«Ես լավ եմ հիշում ռումբերի պայթյունների ու հրթիռների ձայները, հաճախ հենց դրանց...

«Ես լավ եմ հիշում ռումբերի պայթյունների ու հրթիռների ձայները, հաճախ հենց դրանց ձայնից եմ արթնացել». Սեթրակ Արփի

1582

2003 թվականին սկսվեց Իրաքի պատերազմը և առաջին հնարավորության դեպքում Արփիի ընտանիքը լքեց երկիրն ու եկավ Հայաստան: Ծնողների միակ նպատակը Հայաստան գալն էր: Քանի որ ծնվել և մեծացել էին Իրաքում` հայրենիքից հեռու, իրենց առաքելությունն են համարել երեխաներին Հայաստանում մեծացնելը, որպեսզի թույլ չտան, որ նրանք էլ ապրեն հայրենիքի կարոտով կամ հեռանան իրենց արմատներից:

«Երբ նոր էինք եկել, դժվարություններ շատ կային. ես տեսնում էի, թե քույրս ինչ դժվարությամբ էր նոր շրջապատին հարմարվում, ծնողներիս համար բարդ էր աշխատանք գտնելը: Շատ իրաքահայերի եմ ճանաչում, ովքեր Հայաստան գալով չեն կարողացել հարմարվել, անգամ չեն փորձել լուծում գտնել, թողել ու հեռացել են: Եթե կա դժվարություն, ապա այն հաղթահարելու ուղիներ ևս կան,- ասում է Արփին»:

Ընտանիքում միշտ հայերեն են խոսել, մայրը հայերեն հեքիաթներ է կարդացել ու հայրենասիրական երգեր երգել: Հիշում է` երբ 5 տարեկան էր, հայրիկի հետ Դրոյի երգն էին երգում ու բոլորը զարմանում էին, ինքն էլ մտածում էր, թե ինչ կա զարմանալու: Քանի որ տանը արևմտահայերեն են խոսել, նրա համար դպրոցում դժվար է եղել արևելահայերենով դասերը սովորելը, բայց ժամանակի ընթացքում, ուսուցիչների օգնությամբ կարողացել է հաղթահարել իր առջև դրված փորձությունը: Արփին փոքր է եղել ու չի զգացել, թե ինչ բան է արտերկրում ապրելը, բայց ապրելով Հայաստանում` տեսնում է, թե ինչ ուրախություն ու փայլ կա ծնողների աչքերում: Իրեն բախտավոր է համարում ու շնորհակալ է ծնողներին, որ իրեն ուրիշ երկիր չեն տարել: Ապագան Հայաստանում է տեսնում. ասում է, որ իրեն ոչ լիարժեք կզգա հայրենիքից հեռու, որովհետև հայրենիք ասելով հասկանում է իր ընտանիքը, ընկերներն ու շրջապատը: Ցանկանում է ուսումը շարունակել արտասահմանում, բայց վերադառնալու ու ստացած գիտելիքները այստեղ կիրառելու նպատակով:

Նրա կարծիքով` Հայաստանը վատաբանելով ու հեռանալով ոչ մի հարց չի լուծվի. «Ամեն մեկս պետք է աշխատենք, որ ավելի լավը դարձնենք մեր հայրենիքը, չեմ ընդունում այն, որ մարդիկ ուրիշ երկրներում ապրելով գոռում-գոչում են, որ հայ են, պետք է գործով ապացուցել: Երկիրը պահողը երկրում ապրողն է,- իր խոսքը եզրափակեց Արփին»:

 

Անի Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել