Սեպտեմբերի 26-ին ԵՊՀ ժունալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Արաբական Ծոցի Աստուածաշնչային Ընկերութեան ընդհանուր քարտուղար, դոկտոր Հրայր Ճէպէճեանի «Սփյուռքահայ կեանքեր՝ ինչպէս որ տեսայ» գրքի շնորհանդեսը։ Հեղինակն անդրադարձել է հայկական այն գաղթօջախներին, որտեղ անձամբ է եղել։ Այս գիրքը ճանապարհորդությունների ծնունդ է։
Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն լավ ճանաչել հայրենիքը, հայրենիքի մտավորականներին, երևելի անհատներին, այլ նաև Սփյուռքի այն հզոր անհատներին, որոնց գոյությամբ Սփյուռքը շարունակում է գոյատևել․ «Սփյուռքը խարսխվում է բացառիկ հզոր անհատների ուսերին, և այդ բացառիկներից մեկը՝ դոկտոր Ճէպէճեանն է»,-նշեց Նաղաշ Մարտիրոսյանը։
Նոր
մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը նշեց, որ սփյուռքահայ գրականությունը և հրապարակախոսությունը
վերջին երեք տասնամյակներին՝ Հայաստանի անկախացումից հետո, ուշագրավ զարգացումներ է
ապրել. այս առումով դոկտոր Ճէպէճեանի վերջին գիրքը նշված զարգացումների արտահայտություններից
մեկն է սփյուռքահայ հրապարակախոսության մեջ։Նա նկատեց, որ գրողի ստեղծագործական
աշխարհում առանձնանում են երկու հիմնարար արժեքներ՝ քրիստոնյա մարդու դավանանքը և հայի
տեսակը։ Հոդվածներում սրանք ընթանում են ձեռք ձեռքի տված և ընթերցողին համակում իրենց
ոգեղեն ներկայությամբ։
Պետրոսյանի դիտարկումներից մյուսն այն էր, որ հոդվածների զգալի
մասը, որոնք կարելի է բնութագրել որպես ճամփորդական նոթեր, աշխարհագրական մեծ ընդգրկում
ունեն և սոսկ տպավորություններ չեն, այլ ազգային ինքնաճանաչողության հետաքրքրիր դրվագներ։ Դրանցից յուրաքանչյուրը գալիս է լրացնելու
մեր՝ իբրև հայի տեսակի ինքնատիպ հոգեմտավոր պատկերը։ Ճէպէճեանի հերոսները հիմնականում օժտված են նպատակին մինչև
վերջ հետամուտ լինելու համառությամբ, մի հատկանիշ, որն այնքան անհրաժեշտ է Սփյուռքում
կործանման եզրին կանգնած մեր հայրենակիցներին։
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ով վաղուց է ճանաչում է դոկտոր Ճէպէճեանին, գրքի վերաբերյալ նշեց, որ երբ ընթերցողը ծանոթանում է ակնարկներին, տպավորությունն այնպիսին է, թե դրանք զուտ ակնարկներ չեն, այլ դիտարկումներ սփյուռքահայ այս կամ այն համայնքի իրավիճակի վերաբերյալ։ «Կա պայքար, մտորումներ կան, կա լուրջ մտահոգություն, թե ինչ է լինելու մեր սփյուռքահայ համայնքների հետ։ Հեղինակը սկսում է այդ ակնարկները 2011 թվականից՝ պատճառաբանելով, որ 2011 թվականը Արաբական աշխարհի «թավշյա հեղափոխությունների շրջանն էր, և դա, բնականաբար պետք է անդրադառնար հայ համայնքի կյաքնի վրա»։ Գրեթե չկա Սփյուռքի որևէ համայնք, որտեղ նա եղած չլինի։ Դոկտորի գիրքը մեծ ձեռքբերում է և տեղեկատվական կարևոր աղբյուր ոչ միայն սփյուռքահայության, այլև Հայաստանում բնակվող յուրաքանչյուր հայի համար»,-նշեց Աշոտ Մելքոնյանը։
Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը նույնպես իր կարծիքը հայտնեց գրքի վերաբերյալ: Նա նշեց, որ գիրքը բազմաշերտ է․ որքան ուզում ես բացել որևէ շերտ, միևնույն է, չի բացվում մինչև վերջ, որովհետև հետաքրքիր դիտարկումներ կան, որտեղ հեղինակը զուգահեռներ է տանում մեր անցյալի, ներկայի և ապագայի միջև։ «Մենք տեսնում ենք հայ մարդու այն տեսակը, որը հզոր է և իր տեսակին հավատարիմ։
Բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանն էլ հավելեց, որ գրքում ներկայացված են ոչ միայն մեզ ծանոթ հայկական համայնքները, այլև այնպիսի համայնքներ, որոնց մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք: Այստեղ կարելի է գտնել բարոյագիտական, կրոնագիտական, աստվածաբանական, պարզապես ուղեգրական, ընտանեկան հուշեր, այնպես որ շատ ավելի լայն ընդգրկում ունեն. «Որոշ պատմություններ, հատկապես ընտանեկան հուշերից, նմանվում են գեղարվեստական գործի`նովելի: Մեկը բժիշկ Արամ մուստաֆայի պատմությունն է, մյուսը՝ հեղինակի տատիկի եղբոր` թուրքի կողմից նահատակվելը։ Հեղինակը հեռու է այն մտավորականներից, ովքեր վարդագույն ակնոցներով են նայում սփյուռքում կամ հայրենիքում առկա իրականությանը»,-նշեց Արծվի Բախչինյանը:
Եվ վերջում դոկտոր Հրայր Ճէպէճեանն իր ասելիքն ուղղեց ներկաներին: Նշեց, որ շուրջ 30 տարի ճանապարհորդել է, և յուրաքանչյուր գաղութում, որտեղ եղել է, առաջինը զգացել է ցեղասպանության ահավորությունը: Եթե խոսում ենք Սփյուռքից, ապա մեծ մասը ցեղասպանության արդյունքն է: Եվ այստեղ է, որ հասկանում ենք՝ հայ ենք, բայց տարբեր ենք: «Ես ուրախ եմ, որ ներկաներուն մեջ ուսանողները շատ են, դա քաջալերում է ինձ։ Մենք բոլորս հայ ենք, բայց տարբեր ենք։ Մենք բոլորս տարբեր ենք, բայց օտար չենք։ Այս սիմվոլը, որ կա գրքուս շապիկին վրա, մեր գաղթօջախներն են։ Գունավոր են, քանի որ ես գունավոր եմ տեսել անոնց։ Կտեսնիք տարբեր գույներ, որոնց միացնում է մեջտեղի ծառն։ Աս ծառը մեր ազգային ինքնութեան ծառն է։ Աս ծառն է, որ մեր բոլոր տարբերությունները կմիավորե։ Իմ ամենամեծ ցավն ան է, որ ոչ բոլորը գիտցած են մեր պատմությունը։ Չկարծեք, որ մեր՝ հայերուս պատմությունը բոլորը գիտեն։ Սփյուռքը՝ Հայաստանով, Հայաստանը՝ Սփյուռքով․ աս ծառը պիտի կենդանի պահենք»,- նշեց Հրայր Ճէպէճեանը: Նա իր շնորհակալական խոսքն ուղղեց ֆակուլտետին՝ իրեն նման հնարավորություն ընձեռելու համար: Դոկտորը նաև պատասխանեց ուսանողների հարցերին և նշեց, որ մոտ ապագայում Սփյուռքի մասին նոր հոդված պիտի տպագրի։
Ի դեպ, գրքի օրինակները հասանելի կլինեն ֆակուլտետի գրադարանում։
Էլիզա Գալուստյան, Էլիզա Գրիգորյան
2-րդ կուրս