2016 թվականի ապրիլյան օրերի համար ստեղծված «Հայոց հզոր բանակ» ծրագիրը այժմ` 3 տարի անց, ևս շարունակում է գործել և շատերին է հայտնի դարձել: Ծրագրի հեղինակ, թուրք-քրդական հակամարտությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանը պատմել է, թե ինչպես ծնվեց գաղափարը, ինչ փորձություններ են հաղթահարել ծրագրի աջակիցների հետ միասին այս տարիների ընթացքում:
–Ինչպե՞ս առաջացավ ծրագրի գաղափարը։
-2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո առաջացավ գաղափարը: Երբ այդ օրերին ականատես եղա , թե ինչպիսի վիճակում է մեր պաշտպանական դիրքը, նպատակ դրեցի, որ ինչ-որ բանով օգտակար լինեմ: Որոշեցի դիմել ֆեյսբուքյան ընկերներիս օգնությանը, որը շատ մեծ խանդավառությամբ ընդունվեց : Բացեցի հաշվեհամարները, և սկսվեց փոխանցումներ կատարվել ծրագրի հաշվեհամարներին: Մեկ ամսվա ընթացքում հավաքեցինք ընդամենը 500 000 դրամ, որով գնեցի հատուկ նշանակության հեռադիտակներ և տարա դիրքեր:
–Ինչո՞ւ հենց «Հայոց հզոր բանակ» անվանումը ստացավ ծրագիրը:
-Ի սկզբանե ծրագրի նպատակը եղել և մնում է դիրքապահ զինվորի անվտանգության և առողջության բարձրացումը, որը հենց բանակի հզորացում է ենթադրում: Քանի որ մեր բանակը համարում եմ հզոր բանակ, այլ ոչ թե հզորացնենք բանակը․ այդտեղից էլ ծնվեց Հայոց Հզոր Բանակ անվանումը:
–Կհիշե՞ք առաջին փոխանցում կատարողին, ինչքա՞ն գումար էր փոխանցել։
-Երբ հայտնեցի հաշվեհամարները , հաջորդ օրը եղավ առաջին փոխանցումը՝ 20 000 դրամ, այն կատարել էր Նաիրի Պողոսյանը Գորիսից, ում հետ, մինչ այդ ,ոչ մի անձնական նամակագրություն չէի ունեցել: Հենց նա դարձավ ծրագրի լոկոմոտիվը և արդեն ամեն ամիս կատարում էր փոխանցում:
–Եղե՞լ են այս երեք տարիների ընթացքում այնպիսի դեպքեր, որ ցանկացել եք դադարեցնել ծրագիրը:
Այո՛, եղել է նման դեպք, երկու անգամ: Առաջինը 2017 թվականին էր: Ծրագրին գրեթե 10 օր փոխանցում չեղավ, և ես արդեն իսկապես որոշել էի դադարեցնել այն, բայց հենց այն օրը , երբ որոշել էի հայտարարել դրա մասին, եղավ խոշոր փոխանցում՝ 500 դոլարի չափով: Իսկ երկրոդ դեպքի մասին չեմ ուզում խոսենք․ ինձ մոտ լավ հուշեր չի արթնացնում, կապված է մեր ծրագրով նյութատեխնիկական սարքավորումները զորամասին հատկացնելու և հետագա շահագործման հետ:
–Որ՞ն է այս ծրագրի հաջողության գրավականը, չէ՞ որ Ձեզ անձնապես չեն ճանաչում:
Բացառապես վստահությունը: Գիտեք, վստահություն ոչ միայն նրա հանդեպ, որ գումարը տեղ է հասնում ու նպատակին է ծառայում, այլ նաև նրա հանդեպ, որ երեք տարի առաջ գնված ապրանքը դեռ շարունակում է ծառայել իր նպատակին: Ծրագրի հաջողությունը թափանցիկությունն է, փուլ առ փուլ մանրամասն ֆինանսական հաշվետվությունը: Ծրագրի հաջողության մեջ իրենց դերն ունեն նաև այն սպաները, որոնց հետ ես աշխատում եմ, քննարկում ու թիրախային գործում ենք: Նաև հաջողության մաս եմ համարում այն, որ ես հետամուտ եմ լինում, որ մի քանի փուլ առաջ տարված ապրանքը ծառայի իր նպատակին: Այնպես չէ, որ տարանք, տվեցինք և վերջ, մեր գործը համարում ենք ավարատած: Դիրքում հետագայում այն տեսնում ենք, հասկանում ենք, թե ինչ օգուտ է տալիս, արդյո՞ք այդ նյութատեխնիկական սարքավորումն արդարացնում է այդ պայմաններում և այլն: Կարծում եմ, որ ծրագրի հաջողությունը բացառապես փոխադարձ վստահության և հավատի վրա է հիմնված:
–Իսկ եղե՞լ են այնպիսի դեպքեր, երբ փորձեն խոչընդոտել Ձեր աշխատանքը, թեկուզ՝ իշխանության կողմից (թե´ ներկայիս, թե´ նախորդ)։
-Այո՛, եղել են: Քանի որ ես այս գործում այլ աշխատելաոճ եմ որդեգրել՝ առավելագույնս թափանցիկություն, որոշ մարդկանց դա դուր չէր գալիս: Այս կամ այն կերպ փորձ էին անում խանգարել, բամբասել, ընդհուպ հասնել նրան, որ չէին թույլատրում իմ ֆեյսբույքան էջում տեղադրեմ նյութատեխնիկական սարքավորումների նկարները կամ դիրքերից անվտանգ նկարներ: Իսկ դա իմ թափանցիկության մի մասն էր։ Նախկին իշխանությունը չնկատելու էր տալիս մեր աշխատանքը, իսկ իշխանության համակրանքը վայելող որոշ անձինք ամեն կերպ խոչընդոտում էին, գտնում էին ծրագրի բարերարներին, չարախոսում: Անգամ եղավ մի դեպք, երբ բարերարը դադարեցրեց փոխանցում կատարել, իսկ վեց ամիս հետո կրկին վերադարձավ, քանի որ զգացել էր, որ ընդամենը չարախոսել են, որպեսզի իրենց փոխանցեն գումարը, որի համար անգամ հաշվետվություն չեն ներկայացրել: Ի դեպ, հիմա էլ հարթ չի անցնում ամեն ինչ: Հիմա էլ կան որոշակի խնդիրներ, բայց պետք է խոստովանեմ, որ այլևս այն խանգարողները չկան:
–Գիտեմ, որ շատ լավ կապի մեջ եք դիրքապահ զինվորների հետ, իրենք ի՞նչ են խոսում, ինչպիսի՞ տպավորություններ են ունենում, երբ մի նոր նյութատեխնիկական միջոց եք հասցնում իրենց:
-Այդ նյութատեխնիկական սարքավորումները հենց դիրքապահ զինվորները զգում են իրենց , այսպես ասած, մաշկի վրա: Դա մի քանի նիշով բարձրացնում է թե անվտանգության և թե առողջության պահպանման պայմանները: Նրանք միշտ շեշտում են, թե ինչ կարևոր է ծրագիրը, քանի որ ծրագիրը, բացի կոնկրետ քայլեր անելուց, նաև , այսպես ասած , առաջին քայլերն է անում և օրինակ ծառայում մնացած բոլոր դիրքերի համար նույնպես նմանատիպ նյութատեխնիկական սարքավորումներով ապահովելու համար: Մարդիկ տեսնում են, որ այն էֆեկտիվ է, փորձում են միջոցներ կամ այլ հովանավորներ փնտրել և դիրքը համալրել սարքավորումներով: Ամեն այց դիրք հզոր դրական էներգետիկ դաշտ է ապահովում տղաների համար: Իսկ բարերարների շնորհիվ ծրագրով գնված նյութատեխնիկական սարքավորումները շատ ավելի օգտակար են լինելու ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ և հենց այդ ժամանակ կարող են բազմաթիվ կյանքեր փրկել:
– Վերջում ի՞նչ կասեք դիրքապահ տղերքին ու ծրագրի աջակիցներին:
-Դիրքապահ տղերքին միշտ ասում եմ, որ զգոն լինեն, աչալուրջ, երբեք էմոցիաներով չառաջնորդվեն իրենց ծառայության և ոչ մի փուլում, միայն ու միայն հաշվարկված քայելով: Իսկ բարերարներին ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ արդեն երեք տարի ամեն ամիս կամ տարին մեկ անգամ այս հզոր գործին նվիրատվություն են կատարում: Եվս մեկ անգամ կխնդրեի աշխարհասփյուռ հայությանը, որ մասնակից լինեն «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին, միանան մեր հզոր գործին ու անձամբ ականատես կլինեն, թե անկեղծ, հայրենասեր մարդիկ ինչպիսի հզոր գործ են անում: Եվ ինչպես միշտ ենք ասում մեր նշանաբանում՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Մերի Մանուկյան
2-րդ կուրս