ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ «ԹՈՒՄԱՆՅԱՆԸ` ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ ՆՇԱՆԱՎՈՐԵՑ ԳՐՈՂԻ ...

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ «ԹՈՒՄԱՆՅԱՆԸ` ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ ՆՇԱՆԱՎՈՐԵՑ ԳՐՈՂԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

6218

Սեպտեմբերի 11-20-ը  Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում ցուցադրվելու են Հովհաննես Թումանյանի լուսանկարները՝ «Թումանյանը` լուսանկարիչ» խորագրի ներքո։  Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որոնցում պատկերված են հիմնականում իր ընտանիքի անդամները։

Ամենայն հայոց բանաստեղծի նախասիրություններից է եղել լուսանկարչությունը: Տիկնոջ` Օլգայի վկայությամբ առաջին լուսանկարչական սարքը ձեռք է բերել 1896 թվականին: Ունեցել են երեք սարք, որոնցից ոչ մեկը չի պահպանվել: Լուսանկարում էր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, «Վերնատան»  հավաքույթները, տեսարաններ, որոնք երևում էին պատուհանից:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց մի քանի լուսանկարներ․ «Հետաքրքիր է Թումանյանի կրտսեր դստեր`Թամար Թումանյանի լուսանկարը: Այս լուսանկարում նա այն հագուստով է, որով այցելել էր հորը Մետեխ բանտում»։ Տնօրենն առանձնացրեց նաև բանաստեղծի մյուս դստեր՝ Անուշ Թումանյանի լուսանկարը: Անուշը շատ է սիրել լուսանկարվել, գրել է նաև ստեղծագործական պատառիկներ, որոնք թանգարանը նախատեսել է հրատարակել: Թումանյանը ոչ միայն ընտանիքի անդամներին է լուսանկարել, այլ նաև նրանց, ում   հետ շփվել է:

Ցուցադրությունը բաղկացած էր երկու մասից: Երկրորդ հատվածում  «Արմենպրես»  լրատվական գործակալությունը  ներկայացրեց ցուցանմուշներ, որոնք արխիվային լուսանկարներ էին: «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ասաց, որ ցուցադրվել են պահպանված նմուշներ, որոնք  «Արմենպրեսը» պատրաստել էր բանաստեղծի 100-ամյակի առթիվ. «Նպատակ ունենք ցուցադրությունը  տանել Դսեղ: Եթե հաջողվի  համանման մի ցուցադրություն էլ Կոմիտասի 150-ամյակի առթիվ կկազմակերպենք ու կցուցադրենք Թբիլիսիի Թումանյանի տանը, որտեղ Թումանյանն ու Կոմիտասը հաճախ են հանդիպել»,- եզրափակեց «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:


Էլիզա Գրիգորյան
2-րդ կուրս

Կիսվել