ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ․ ԼԱ՞Վ Է, ԹԵ՝ ՎԱՏ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ․ ԼԱ՞Վ Է, ԹԵ՝ ՎԱՏ

1642

Դառնալ  հաջողակ, օրն անցկացնել արդյունավետ, լինել մշտապես մոտիվացված ու դրական  օրինակ  ծառայել մյուսների համար. սրանք հատկանիշներ են, որոնց ձգտում է ժամանակակից մարդը: Դրանց հասնելու ուղիներից մեկն էլ կոմֆորտ զոնայից` հարմարավետության գոտուց դուրս գալն է:  Իսկ որն է կոմֆորտ զոնան:  Սա մի միջավայր է, որտեղ մարդն իրեն զգում է ապահով ու վստահ:

Մոնիկա Մուղդուսյանն ուսանող է: Ամռան երեք ամիսներն անցկացրել է  աշխատելով ԱՄՆ-ում: 20 տարեկան աղջկա համար այնտեղ ամեն ինչն  իր կոմֆորտի զոնայից դուրս էր: Ժամանակի ընթացքում ուսանողուհին հասկացել է՝  հարմարավետության գոտուց այն կողմ հրաշքներ են պատահում:

«Այնտեղ շատ առիթներ են ստեղծվում, որ  կոմֆորտ զոնայից դուրս գաս: Սկսեցի  չվախենալ նոր երեւույթներից, որովհետև տեսա, որ ամեն ինչի հետևում ինչոր լավ բան կա»:

Անձնային աճի խորհրդատու Գոռ Հովհաննիսյանը վստահեցնում է՝ կոմֆորտ զոնայից այն կողմ սթրեսն է:  Ըստ նրա՝  նոր երեւույթների հանդեպ վախը մեզ մոտ ձևավորվում է դեռ մանկուց: Այն հաղթահարելը կարևոր է, քանի որ  կարողանում ենք կիրառել մեր գիտելիքներն աշխատավայրում, անձնական կյանքում: Խորհրդատուն վստահ է՝  կոմֆորտ զոնայից ոչ թե պետք է դուրս գալ, այլ՝ ընդլայնել այն:

«Այդ գործընթացը պետք է կատարվի աստիճանաբար փորձեք ամեն տարի ընդլայնել կոմֆորտ զոնան 20 տոկոսով,  քանի որ միանգամից 100 տոկոսի դեպքում շատ շուտ հետ կգաք նախկին վիճակին»,-նշում է նա:

Հոգեբան Հայկ Բաղդյանը նույնպես  խորհուրդ է տալիս առաջ գնալ փոքր քայլերով. «Միանգամից եթե փորձենք դուրս գալ կոմֆորտ զոնայից, բնականաբար տագնապայնությունը կմեծանա: Պետք է քայլ առ քայլ ընդառաջ գնալ վախերին:

Հիշեք նաև, որ օրգանիզմը  պետք է մշտապես սթրեսի չենթարկել, նաեւ կարեւոր է բալանսավորված հանգիստը: Երբ մենք ծուլանում ենք ինչոր բան անել, մեր փոխարեն դա անում է օրգանիզմը որպեսզի հանգստանա»:

Հարմարավետության գոտին ընդլայնել կարող եք սկսել հենց այսօրվանից․ փոխեք տուն գնալու մշտական ճանապարհը, փորձեք փոքրիկ զրույց ունենալ խանութի աշխատողի հետ, ավելի ինքնավստահ լինելու համար գրքեր ընթերցեք ու վերջում մի´ մոռացեք  ամեն փոքրիկ քայլից հետո ինքներդ ձեզ շնորհավորել:

Արփի Շահինյան

3-րդ կուրս

Կիսվել