, որպես բանվոր, բայց գյուղի հարուստներից էր համարվում:

«Ժամանակակից տան տիկինները ծուլացել են, բոլորի ուշքն ու միտքը Ռուսաստաններում է, ավտոմատ լվացքի մեքենաներն էլ ավելի են փչացրել նրանց». տիկին Սոնիկի  գնահատականն է:

«Մեր տանն այսօր խոպան գնացող չկա, առանց խոպանի էլ վատ չենք ապրում»,-ասում է տիկին Սոնիկն ու հպարտությամբ պատմում՝ իր բնորոշմամբ սարերում ծավալած սեզոնային բիզնեսի մասին:

Սարերում ծավալած ամառային բիզնեսից զատ, 67-ամյա կինը տանն էլ հանգիստ նստել չի կարողանում, քյավառի քյուֆթա պատրաստելու գործը շատերը հենց նրան են վստահում: Զրուցակցիս  խորին համոզմամբ՝ խոպանում աշխատած գումարն այսօր  կարելի է վաստակել նաև Գեղարքունիքի սարերում: Բայց, պետությունն էլ այստեղ գործ ունի անելու․ խնդիրների հետ գյուղացուն միայնակ թողնելն անխղճություն է համարում:

Ի դեպ՝  խոպանին առնչվող մեկ այլ դիտարկում, որն արձանագրում է զրուցակիցս.  «եթե նախկինում Ռուսաստան գնացած-եկած երիտասարդը գյուղում համարվում էր փեսացուի լավագույն թեկնածու, ապա այժմ խիստ վերապահումով են մոտենում նման թեկնածուներին»:

Զրուցակիցս  վստահեցնում է՝ անլուծելի հարցեր աշխարհում չկան, թերևս միայն Արցախի հարցը: Այդուհանդերձ այստեղ էլ է փորձում միջամտել, բայց միայն Աստծո օգնությամբ:

«Առավոտից երեկո աղոթում եմ»:

Տիկին Սոնիկը պատմեց, որ ապրիլյան պատերազմից հետո հազվադեպ է հեռուսատացույց դիտում, վախը մեջն է մտել ու դուրս չի գալիս: Թոռն այդ ժամանակ ծառայում էր, զոհված տղաներից յուրաքանչյուրի անունը լսելիս, կարծես, ինքն էլ նրանց հետ մահանում էր:
Էլեն Զաքինյան
5-րդ կուրս

Կիսվել